Պատմական հիշողությունն ազգերի եւ ժողովուրդների ինքնության ձեւավորման կարեւորագույն տարրերից է։ Անցյալի մասին հիշողությունը թույլ է տալիս կապել անցյալը ներկային եւ նախանշել ապագայի զարգացման տեսլականը։ Լինում են պատմական իրադարձություններ, որոնք ուժեղ ազդեցություն են ունենում ազգի ու ժողովրդի վրա՝ միավորելով հավաքական ամբողջությունը։ Հայերիս համար, ցավոք, նման իրադարձություններից է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը, իրադարձություն, որի հետեւանքներն ու խնդիրներն առայսօր առնչվում են ժամանակակիցներիս։ Օրինաչափորեն հարց է առաջանում, թե բավարար է արդյոք ցեղասպանության հարցը մեզ միավորելու եւ ապագայի տեսլականը մշակելու համար։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանն առաջ է քաշում արժանապատիվ հիշողության գաղափարը, երբ ցեղասպանության մասին այսօրվա երիտասարդները խոսելիս ոչ միայն կտխրեն, այլեւ կհպարտանան, որ իրենց պապերը կարողացել են վերապրել։ «Վերապրելը բարոյական մեծ ներուժ պարունակող երեւույթ է։ Այն, որ տատիկս կարողացել է Վանից հասնել այստեղ, ստեղծել ընտանիք, ունենալ չորս զավակ, մեծ հերոսություն է։ Վանը գոնե պայքարել եւ հաղթել էր, իսկ այն վայրերում, որտեղ իրավիճակն ավելի վատ էր, աքսորով են անցել, դաժանություններ են տեսել, կարողացել են հաղթահարել եւ վերապրել։ Դա պետք է գնահատել եւ մաքառելով վերապրել»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց նա։ Ի վերջո, ինչ ենք հասկանում ցեղասպանություն ասելով՝ միայն զոհվելը, թե նաեւ վերապրելը։
Հ. Մարությանի համար՝ որպես ազգագրագետի, հետաքրքիր են եղել հիշողության պահպանման հետ կապված մտքերն ու առաջարկները, որոնք բարձրաձայնվել են «Ապագա հայկականը» առաջին համահայկական քաղաքացիական համաժողովի քննարկումների ժամանակ։ (Ազգագրագետ Հարություն Մարությանը «Ապագա հայկականը» նախաձեռնության «Պատմական պատասխանատվություն» փորձագիտական հանձնախմբի անդամ է)։ «Այդտեղ տեսնում ենք շուրջ 200 հոգու կոլեկտիվ միտքը, հայկական ստեղծագործ մտքի դրսեւորումները։ Որպես հետազոտող՝ կցանկանայի ուսումնասիրել այդ տեքստերը։ Վստահ եմ, որ կան լավ առաջարկություններ, լավ դիտարկումներ, որոնց վրա կարելի է աշխատել»,- ասաց նա։
Զրուցակցիս խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը շատ հաճախ մենք դիտարկում ենք Հայաստանի տեսանկյունից, մինչդեռ կա նաեւ սփյուռքը, եւ մենք պետք է հաշվի առնենք այդ հանգամանքը եւս։ Սփյուռքում բնակվող տարբեր երկրների հայազգի քաղաքացիների համար ճանաչման հարցը շատ կարեւոր է։ Նրանք այդ երկրների քաղաքացիներն են, եւ, երբ այդ պետությունների կառավարություններն ու խորհրդարանները ճանաչում, դատապարտում եւ ընդունում են պատմական ճշմարտությունը, բոլորովին այլ իրողություն է ստեղծվում օտարահպատակ հայերի համար։ Այդ հանգամանքը հնարավորություն է տալիս, որ սփյուռքահայերն ավելի ակտիվ գործեն։ Օրինակ՝ ԱՄՆ-ի պարագայում, երբ Հայոց ցեղասպանությունը ճանաչված չէր նախագահի մակարդակով, Մարությանի խորին համոզմամբ՝ Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի բացման հետ կապված դժվարություններից եւ չհաջողելու պատճառներից մեկն այն էր, որ պետությունը պաշտոնապես չէր ճանաչել։
