Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Եվ հոգում՝ Գանձասարի ղողանջող զանգը…»

Մարտի 4, 2023
Սոցիում
«Եվ հոգում՝ Գանձասարի ղողանջող զանգը…»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
332
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կան մարդիկ, ովքեր իրենց կենդանության օրոք էլ լեգենդ են ու հեքիաթային պատումի հերոս: Ինձ համար  մեր օրերի Օհան Ամին էր Արցախ (Դալտոն) Ասլանի Բունիաթյանը, ում ծանոթ էի դեռեւս Արցախյան շարժման առաջին օրերից Ազատության հրապարակում, եւ ում մասին հետո ավելին իմացանք:

1955 թ. Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի բանտում վախճանվել էր հայ ժողովրդի Մեծ զավակը՝ Գարեգին Նժդեհը, ում հուղարկավորել էին ինչպես հարյուրավոր հանգուցյալների՝ առանց որեւէ սգո ծիսակարգի` Վլադիմիրի քաղաքային գերեզմանոցում: 1983 թ. լեզվաբան, պրոֆեսոր Վարագ Առաքելյանը մի խումբ համախոհների հետ որոշում է Հայաստան տեղափոխել Նժդեհի աճյունը: Այդ դժվարին առաքելությունը կատարում է Նժդեհի թոռնուհու ամուսինը՝ Պավել Անանյանը՝ փնտրում-գտնում է գերեզմանը, հետո վերադառնում Երեւան: Ի դեպ, Պ. Անանյանը որոշ ժամանակ ռուսաց լեզու դասավանդեց Քաշաթաղի շրջանի Սոնասար գյուղի Ս. Կյուրեղյանի անվ. միջնակարգ դպրոցում։ Վ. Առաքելյանի համախոհների խմբում էր նաեւ Դալտոն Բունիաթյանը, ով հետագայում Վ. Առաքելյանի կնքահայրությամբ Սբ Էջմիածնում անվանափոխվում է Արցախ:

