Այցեքարտ: Ծնվել է 1947 թ. հունվարի 15-ին Կապանի շրջանի Եղվարդ գյուղում, ծառայողի ընտանիքում։1954-65 թթ. սովորել եւ ավարտել է Կապանի թիվ 3 ռուսական միջնակարգ դպրոցը։1965 թ. ընդունվել եւ 1970-ին ավարտել է Լենինգրադի լեռնային ինստիտուտի էլեկտրամեխանիկական ֆակուլտետը՝ ստանալով լեռնային ինժեներ-մեխանիկի որակավորում։ Ինստիտուտն ավարտելուց հետո գործուղվել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Սկզբում աշխատել է ճոպանուղում՝ հերթափոխի էլեկտրիկ, ապա՝ վարպետ։1972-74 թթ. ծառայել է խորհրդային բանակում, զորացրվելուց հետո կրկին աշխատանքի անցել Զանգեզուրի կոմբինատի ճոպանուղում՝ արդեն որպես գլխավոր էներգետիկ։1985 թ. նշանակվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փոխտնօրեն, ապա՝ գլխավոր ինժեներ։1994-1998 թթ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենն էր։1998-2000 թթ. եղել է Սյունիքի մարզպետ։ Ամուսնացած է, ունի երկու զավակ, չորս թոռ։
-Պարոն Նավասարդյան, շնորհակալ ենք հանդիպման հնարավորության համար: Մեր զրույցն սկսենք ակունքներից՝ որտեղի՞ց են գալիս Նավասարդյան գերդաստանի արմատները։
-Ես եմ շնորհակալ, կփորձեմ հնարավորինս օգտակար լինել եւ պատասխանել Ձեր հարցերին։ Ծնունդով Եղվարդ գյուղից եմ, տեղի բնակիչներն այդտեղ եկել են եւ հաստատվել Պարսկաստանի Ղարադաղի շրջանից (hին հայկական աղբյուրներում հիշատակվում է որպես Իրանի տարածքում կազմավորված առաջին հայաշատ գավառ)։ Մայրս` Արաքսյա Սեւաչյանը, վաստակաշատ մանկավարժ էր, ասեմ, որ աշակերտներին սեփական երեխաներից չէր տարբերում, ֆանատորեն սիրում էր իր աշխատանքը։ Հայրս Մեծ հայրենականի հաշմանդամ էր, երեք եղբայրն էլ պատերազմի մասնակից էին, ցավոք, պատերազմից վերադարձել են երկուսը։ Պապս գյուղի կոլտնտեսության նախագահն էր: 1946 թ.՝ Հայրենական մեծ պատերազմից հետո՝ սովի տարիներին, գյուղի պահեստներից հանել է հացահատիկի սերմացուն եւ որոշ մասը բաժանել գյուղացիներին, ինչի համար էլ պատասխանատվության է ենթարկվել՝ 10 տարի ազատազրկմամբ։ Իր ճակատագրից երբեւէ չբողոքող, չտրտնջացող մարդ էր։ Երբեւէ չբարձրաձայնեց, որ պատժվել է սովամահ լինող մարդկանց փրկելու համար, կամ որ՝ երեք տղան պատերազմի բովով են անցել։ Այդքանը՝ իմ գերդաստանի մասին։
-1960-ականներին Կապանի «Լեռնագործ» ֆուտբոլային թիմի դարպասապահն էիք, ինչպիսի՞ն էր այդ տարիների հայկական ֆուտբոլը։
-Իմ պատանեկության տարիներին բոլոր բակերում սպորտով զբաղվող պատանիների եւ երիտասարդների թիվն օրեցօր էր աճում։ Ես շատ սիրեցի ֆուտբոլը, 16 տարեկանում՝ 10-րդ ավարտական դասարանում, «Լեռնագործ» ֆուտբոլային թիմի դարպասապահն էի։ Եվ 1963 թ. առաջին անգամ մեր թիմը նվաճեց Հայաստանի գավաթը։Հետագայում եւս իմ կյանքում շատ մեծ դեր է ունեցել սպորտը. այն պայքարել էր սովորեցնում, անխնա աշխատել եւ արդյունքի հասնել։ Մեզանից շատերը սպորտում հաջողության հասնելու մեծ պոտենցիալ ունեին, սակայն խորհրդային ժամանակներին բնորոշ՝ առաջնային էր կրթությունը, սպորտն ուղղակի հոբբի էր, որ սովորեցրեց ձգտել եւ հասնել առավելագույնի՝ կյանքի ամենատարբեր ոլորտներում։
-Կոմբինատում Ձեր աշխատանքային առաջին քայլերը…
-Լենինգրադում բուհն ավարտելուց հետո գործուղվեցի Քաջարանի կոմբինատ։ Ծնողներս այստեղ էին, եւ ես մտադիր էի հետ գալ, աշխատել, նրանց մոտ լինել։ Սկսեցի բանվորությունից՝ էլեկտրիկ, հերթափոխի պետ, ապա՝ էլեկտրամեխանիկ, գլխավոր էներգետիկ։ Քաջարանում կանանց աշխատանքով ապահովելու խնդիր կար, առաջարկ ստացա համակարգել տրիկոտաժի ֆաբրիկայի աշխատանքները։ Այնուհետեւ կրկին կոմբինատ՝ որպես փոխտնօրեն, գլխավոր ինժեներ, ապա՝ կոմբինատի տնօրեն։
-Տասնամյակների հետ, բնականաբար, առաջընթաց է գրանցվել կոմբինատում, տեխնոլոգիական գործընթացի վերազինում եւ աշխատակազմի փոփոխություն, ո՞ւմ եւ ի՞նչ կհիշեք։
-Գիտե՞ք, ես համարում եմ, որ իմ կարիերայի հիմնական «մեղավորները» եղել են կոմբինատի մարդիկ՝ թե՛ մասնագիտական եւ թե՛ մարդկային առումներով։ Նրանք այնքան նվիրված էին ձեռնարկությանը, որ մնում էր նույն նվիրվածությամբ աշխատել ու ղեկավարել։ Այդպիսի միջավայրում, բնականաբար, հաճելի էր աշխատանքը, որտեղ բարեխղճությունն ու նվիրումը վեր էին ամեն բանից. այդ սկզբունքները կոմբինատի ստեղծման ակունքներից են եկել։Հավանաբար, լսել եք կոմբինատի ճոպանուղու տեղամասի մասին, որն ապամոնտաժվեց հետագայում։ Այն հանքաքարն օդային ճանապարհով տեղափոխում էր ջարդման տեղամաս։ Այդտեղ աշխատանքը, ինչպես եւ մյուս արտադրական օբյեկտներում, ուշադրություն ու անվտանգության կանոնների հստակ պահպանում էր պահանջում։ Վթարի դեպքում, երբ ճոպանուղին կանգնում էր, արտադրական գործընթացը խաթարվում էր։ Գիշեր-ցերեկ բանվոր ու ղեկավար անքուն մնալով՝ դժվարություններն էին հաղթահարում՝ ընդհանուր գործն առաջնային համարելով։
-Աշխատանքային հաջողությունների Ձեր բանաձեւը:
-Հաջողության գրավականը մասնագետ լինելն է։ Միջակությունը յուրաքանչյուր աշխատանքում ընդունելի չէ, այն տանում է կործանման կամ հակառակ դեպքում՝ տեղում դոփելու։ Երկրորդ կարեւորագույն պայմանը աշխատանքդ սիրելն է։ Եվ դա վերաբերում է ցանկացած ոլորտի։ Սիրել աշխատանքդ եւ նվիրվել. այս պարագայում գործում է բումերանգի էֆեկտը։ Հինգ տարի եղել եմ կոմբինատի փոխտնօրեն, տասը տարի գլխավոր ինժեներ, գրեթե հինգ տարի՝ կոմբինատի տնօրեն։ Աշխատանքային առումով բավարարվածության զգացողություն ունեցել եմ միայն գլխավոր ինժեներ աշխատելու տարիներին։ Ասեմ ինչու՝ արտադրությունում անբասիր ու մաքուր մարդկանց հետ ես աշխատում։ Դա այն միջավայրն է, որտեղ երբեք քո խղճի դեմ ոչինչ չես անում։
-1990-ականներին, երբ բարդ տարիներ էին կոմբինատի եւ, առհասարակ, հանրապետության համար, ինչպե՞ս հաջողվեց «փրկել» կոմբինատը, որոշակի պարապուրդից հետո շատ կարճ ժամանակամիջոցում վերագործարկել այն։
-Կոմբինատը ես չեմ «փրկել», այլ բանվորները։ Հսկա ձեռնարկությունը պարապուրդի տարիներին օր ու գիշեր հսկել են բանվորները։ Եվ կատարել են գործը այնպիսի պատասխանատվությամբ, որ երկու տարի պարապուրդից հետո կարողացանք կոմբինատը վերագործարկել մեկ շաբաթում։ Ստեղծման օրվանից կոմբինատի հիմքերն այդպես են դրվել. պետք էր շարժվել ըստ նրա դրվածքների, ավանդույթների, հարազատորեն։ Այդ դեպքում կոմբինատը քեզ կզգա եւ կընդունի։
-Ձեր ղեկավարման տարիների բացթողումներն ու դժվար ժամանակները։
-Իհարկե, արտադրական հսկան ղեկավարելը հեշտ չէր։ Լինում էին պահեր, երբ իրավիճակը դուրս էր գալիս հսկողությունից, կամ, օրինակ, նույն 1990-ականներին՝ էլեկտրաէներգիայի սակավության պատճառով եղել են արտադրական բազում պարապուրդներ եւ այլն։ Քաղաքը հոսանքազրկվում էր էներգիան կոմբինատին փոխանցելու պատճառով, իսկ արտադրական հսկայի աշխատանքը երկրի քայքայված տնտեսության համար ռազմավարական նշանակություն ուներ։
-2022 թ. լրացավ ընկերության գործարկման 70-ամյակը։ Ձեր մաղթանքը կոլեկտիվին։
-Ինչպես արդեն նշեցի, երջանիկ եմ, որ այդ կոլեկտիվի ներկայացուցիչ եմ եղել, անդամագրվել եմ 22 տարեկանից, մեծացել ու կոփվել եմ այդ միջավայրում։ Այն այսօր էլ հարազատ է ինձ։ Մաղթում եմ բոլոր աշխատակիցներին քաջառողջություն, թող կարողանան պահպանել ի վերուստ կոմբինատի գործունեության հիմքում դրված բոլոր կանոնները։ Ձեռնարկությունը միակն է, որ ստեղծման օրվանից պետության հանդեպ իր պարտքը կատարել եւ շարունակում է կատարել։ Ինչպես գիտեք, դեռեւս 1966 թ. կոմբինատն արժանացել է ԽՍՀՄ բարձրագույն պարգեւի՝ Լենինի շքանշանի։ Կարծում եմ՝ ժամանակն է այժմ էլ կառավարության մակարդակով ըստ արժանվույն գնահատել ընկերության ավանդը՝ կրկին երկրի բարձրագույն պարգեւի արժանացնելով։ Առողջություն բոլորին, խաղաղություն մեր երկրին։
Հարցազրույցը՝ Լիլիթ Իսրայելյանի
«Սյունյաց երկիր», 14. 03. 2023 թ.