Մեքսիկայի Սենատը փետրվարի 8-ին փաստաթուղթ ընդունեց, որով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Մեքսիկայի խորհրդարանը նաեւ հորդորեց արտաքին հարաբերությունների քարտուղարությանը՝ աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, ինչը ենթադրում է, որ այն դեռ երկրի նախագահի մակարդակով ճանաչման անհրաժեշտություն ունի։ Ի դեպ, Թուրքիան առիթը բաց չի թողել դատապարտելու Մեքսիկայի խորհրդարանի կողմից պատմական անհերքելի իրողության ճանաչումը՝ այն անվանելով «պատմությունը վերաշարադրելու փորձ՝ քաղաքական շարժառիթներով»։
Պատասխանելով այն հարցին, թե ինչով է կարեւոր Մեքսիկայի Սենատի կողմից ճանաչման հանգամանքը, Մարությանը նկատեց, որ այդ երկրում ճանաչված է այսպես ասած «Խոջալուն»։ «Երբ օտարերկրյա պատվիրակություններն այցելում են հուշահամալիր, այցն սկսում են Սումգայիթին նվիրված խաչքարի մոտից, այսինքն՝ ներկան կապում են անցյալի հետ։ Ներկայում Ադրբեջանը փորձում է հարցերը լուծել նույն ձեւով, ինչպես ավելի քան հարյուր տարի առաջ թուրքերն են արել, այն թուրքերը, որոնք կանգնած են իրենց պետականության ստեղծման հիմքում։ Շեշտում եմ, որ կոթողը նվիրված է մի երեւույթի, որը տեղ է գտել հարյուր տարի առաջ, միաժամանակ խաչքարը ցույց է տալիս կապն այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել դրանից հետո՝ 1918 թ. Բաքվի, 1920 թ. Շուշիի կոտորածները, հետո արդեն 1988-1990 թթ. Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի (Գանձակ) եւ այլն»,- մանրամասնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը՝ մեկ անգամ եւս կարեւորելով ժամանակների միջեւ կապը ցույց տալու անհրաժեշտությունը։ Նկատենք, որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում նույնպես տեղ են գտել ցեղասպանության տարրեր։ Միայն հայ լինելու հանգամանքով պայմանավորված, այսինքն՝ էթնիկ պատկանելության հիմքով զինվորների, խաղաղ բնակչության, իսկ մինչ օրս նաեւ գերիների նկատմամբ անմարդկային դաժանություն է ցուցաբերվում։
Հ. Մարությանի խոսքով՝ Մեքսիկայի պարագայում խորհրդարանի կողմից ճանաչումը գործընթացի մի հատվածն է։ Վերջերս Հայաստանում էր ՀՀ-ում Մեքսիկայի դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասը տիկնոջ հետ (նստավայրը՝ Մոսկվա), նրանք ՀՀ-ում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանի ուղեկցությամբ այցելել են նաեւ Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ թանգարան՝ ծանոթանալով մշտական եւ ժամանակավոր ցուցադրություններին։ Դեսպանի տիկինը թանգարանում շրջայցի ժամանակ նշել է, որ դպրոցում Հայոց ցեղասպանությանը նվիրված դասաժամ է ունեցել, եւ իր համար շատ կարեւոր է, որ հնարավորություն է ընձեռվել այցելել թանգարան եւ առնչվել պատմությանը։ Ի դեպ, Մեքսիկայի դեսպանը հինգ տարի աշխատել է նախագահի աշխատակազմում եւ պատմական հիշողության հարցերի պատասխանատուն է եղել։ Զրուցակիցս նշեց, որ երբ հետաքրքրվել է, թե ինչ է այն ենթադրում, դեսպանը պարզաբանել է, որ զբաղվել են դեռեւս հինգ հարյուր տարի առաջ կոնկիստադորների կողմից բնիկների նվաճման եւ թույլ տված ավերածությունների հարցերով, որպեսզի հասնեն այն բանին, որ Իսպանիան ներողություն խնդրի ժամանակին իր գործած արարքների համար։ Այսինքն՝ մեկ անգամ եւս շեշտվում է անցյալի եւ ներկայի փոխկապակցվածությունը։