Արցախ Բունիաթյանին առավել ճանաչեցի, երբ 1996 թ. տեղափոխվեցի Արցախի Քաշաթաղի շրջան ու բնակվեցի շրջկենտրոն Բերձորում: Նա այդ ժամանակ արդեն հիմնել եւ ղեկավարում էր Քաշաթաղի շրջանային բուժմիավորումը, որը 2016-ից կոչվում էր նրա անունով: 2019-ի աշնանը բուժմիավորումը տեղափոխվեց նորակառույց շենք, որն ապահովված էր բոլոր սարքավորումներով, գույքով։ Մուտքի մոտ Արցախի կիսանդրին էր։ Այսօր դատարկ է հիվանդանոցի շենքը, Քաշաթաղի շրջանը կրկին գերության մեջ է։ Իսկ 1996-ին նորաստեղծ շրջանի համար ամենակարեւոր հիմնարկություններից էր բուժմիավորումը: Արցախյան գոյամարտի ողջ շրջանում Մարտակերտի շրջանի դաշտային հոսպիտալներում ծառայած ռազմական բժիշկն Աբովյան քաղաքում՝ տանը, քիչ մնաց, վերադարձավ Արցախի Քաշաթաղի շրջան, որն այն ժամանակ ուներ շատ մասնագետների ու նվիրյալների կարիք: Քաշաթաղում հաճախ հանդիպելով ու շփվելով Արցախի հետ, ծանոթացա նաեւ այն խմբի անդամներին, ովքեր ձեռնարկել էին Նժդեհի մասունքների «վերադարձը» հայրենիք: Այդ առիթով Արցախը գրել էր «Նժդեհի վերադարձը» գիրքը: Իհարկե, այն ժամանակ խորհրդային ՊԱԿ-ը եթե իմանար հանդուգն արարքի մասին, բոլորը կենթարկվեին պատասխանատվության, միգուցե՝ ծանր ճակատագրի: Մոտ 4 տարի արկղի մեջ դրված ոսկորները պահվել են Գուրգեն Արմաղանյանի, ապա Վարագ Առաքելյանի տների նկուղներում: Ի վերջո, որոշվում է մասունքները հուղարկավորել Խուստուփ լեռան լանջին: Մի առիթով Նժդեհն ասել էր. «Երբ ինձ սպանված տեսնես՝ դիակս թաղիր Խուստուփի ամենաբարձր կատարին, որ ինձ երեւան եւ՛ Կապանը, եւ՛ Գնդեվազը, եւ՛ Գողթանը, եւ՛ Գեղվաձորը…»: 1987 թ. հոկտեմբերի 7-ին՝ ԽՍՀՄ Սահմանադրության օրը, Նժդեհի մասունքները Կապան են տանում պրոֆեսոր Վ. Առաքելյանը, վիրաբույժ Արցախ Բունիաթյանը, մաթեմատիկոս Գարեգին Մխիթարյանը, նկարիչ Ժորա (Գեւորգ) Բարսեղյանը եւ գորիսաբնակ դասախոս Անդրանիկ Կարապետյանը։ Նրանք զորավարի գոտկատեղի առաջին ողը (այս մասին տեղեկացրեց արարողության մասնակիցներից Ժորա Բարսեղյանը) ամփոփում են Խուստուփի լանջին, Կոզնի աղբյուրից մոտ 50 մ հեռավորության վրա: Հետագայում, երբ արդեն քաշաթաղցիներով՝ Արցախ Բունիաթյանի հետ, այցելում էինք Նժդեհյան սրբավայր, հանդուգն արարքը կատարողներից էլ իմացա. պատմում եւ հիշում էին: Ա. Բունիաթյանը պատմեց՝ մեծ դժվարությամբ էին հաղթահարել ճանապարհը եւ հասել նախատեսած վայր։ Հուղարկավորումից հետո էլ երդվել են՝ յուրաքանչյուր տարի՝ հոկտեմբերի 7-ին, լինել Խուստուփյան սրբավայրում։ Ունեին իրենց կարգախոսը՝ «Եթե չգանք, ուրեմն՝ չկանք»։ Օրեր անց հայր Աթանաս վարդապետն օծել է եւ հոգեւոր այլ արարողություններ կատարել սրբավայրում։ 1996-ից երկար ժամանակ Քաշաթաղի հոգեւոր հովիվն էր հայր Աթանասը՝ Արցախի մտերիմ ընկերը:

«Հայր Աթանասի ձայնը զրնգում էր գիշերային Խուստուփի մառախլապատ լանջերին, – պատմում էր Արցախը,- անձրեւային եղանակ էր, եւ բոլորս արտասվում էինք. կատարել էինք Նժդեհի պատգամը»: Ժ. Բարսեղյանը տեղեկացրեց նաեւ. «Այդ տարի հայր Աթանասը նաեւ Ստեփանի երեխաներին կնքեց, Վ. Առաքելյանն էլ կնքահայր դարձավ։ Ստեփանը մեր Խուստուփի առաջին եւ եզակի մտերիմն էր…»։ Բնական է, այն ժամանակ նման արարողությունների միայն եզակիների կարելի էր հրավիրել։ Նժդեհի մնացած մասունքները հուղարկավորված են Վայոց ձորի Սպիտակավոր եկեղեցու բակում:  Արցախ Բունիաթյանը 1996-2008 թթ. ղեկավարեց Քաշաթաղի շրջանային բուժմիավորումը: Այդ ժամանակ բազում վիրահատություններ կատարեց: Պատերազմի հետեւանքով տարածքում շատ ռազմամթերք էր մնացել, որի պատճառով հաճախ էին դժբախտ պատահարներ տեղի ունենում: Ռազմական փորձ ունեցող բժիշկը նաեւ այս ընթացքում էր իր գործը կատարում: Բուժմիավորումում ծնվող երեխաները նրա պահանջով անպայման հայեցի անուն պետք է կրեին: Քաշաթաղի շրջանի հանրակրթական դպրոցներում հետագայում սովորում էին Նժդեհ, Մոնթե, Արցախ անուններով պատանիներ, ովքեր հետագայում դարձան իրենց անվանակիրների իսկական հետնորդները: Արցախ Բունիաթյանը բժիշկ էր, սակայն նաեւ հայտնի էր իր գրական կյանքով: Բացի Նժդեհի վերադարձին նվիրած գրքից, տարիների ընթացքում լույս տեսավ նրա հեղինակած ութհատորյակը՝ նվիրված 1992-95 թթ. դաշտային հոսպիտալում ծառայած շրջանին:

Յուրաքանչյուր օր ծանր մարտեր էին ընթանում Մարտակերտի շրջանում, հատկապես 1992 թ. ամռանից սկսած: Եվ յուրաքանչյուր օր հարյուրավոր վիրավորներ էին բերում հոսպիտալ: Սկսվում էր կռիվ մահի դեմ: Յուրաքանչյուր փրկվողի հետ ապրում էին հոսպիտալի բժիշկները, մահացողի հետ… մահանում: Այդ ծանր օրերի մասին է գրել Արցախ Բունիաթյանը, գրել է հազարավոր քաջորդիների մասին, նկարագրել հայրենի Մարտակերտի բնությունը եւ ցավով պատմել  պատերազմի, ավերվող բնության ու մարդկային հոգիների մասին: Նաեւ տեղի ունեցած անարդարություններին է անդրադարձել: Բժիշկ-ազատամարտիկ-գրող-հրապարակախոս-քաղաքական, հասարակական գործիչ Արցախ Բունիաթյանը մեծ ժառանգություն է թողել այդ օրերին գիշերները մոմի, հաճախ լուսնի լույսի տակ գրած օրագրով։ Այն դարձել է հանրագիտարանային ութհատորյակ։ «Արյունոտ օրեր» գրքի 1-3-րդ հատորները լույս տեսան 2000 թ., 2001 եւ 2003 թթ.։ 4-րդ հատորը կոչվում է «Արյան գինը»՝ 2007 թ.։ «Դաշտային հոսպիտալ» է կոչվում հերթական հինգերորդ հատորը, որը լույս տեսավ 2009-ին եւ պատմում է 1994 թ. Մարտակերտում եւ Օմարում տեղի ունեցած մարտական ու այլ իրադարձությունների մասին։ Առավել ուշագրավ անվանում ունի 2011-ին լույս տեսած 6-րդ հատորը՝ «Օր, վաղն ի՞նչ գույն ես ունենալու…»։ Մտահոգ է բժիշկ-գրողը. տեսնես դարձյալ արունո՞տ է լինելու օրը։ Ինչ մեծ սիրով է նկարագրում հայրենի երկրի գարունը, որը, ցավոք, արյունոտ էր, ռումբերի պայթյուններով լի։ Նույն թվականին վերահրատարակվեց «Նժդեհի վերադարձը»։ Օրագրի վերջին հատորն է «Հուշագրությունը», որը սրբագրվել է իմ կողմից։

Արցախը նաեւ բուժել է իմ մարտական ընկերներին, որոնց միջոցով նույնպես, մինչ Բերձոր տեղափոխվելը, գիտեի նրան: Որպես բժիշկ՝ հաճախ ավելի շատ բուժում էր իր բարությամբ, խորհուրդներով, քան դեղերով: Հիմնականում սիրում էր ըմպել իր ասելով` «Արեւային հեղուկը»՝ արցախյան թթի օղին։ Ծանր հիվանդությունը 2012 թ. մեզանից տարավ Արցախ Բունիաթյանին, ով ՀՀ եւ ԱՀ կառավարությունների, տարբեր գերատեսչությունների կողմից արժանացել էր բազում պարգեւների։ 1994 թ. դեռ պատերազմ էր ընթանում, երբ Ա. Բունիաթյանն արժանացավ «Մայրական երախտագիտություն» մեդալի։ 1998-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մխիթար Հերացի» մեդալով, իսկ 2000-ն՝ ԱՀ նախագահի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, այլ մեդալներով։ 2008-ին ԱՀ նախագահի հրամանագրով Ա. Բունիաթյանին շնորհվել է վաստակավոր բժշկի կոչում։ Սակայն կառավարական ու գերատեսչական բոլոր պարգեւներից առավելը բժշկի համար կարեւոր էր հենց ժողովրդի, իր կողմից նոր կյանք ստացած հարյուրավոր ազատամարտիկների տված կոչումը՝ ԲԺԻՇԿ։

Ծնվել է ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում 1939 թ. մարտի 2-ին։ Կրթություն ստացել է տեղի միջնակարգ դպրոցում։ 1950-ին նրանց ընտանիքը տեղափոխվել է Արմավիր (նախկին՝ Հոկտեմբերյան) քաղաք։ Հայրը` Ասլան Բունիաթյանը, Աշտարակի շրջանի Կոշ գյուղից էր։ 1956 թ. ավարտել է Արմավիրի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ 1959-1965 թթ. ուսանել է Երեւանի բժշկական ինստիտուտի բուժական բաժնում։ 1965-1968 թթ. վիրաբույժ աշխատել է ՌԴ Ցելինոգրադի մարզի Ադբասարի քաղաքային հիվանդանոցում։ Հայաստան վերադառնալուց հետո աշխատել է Լենինականի երկաթգծի, իսկ 1968-ից՝ Աբովյանի շրջանային հիվանդանոցներում։ Արցախյան շարժման Աբովյան քաղաքի ակտիվ անդամներից էր։ 1990 թ. ընդունվել է ՀՅԴ շարքերը։ 1992 թ., Աբովյանում թողնելով մորը, կնոջը եւ 3 անչափահաս դուստրերին, մեկնել է Արցախ եւ ծառայության անցել դաշտային հոսպիտալում։ Ամուսնու համար մեծ թիկունք ու ընկեր է եղել կինը՝ արդեն երջանկահիշատակ Սոնա Հովեյանը, ով երկար ժամանակ տնօրինում էր Բերձորի քաղաքային գրադարանը, եւ ում ջանքերով տպագրվեցին Արցախի գրքերը։ Եռաբլուրում է ննջում Բժիշկը, ով այս աշխարհ էր եկել կարեւոր առաքելությամբ, որի ինչ-որ մասն իրականացրեց ու մեզ հետ մնաց իր բարի անվամբ, խոնարհ բնավորությամբ, քաղցր հուշերով։ Տարիներ առաջ Իգնատ Մամյանը «Եվ հոգում՝ Գանձասարի ղողանջող զանգը…» վերնագրով բաց նամակում՝ ուղղված Ա. Բունիաթյանին, գրում է. «…Իսկ դու եւ քո նմանը եկեղեցի կառուցելու անհրա­ժեշտություն չունեք։ Դու եւ քո նմանը եկեղեցին կրում եք ձեր մեջ՝ հավիտյան լցված ոգու պայծառ լույսով ու ազգային պատմության հիշա­տակների սրբազան խնկահո­տով։ Երանի՜ քեզ ու քո նման­ներին, որ Տաճար եք մտնելու հավատակիր քրմերի պես մաքուր ու պայծառ աչքերով, եւ հոգիներիդ մեջ Գանձա­սարի ղողանջող զանգը…»։

Թեգեր: ԱրցախԱրցախ-Դալտոն ԲունիաթյանԲերձոր
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Վիշապը գիտի մեր ցավոտ կետերը, նրա ամենամեծ զենքերից մեկը զրպարտությունն է

Ինչպես էին փորձում ջարդել Արցախի ողնաշարը

Ինչպես էին փորձում ջարդել Արցախի ողնաշարը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist