Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Իշխանության այլընտրանքի հարցը Հարավային Կովկասում

Բոլշեւիկ Ստեփան Շահումյանի ազգային ծրագիրը

Ապրիլի 5, 2023
Սոցիում
Իշխանության այլընտրանքի հարցը Հարավային Կովկասում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
147
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պատմական անցքերի ճշգրիտ իմացությունը, ինչպես նաեւ դրանց համակողմանի ուսումնասիրությունը հնարավորություն են տալիս նորովի գնահատել անցյալն ու համապատասխան հետեւություններ կատարել։ 20-րդ դարասկզբին մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դարակազմիկ էին եւ նախանշեցին հաջորդ հարյուրամյակի աշխարհաքաղաքական խճանկարը։ Հայ ժողովրդի եւ հայկական պետականության համար նույնպես 20-րդ դարի առաջին երկու տասնամյակները նշանակալից էին թե դրական, թե բացասական առումով։

1917-18 թթ. ընթացքում Հարավային Կովկասում կենտրոնական հարցերից մեկը իշխանության այլընտրանքն էր։ Բոլշեւիկյան հեղաշրջումից հետո այդ հարցն ուղղակիորեն կապվեց երկրամասի հանրապետությունների եւ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության ստեղծման խնդրի հետ։ Դրա հետ են ուղղակիորեն կապվում տվյալ ժամանակաշրջանում քաղաքական կողմնորոշումների խնդիրը, դաշինքների, կուսակցությունների համագործակցության եւ այլ կարեւորագույն հարցեր, որոնք նաեւ ուղղակիորեն առնչվում են Հայկական հարցի, Արեւմտյան Հայաստանի խնդրի լուծման հետ։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վահան Մելիքյանը նշում է, որ այդ հարցը կարեւորվում է նաեւ մեր օրերում, քանի որ հայ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները գրեթե նույնանման են։

Պատմական ակնարկ կատարելով՝ զրուցակիցս մանրամասնեց, թե ինչու է կարեւորվում իշխանության այլընտրանքի խնդիրը։ Այսպես՝ բոլշեւիկյան հեղաշրջումից հետո այնպիսի իրավիճակ ստեղծվեց Հարավային Կովկասում, որ միաժամանակ գործում էին երեք իշխանություններ. առաջինը Անդրկովկասյան կոմիսարիատն էր, որը չճանաչեց խորհրդային իշխանությունը եւ սկիզբ դրեց երկրամասը խորհրդային Ռուսաստանից անջատելու գործընթացի առաջին փուլին, ինչը, ի վերջո, հանգեցրեց անկախության։ Երկրորդը Բաքվում ստեղծված խորհուրդն էր՝ Բաքվի բանվորների, զինվորների եւ պատգամավորների խորհուրդը, որում մինչեւ 1918 թ. գերակշռում էին սոցիալիստական կուսակցությունները՝ էսէռները եւ մենշեւիկները։ Խորհրդի նախագահը եւ մի շարք գործիչներ, այդ թվում՝ Գրիգոր Ղորղանյանը, բոլշեւիկներ էին։ Եվ, վերջապես, Կովկասյան ճակատի գեներալիտետը, որը դեռ վճռական դեր էր խաղում, չնայած այն հանգամանքին, որ բոլշեւիկյան հեղաշրջումից եւ նրանց հռչակած հատկապես խաղաղության մասին կարգախոսից հետո շատ ակտիվորեն սկսվել էր ճակատի կազմալուծման գործընթացը։ Սակայն սպայական կազմը՝ գեներալները, դեռեւս վճռական գործոն էին եւ նրանց նույնպես կարելի էր իշխանության կենտրոններից մեկը համարել, մանավանդ որ ակտիվորեն մասնակցեցին Երզնկայի զինադադարի ստորագրմանը՝ Կովկասյան ճակատի պաշտպանության, թերեւս, վերջին փուլին եւ այլն։ 

Այդ ընթացքում Բաքվի խորհրդի ղեկավարության, մասնավորապես՝ Շահումյանի գլխում ծնվեց Անդրկովկասի խորհրդայնացման ծրագիրը։ Դեկտեմբերին այն դարձավ կոնկրետ պլան։ Հայտնի է, որ Լենինի դեկրետով Շահումյանը նշանակվեց Կովկասի արտակարգ ժամանակավոր կոմիսար։ Նպատակն Անդրկովկասի խորհրդայնացումն էր։ «Գաղտնիք չէ, որ Շահումյանը նվիրյալ մարքսիստ էր, բոլշեւիկ եւ ամեն գնով նպատակ էր դրել այդ խնդիրն իրականացնել դեռեւս 1917 թ. նոյեմբեր-դեկտեմբերին, այսինքն՝ բոլշեւիկյան հեղաշրջումից անմիջապես հետո: Քաղաքական, պատմական փուլի գլխավոր հակասությունն այն էր, որ մեր հարեւանները՝ վրաց մենշեւիկներն ու ադրբեջանական մուսաֆաթական կուսակցությունը, այդ փուլից սկսած՝ հետեւողականորեն որդեգրեցին գերմանաթուրքական քաղաքական կողմնորոշում, եւ հատկապես վրաց մենշեւիկները չէին թաքցնում, որ շարժվում են դեպի անկախություն, այսինքն՝ Ռուսաստանից անջատման, հեռացման։ Մեր պարագայում՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ մյուս կուսակցությունները հայտնվում են քաղաքական ծայրահեղ հակասության առջեւ։ Մի կողմից (սա ամենակարեւորն է)՝ չէին հանդուրժում նորաստեղծ բոլշեւիկյան խորհրդային իշխանությունը եւ, որպես դեմոկրատական-սոցիալիստական կուսակցություններ, նպատակ ունեին հավատարիմ մնալ դեռեւս Փետրվարյան հեղափոխության հռչակած ժողովրդավարական սկզբունքներին, Սահմանադիր ժողովի հրավիրմանը, բազմակուսակցական-խորհրդակցական մարմնի ստեղծմանը։ Անկախության հարց չէր դրվում ընդհուպ մինչեւ 1918 թ. մայիսը։ Դաշնակցությունը նախապատվությունը տալիս էր Ռուսաստանի դաշնային ժողովրդավարական հանրապետության կազմում ինչ-որ չափով ինքնուրույնության կամ առավելագույնը՝ ինքնավարության պահանջին։ Մյուս կողմից՝ գոյություն ուներ գրավված Արեւմտյան Հայաստան, Կովկասյան ռազմաճակատ, ռուսական բանակը հասել էր մինչեւ Էրզրում (Կարին) եւ Երզնկա, եւ մեր հայրենիքի այդ հատվածը պահպանելու համար չէին կարողանում լիակատար առճակատման գնալ խորհրդային իշխանության հետ, մանավանդ որ Կովկասյան ճակատը պաշտպանող կովկասյան բանակի զորամասերի մեծ մասը 1917 թ դեկտեմբերին արդեն բոլշեւիկացել էր։ Սա էր այն կարեւոր, վտանգավոր եւ ողբերգական հանգամանքը, որը, ի վերջո, հասցրեց մեզ հայրենիքի կորստին»,-նշեց Վ. Մելիքյանը։

