«Արմատներ» խորագիրն էր կրում մարտի 7-ին «Թեքեյան» կենտրոնում բացված ասեղնագործ աշխատանքների ցուցահանդեսը, որը կազմակերպել էր Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչությունը։
Սիրիահայ ասեղնագործության վարպետներ Ծովակ Գանթարջյանը, Աիդա Սանթուրյանը եւ Հուրի Իփեքճյանը գրեթե 35 տարի զբաղվել են հայկական ավանդական այս մշակույթով։ Սիրիայի պատերազմի պատճառով հայաշատ տարբեր բնակավայրերից արդեն 8 տարի է՝ տեղափոխվել են Երեւան եւ այստեղ են ստեղծագործում։ Ցուցահանդեսի բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության ղեկավար Ռուբեն Միրզախանյանը։ Ողջունելով ներկաներին՝ ներկայացրեց ասեղնագործ վարպետներին, ովքեր իրենց հետ հայրենիք են բերել պատմական Մեծ Հայքի արեւմտյան հատվածի տարբեր նահանգների ու գավառների՝ Վանի, Մարաշի, Ուրֆայի, Սվազի, Այնթապի եւ այլն, ասեղնագործության գաղտնիքները։ Կարեւորեց, որ վարպետ-ասեղնագործները, բացի ստեղծագործելուց, նաեւ ունեն սաներ, որոնց ուսուցանում են առանձնակի հմայք ունեցող այս արվեստը։ «Մեր վարպետները Հայաստան տեղափոխվելուց հետո իրենց առջեւ խնդիր են դրել զարգացնել եւ տարածել ասեղնագործությունը՝ իբրեւ ժողովրդի պատմության եւ մշակույթի անբաժանելի մաս», -իր խոսքում հավելեց Ռ. Միրզախանյանը՝ ազգային դրսեւորման փայլուն արտահայտություն համարելով ներկայացված աշխատանքները եւ բարձր գնահատելով հայ կանանց գործունեությունը։ Նշեց նաեւ, որ նույն վարպետների որոշ աշխատանքներ արտերկրի հայտնի անձանց (Հռոմի պապ, Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկել եւ այլք) անձնական հավաքածուներում են։ Սա համարեց նաեւ ազգային հպարտություն, իսկ կարեւորը՝ այս արվեստը կունենա շարունակություն, քանի որ հարյուրավոր աշակերտներ սովորում են այն։ Իրոք, այդ աշխատանքները հայոց դարավոր մշակույթի ստեղծագործություններ են, որոնց անդրադարձել է արվեստաբան Հրազդան Թոքմաջյանը՝ «Մարաշի ասեղնագործությունը» պատկերազարդ ուսումնասիրության եւ «Այնթապի ասեղնագործությունը» աշխատության հեղինակը։ Նշեց նաեւ՝ դեռեւս 1960-70-ական թթ. իրենց դասարանում սովորող սփյուռքահայ աղջիկ աշակերտների համազգեստներին եղել են ասեղնագործ գեղեցիկ տարրեր, ինչը խոսում է այն մասին, որ այս արվեստին մշտապես է տիրապետել մեր ժողովուրդը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն, հոգեշնորհ տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ողջույնի խոսքով օրհնեց ցուցադրությունը։ Նա նշեց, որ Մայր Աթոռը դարեր շարունակ եղել է հայ ազգային մշակույթի գանձարանը, որտեղ հավաքված են մեր ժողովրդի լավագույն ստեղծագործությունները՝ ասեղնագործություն, արծաթագործություն, ոսկերչություն, գեղանկարչություն եւ այլն։ Այսօր էլ Սուրբ Էջմիածնում շարունակվում են հավաքչական աշխատանքները։ Նշեց նաեւ, որ այս մշակույթի մեջ է մեր դարավոր, հազարամյա ինքնությունը, մեր գոյատեւման առհավատչյան եւ առաքելությունը որպես ազգ ու ժողովուրդ։ Դիմելով վարպետ-ասեղնագործներին՝ Աստծո օրհնությունը եւ Սուրբ Էջմիածնի գնահատանքը տվեց ու ասաց. «Այն ամենը, ինչ դուք ստեղծել եք, մեր ժողովրդի դարերի հիշողությունն է, որը փորձեցին ջնջել ցեղասպանության ժամանակ։ Փառք Աստծո, այդ հիշողությունը չջնջվեց շնորհիվ ձեզ ու բազում այլ ստեղծագործողների։ Ուրախ եմ նաեւ, որ դուք ունեք բազում աշակերտներ, ովքեր կշարունակեն մեր ազգային ասեղնագործական արվեստը՝ ավանդական ասեղնաշարը, որը եղել է հայ կնոջ առանձնահատկություններից մեկը դարեր շարունակ։ Եվ այն արմատը, որ խորագիրն է այս ցուցահանդեսի, միշտ առողջ լինի, միշտ կենսունակ լինի եւ տա բազում-բազում ծիլեր…»։
Իր խոսքում Հ. Թոքմաջյանը կարեւորեց Սիրիա երկրի դերը հայոց կյանքում, հատկապես Մեծ եղեռնից հետո եւ մինչ այժմ։ Այստեղ ցեղասպանությունից հետո հաստատված հայությունը կարողացել է շարունակել ու զարգացնել իր մշակույթը։ Ինչ վերաբերում է ցուցահանդեսի 100-ից ավելի նմուշների հեղինակներին, արվեստաբանը գովեստով խոսեց նրանց մասին, որ սիրիական պատերազմի պատճառով հեռանալով իրենց ծննդավայրերից, հաստատվել են մայր հայրենիքում եւ շարունակել ստեղծագործել։ Բանախոսը կարեւորեց նման ցուցադրությունները, որոնք հնարավորություն են տալիս ներկայացնել դարերի խորքից եկած ու նոր ծնունդ ստացած ասեղնագործությունը եւ մշակութային այլ ուղղություններ։ Նշեց նաեւ՝ եթե խզվի կապը հայ ավանդական մշակույթի հետ, կունենանք լուրջ խնդիրներ տարբեր ոլորտներում։ Ելույթներից հետո ներկաները շրջեցին ցուցասրահում, ծանոթացան ցուցադրված նմուշներին՝ սփռոցներ, բարձերի ծածկոցներ, խաղալիքներ, պայուսակներ, դեկորատիվ ու կիրառական իրեր, զարդեր եւ այլն, որոնցում հեղինակները մեծ վարպետությամբ արտացոլել են հայ ասեղնագործության նրբագեղ ու յուրահատուկ կողմերը, որոնցում հայ դարավոր մշակույթի արմատներն են։
Աիդա Սանթուրյանը ծնվել է Հալեպում՝ արմատներով մարաշցիների ընտանիքում։ Արդեն 8 տարի է՝ ստեղծագործում է Երեւանում, «Տաշիր» առեւտրի կենտրոնում ունի արվեստանոց, որտեղ աշխատում են նաեւ այլ ասեղնագործ վարպետներ։ Ասաց, որ իրենց գործերի նախշերն ինքն է նկարում։ Ցուցադրված գործերին կից նաեւ կային գրություններ՝ որը հայոց որ շրջանի ասեղնագործություն է։ Հարցրեցի՝ ինչպե՞ս են ճշտել տեղի հարցը։ Հուրի Իփեքճյանն ասաց՝ մանկության տարիներին իրենց տատերն ու մայրերն են սովորեցրել ասեղնագործել եւ պահպանել են տեղային գաղտնիքները։ Ասաց՝ այժմ էլ ինքն ու ընկերուհիներն են վարպետաց դասեր անցկացնում նաեւ իրենց տներում։ Ասեղնագործության ժողովրդական վարպետ է նաեւ Ծովակ Գանթարճյանը, ով արդեն 27 տարի է զբաղվում է այս արվեստով։ Սովորել է ինքնուրույն եւ այսօր տիրապետում է նաեւ եվրոպական կարարվեստի տարրերին։ Ցուցադրությունն ուղեկցվում էր 3 քանոնահարուհիների հնչեցրած հայ ժողովրդական պարեղանակներով։