Աբովյան քաղաքում Վազգեն Սարգսյանի ծննդյան 64-ամյակի առթիվ հետաքրքիր ու խորհրդանշական միջոցառում կայացավ 3 կազմակերպությունների նախաձեռնությամբ։ ՀՀ երկրապահ կամավորականների միությունն արդեն 30 տարվա պատմություն ունի եւ հիմնադրվել է Սպարապետի կողմից։ «Միհր» ռազմամարզական ճամբարը հիմնվել է 2020 թ. դեկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի թոհ ու բոհով անցած Գոռ Մանուկյանի եւ զինակիցների ջանքերով։ Ճամբարն այժմ ունի տարածք, եւ յուրաքանչյուր ուրբաթ-շաբաթ-կիրակի օրերին այնտեղ մարզումներ են անցկացնում հիմնականում Կոտայքի մարզի տարբեր բնակավայրերի պատանիներ։ «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցը Սամսոն Մուրադյանի կողմից հիմնվել է դարձյալ 44-օրյա պատերազմից հետո եւ գործում է Երեւանում։ Դպրոց կարող են ընդունվել 7-17 տարեկան տղաներ ու աղջիկներ։
Եվ ահա, 30-ամյա կառույցի Աբովյանի բաժանմունքի նախագահ Սուրեն Աղոյանն ու փոխնախագահ, մայոր Արմեն Սեդրակյանը որոշեցին Սպարապետի ծննդյան օրվան նվիրված միջոցառումն իրականացնել «Միհրի» եւ «Ապագա զինվորի» հետ: Սիրով միացան նախաձեռնությանը եւ միասին իրականացրեցին «Իմ կողքինը ես եմ» խորագիրը կրող շքերթ-փառատոնը, որի վերջնական արդյունքը բոլորի հաղթանակն էր տարբեր վարժանք-խաղերում։ Ներկա էին Արցախյան առաջին գոյամարտի մասնակից-ազատամարտիկներ, «Հանուն սահմանի» ՀԿ հիմնադիր-նախագահ Հովհաննես Մարուքյանը, «Միասնության դրոշ» ՀԿ նախագահ Արա Շահինյանը, «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ Կարո Կարապետյանը, ծնողներ, հյուրեր։ Սկզբում ԵԿՄ Աբովյանի տարածքային բաժանմունքի մոտ Ա. Սեդրակյանը Ս. Աղոյանին զեկուցեց՝ պատանիները պատրաստ են շարային քայլով շքերթին։ Ս. Աղոյանը ողջունեց պատանիներին՝ ապագա զինվորներին եւ շնորհավորեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ։ Դրոշակակիր աղջիկները, ովքեր կրում էին ՀՀ, ԱՀ Եռագույնները եւ ԵԿՄ դրոշը, անցան շարքի սկզբից։ Այնուհետեւ ԵԿՄ տարածքում տեղակայված խաչքարի մոտ կայացավ ծաղիկների խոնարհում։ Ներկաներին ողջունեց եւ Սպարապետի ծննդյան օրվա առթիվ շնորհավորեց Արցախյան գոյամարտի մասնակից, ԵԿՄ անդամ Էդվարդ Անտինյանը։
Միջոցառման հանդիսավոր արարողակարգի երկրորդ մասը կայացավ Աբովյան քաղաքում տեղակայված Տրդատ Մեծ Արշակունի թագավորի արձանի (ճարտարապետ՝ Կառլեն Նուրիջանյան, տեղադրված` 1976 թ.) մոտ։ Փառքի հուշահամալիրում մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հերոսների անունները կրող պատերի մոտ։ Հանդիսավոր արարողակարգերից հետո արդեն ճամբարային մասում կայացավ փառատոնի երկրորդ մասը՝ կրակային մրցույթ-վարժանքներ, ինքնաձիգի փամփշտակալի լիցքավորում ու դատարկում, բազկամարտ, պարանի ձգում եւ այլն։ Այստեղ տեղադրված խաչքարերի մոտ նույնպես ծաղիկներ խոնարհվեցին՝ ի հիշատակ անմահ հերոսների։ Ըստ կազմակերպիչների նախատեսած կարգի՝ մասնակից խմբերից՝ խառը կարգով, կազմվեց 6 թիմ՝ «Հարսանիք լեռներում», «ԱՍԱԼԱ», «Մեծ Հայք», «Արաբո», «Գեւորգ Չաուշ», «Ուժեղներ»։ ԵԿՄ անդամ, Զառի «Երիտասարդ երկրապահ» ակումբի ներկայացուցիչ Էդմոնդ Հովակիմյանը եւ «Միհր» ՀԿ նախագահ Գ. Մանուկյանը մասնակիցներին ներկայացրեցին խաղերի կարգը եւ բոլորին մաղթեցին հաղթանակ, քանզի այդ նպատակով էր միջոցառումը։ Հնչեց ՀՀ Օրհներգը, եղավ լռության րոպե։ Ընթացքում թիմերը մասնակցեցին կրակային վարժանքի, ծանոթացան հրանոթի աշխատանքին, բազկամարտում, իհարկե, եղան հաղթողներ։ Առավել ուրախ ու ոգեւորիչ անցավ պարանի ձգում խաղ-մրցույթը։ Մասնակից 6 թիմերն էլ ստացան պատվոգրեր՝ ակտիվ ելույթների համար։
Գ. Մանուկյանն իր խոսքում ասաց. «Միջոցառման նպատակն այն է, որ տարբեր բնակավայրերից եկած մեր երեխաները ոչ թե մրցեն իրար հետ, այլ բարեկամանան։ Եվ այդ է խնդիրը, որ երբ կանչում էի՝ կողքինդ ո՞վ է, պատասխանում էին՝ ես եմ։ Մեր գաղափարախոսությունը դեմ է մրցույթին, անհատական հաղթանակներին ու փառքին։ Մեր նպատակի շեմն ավելի քան բարձր է. ուժեղ ես եւ հաղթանակած, երբ բոլորին հավասար կարողանում ես քեզ հետ տանել առաջ։ Մենք մեր հետ չենք կարող մրցել։ Մենք մրցում ենք Ժամանակի առաջադրանքի միասնական խնդիրներ լուծելու մեջ։ Որպես շարժիչ ուժ՝ մեր մեջ լավագույն աշակերտն ուսուցիչն է…»։ Խոսելով ազգային արժեքների, հայի արժեհամակարգի, գենի մասին՝ հավելեց. «Ազգային գաղափարախոսության հիմնաքարն արիական Հայն է։ Պետականությունը գերագույն արժեք է, եւ դրա համար պետք է Պետականություն կերտողը նույնպես իր մեջ կրի այդ արժեքը, որ Պետականությունը որպես գերագույն արժեք լինելուց մի օր չդադարի»։
Ընթացքում զրուցեցի ԵԿՄ Աբովյանի տարածքային բաժանմունքի նախագահ Ս. Աղոյանի հետ, ով արդեն 10 տարի է՝ ղեկավարում է այդ կառույցը, սակայն ԵԿՄ անդամ է 1993-ից։ Ասաց, որ այժմ բաժանմունքն ունի 320-ից ավելի անդամ, բայց շատերն արդեն 60-80 տարեկան են։ Այնուամենայնիվ՝ բաժանմունքից 50-60 հոգի այժմ էլ մասնակցում են մարտական հերթափոխի։ Արամուս գյուղից ազատամարտիկ Մհեր Վարդանյանը, ով 1992 թ. սեպտեմբերի 25-ին Լաչինի մարդասիրական միջանցքը պաշտպանելիս վիրավորվել ու կորցրել է մի ոտքը, նույնպես ԵԿՄ շարքերում է։ Բարձր գնահատեց միջոցառումը, կարեւորեց մասնակից ՀԿ-ների դերը։ Անդրադարձավ նաեւ իրենց «Կոտայք» գումարտակի պատմությանը, որը Սպարապետ Վ. Սարգսյանի հրամանով կազմավորվել է 1991 թ. եւ Վահան Մանուկյանի հրամանատարությամբ անցել մարտական հերոսական ուղի։ Ասաց, որ լավ է ճանաչել Սպարապետին, ով իր հեղինակությամբ կարողացավ ստեղծել բանակ, եւ հաղթեցինք։
ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի Զառի վաշտի հրամանատար Ջուլիետտա Սեդրակյանն ասաց, որ ունեն 30-ից ավելի պատանի երկրապահներ, որոնց կեսից ավելին աղջիկներ են, մեծ սիրով են մասնակցում մարզումներին, կան, որ ցանկանում են զինվորականներ դառնալ։ «Ապագա զինվոր» ՀԿ հիմնադիր-նախագահ Ս. Մուրադյանը շատ կարեւորեց իրենց համագործակցությունը երկրապահի հետ։ Նշեց նաեւ, որ այժմ ունեն 50-ից ավելի սաներ։ Գոհունակությամբ նշեց, որ բոլորն էլ սիրով են մասնակցում շաբաթական երկօրյա պարապմունքներին։ Առավել գոհ է իր սաների ծնողներից։ Կարեւորեց նաեւ իրենց համագործակցությունը հանրակրթական դպրոցների հետ։ Հաճախ են կազմակերպում հանդիպումներ, անցկացնում արիության դասեր։ Աբովյանում գործող «Հանուն սահմանի» ՀԿ հիմնադիր-նախագահ Հովհ. Մարուքյանը նշեց, որ իր ղեկավարած ՀԿ-ն հիմնականում սոցիալական բնույթի է։ Սահման ասելով՝ իրենք նկատի ունեն նաեւ բարոյական սահմանները, իհարկե՝ կարեւորելով հայրենիքի սահմանը, այն պաշտպանող զինվորին։ Իսկ սահման, երկիր պաշտպանող զինվորն ու հրամանատարը պետք է առաջինը լինեն բարոյապես մաքուր, կրեն հայ զինվորի արժեհամակարգը, ինչպիսին Նժդեհն էր, Անդրանիկը…
Այստեղ հանդիպեցի նաեւ նախկին քաշաթաղցի Արմեն Բաբայանին, ով այժմ աշխատում է Աբովյանի թիվ 8 դպրոցում՝ զինղեկ։ Հաշվի առնելով միջոցառման կարեւորությունը՝ իր սաներին էլ էր բերել ներկա լինելու շքերթին։ Ծառաշատ տարածքը, որտեղ կայացան վարժանք-խաղ-մրցույթները, սիրով էր տրամադրել ազատամարտիկ Կամո Գրիգորյանը, ով տեղեկացրեց, որ տեղում հաճախ են կազմակերպում ճամբարներ, մարզումներ։ Մի հատված տրամադրվել է վարժասարքերի, որտեղ հատկապես ռազմական վարժանքներ են կատարում պատանի երկրապահները։ Վերջում 3 կազմակերպությունները համոզմունք հայտնեցին, որ նման հանդիպումները կլինեն հաճախակի եւ ավելի ընդլայնված կազմով։