Բոլշեւիկացած զորամասերը շտապում էին վերադառնալ տուն Լենինի եւ Տրոցկու դեկտեմբերի 10-ի գաղտնի հրամանով՝ պաշտպանելու խորհրդային իշխանությունը։ Կենտրոնի համար առաջնայինը նորաստեղծ իշխանության պահպանման հարցն էր, հետո միայն տարածքների, Հայկական հարցի եւ մնացյալ հարցերի լուծումը, առավել եւս, որ Անդրկովկասյան կոմիսարիատը եւ նրա մեջ արդեն քաղաքական գերիշխանություն ստացած վրաց մենշեւիկներն ու մուսաֆաթականները չէին հանդուրժում բոլշեւիկացած կովկասյան բանակի զորամասերի ներկայությունը ոչ միայն Արեւմտյան Հայաստանում, այլեւ թիկունքում, մասնավորապես՝ Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում եւ այլն։ Արդյունքում ամեն կերպ փորձում էին արագացնել նրանց հեռացումը։ Դրան նպաստեցին 1917-ի նոյեմբերից սկսված Ելիզավետպոլի նահանգի թաթարական խռովությունները։ Ի սկզբանե դրանք բոլշեւիկյան հեղաշրջման արդյունքում ծագած սոցիալական շարժումներ էին՝ ուղղված տեղի կալվածատերերի դեմ. թաթար գյուղացիությունն իրականացնում էր ահաբեկչական գործողություններ՝ հրկիզում էր կալվածքները, սպանությունների դեպքեր էին գրանցվել հատկապես թաթար իշխանների նկատմամբ։

Զորամասերի նահանջին զուհագեռ այդ գործողություններն աստիճանաբար ազգային բնույթ կրեցին, սկզբում՝ հակառուսական, հակահրեական, անգամ գերմանական բնակավայրերի դեմ բռնություններ եղան, կոտորածի դեպքեր։ Հայտնի է, որ հարավային Անդրկովկասի արեւելյան շրջաններում բազմաթիվ գերմանական գաղթօջախներ եւ բնակավայրեր կային, ինչպես նաեւ հրեական։ Զրուցակիցս նշեց, որ այդ ֆոնի վրա ծագեցին նաեւ հակահայկական խռովություններ, եւ, ի վերջո, դա հանգեցրեց Բաքու-Թիֆլիս երկաթուղու ամբողջ երկայնքով զանգվածային բռնությունների ալիքի։ Գագաթնակետը դարձան Ելիզավետպոլի, Շամխորի կոտորածները. 1918 թ. հունվարի 9-ին Շամխոր կայարանում կանգնեցվեցին նահանջող ռուսական բանակի զորամասերի շարժակազմերը, զինվորները զինաթափվեցին, եւ վագոնների մեջ գնդակահարվեցին շուրջ 2 հազար անզեն ռուս զինվորներ։ Դա ավելի է խորացնում կենտրոնի՝ խորհրդային իշխանության եւ Անդրկովկասի կոմիսարիատի հարաբերություններում առկա խնդիրները՝ արդյունքում այդ երկու քաղաքական կենտրոնները թշնամանում են։

Այդ պայմաններում ավելի է սրվում իշխանության այլընտրանքի հարցը եւ Շահումյանի պլանի իրականացման խնդիրը։ 1917 թ. նոյեմբեր-դեկտեմբերին այդ ծրագիրը չիրականացվեց։ Երկրորդ փուլն սկսվում է թուրքական արշավանքից հետո 1918 թ. փետրվար-մարտ ամիսներին, երբ Շահումյանն այդ բռնությունների ալիքի վրա իր մի շարք համախոհների հետ հայտնվեց Թիֆլիսում եւ փորձում էր իրականացնել իր ծրագիրը։

Պատմաբանը նշում է, որ պատմական աղբյուրների ու բազմաթիվ նյութերի համադրումը բերում է այն համոզման, որ կոնկրետ այդ ժամանակահատվածում բոլշեւիկ Ստեփան Շահումյանը հանդես է գալիս որպես ազգային գործիչ։ Ինչո՞ւ։ Նախ կարեւորվում է սուբյեկտիվ՝ անհատական գործոնը։ Շահումյանի հետ այդ ծրագիրն իրականացնելու համար համագործակցում էին ցարական գեներալ Հակոբ Բագրատունին, Արամ Մանուկյանը՝ Երեւանից, Դաշնակցության հիմնադիր Ռոստոմը՝ Բաքվում եւ շատ այլ գործիչներ։ «Միայն այս հանգամանքը բավարար է, որպեսզի փաստենք, որ մեր քաղաքական վերնախավի առնվազն վեց-յոթ ակնառու գործիչներ համաձայն էին այդ ծրագրի իրականացմանը,- շեշտում է Վ. Մելիքյանը, ապա հավելում:- Այնպես չէ, որ ՀՅԴ-ի ներսում բոլորը համաձայն էին այդ ծրագրի իրականացմանը, կային տարաձայնություններ, լուրջ հոսանքներ, սակայն կարեւոր է, որ ղեկավար կազմի մեծ մասը համագործակցում էր Շահումյանի հետ։ Դաշնակցությունը՝ Վրացյանը, Խատիսյանը, Ռուբեն Տեր-Մինասյանն իրենց հուշագրություններում, ինչպես նաեւ Դաշնակցության համակիր մեր պատմաբաններից շատերը փորձում են ներկայացնել որպես երկակի գործողություն, խորքային դիվանագիտական քայլ, եւ հիմնականում դա արվում էր Բաքվի հայ ազգաբնակչությանը պաշտպանելու նպատակով։ Դա, իհարկե, օբյեկտիվ հիմքեր ուներ, եւ արվում էր ոչ միայն ՀՅԴ-ի, այլեւ բոլշեւիկների եւ մյուս ազգային ուժերի կողմից ոչ միայն Բաքվի, այլեւ Ելիզավետպոլի նահանգի, այդ թվում՝ Ղարաբաղի շահերը պաշտպանելու եւ բնակչությանը կոտորածներից փրկելու նպատակով։ Սակայն Շահումյանի համար առաջնայինը երկրամասի խորհրդայնացումն էր, որի կենտրոնը պետք է դառնար Բաքուն»։

Ըստ պատմաբանի՝ հետաքրքիր էր այն, որ Շահումյանի հետ պատրաստ էր համագործակցության, օրինակ, ցարական գեներալ Հակոբ Բագրատունին, ով 1917-ի հոկտեմբերին Ժամանակավոր կառավարության նախագահ էսէռ Կերենսկու կողմից նշանակվել էր Պետրոգրադի ռազմական պարետ բոլշեւիկյան հեղաշրջումը ճնշելու նպատակով։ Եվ ահա այդ հեղաշրջումը ճնշող անձնավորությունը հայտնվում է Բաքվում եւ սերտորեն համագործակցում Լենինից հետո Կովկասում առաջին դեմք հանդիսացող բոլշեւիկ Ստեփան Շահումյանի հետ։ «Սա նույնպես ապացուցում է, որ իշխանության այլընտրանքի ընտրության հարցը, իրոք, ազգային խնդիր էր, որը, ցավոք սրտի, մեր քաղաքական վերնախավը չհաջողեց»,- ասաց Վ. Մելիքյանը։ 

Պատմաբանն ընդգծում է, որ 1917 թ. ընթացքում եւ հատկապես 1918 թ. մարտ-ապրիլ ժամանակաշրջանում Անդրկովկասի հայ իրականության քաղաքական վերնախավի մոտ դրսեւորվեց թեեւ կարճատեւ, բայց համագործակցության աննախադեպ բացառիկ դրսեւորում, որն արտահայտվեց Բաքվի պաշտպանության ժամանակ 1918 թ. մարտի 30-ից մինչեւ ապրիլի 1-2-ն ընկած ժամանակահատվածում։ Զրուցակիցս թեմային անդրադարձել է «Պայքար Բաքվի համար (1917 թ. նոյեմբեր-1918 թ. ապրիլ)» աշխատության մեջ՝ աղբյուրագիտական հարուստ հենքի վրա։ Գիրքը լույս է տեսել հայերեն, ռուսերեն եւ նվիրված է 1918 թ. մարտին Բաքվի հերոսական պաշտպանության 100-ամյակին։

Հաջորդիվ կներկայացնենք, թե ո՞րն էր, ի վերջո, Շահումյանի ծրագիրը, եւ ինչո՞ւ այն չհաջողեց։

ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
ԱՄՆ-ին նետված լուրջ մարտահրավեր

ԱՄՆ-ին նետված լուրջ մարտահրավեր

Բագարան գյուղում

Բագարան գյուղում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist