Այցելությունս ՀՀ Արմավիրի մարզի Բագարան գյուղ պատահական չէր: Գյուղի դպրոցում սովորում է մոտ 100 աշակերտ: Շենքը երկհարկանի է եւ ժառանգություն է մնացել խորհրդային ժամանակներից: Կենտրոնական ջեռուցում չունի: Աշակերտները լավ են սովորում: Նրանց հայրենասիրական ոգին շատ բարձր է: Դպրոցում գործում է նաեւ թանգարան, որտեղ ցուցադրվում են հիմնականում գյուղում դարեր շարունակ օգտագործված հնամենի իրեր` կճուճներ, լամպեր, թել մանելու սարքեր, թոնիր եւ դրան անհրաժեշտ պարագաներ, լուսանկարներ: Ուրախալին այն է, որ թանգարանի մասին հանգամանալից խոսեցին դպրոցի բարձր դասարանի աշակերտները: Ցանկալի կլիներ, որ մյուս դպրոցները նույնպես ունենային իրենց թանգարանները:
Անհրաժեշտ է նշել, որ Բագարանը մարզկենտրոնից 39 կմ հարավ-արեւմուտք է, Ախուրյանի գետաբերանի մոտ, ծովի մակերեւույթից 990 մ բարձրության վրա։ Բնակչությունը 2011 թ. դրությամբ 622 մարդ էր: Սահմանամերձ գյուղ է:
«Մենք ուրախ ենք, որ ստացանք շատ քանակությամբ գրքեր: Շնորհակալ ենք, որ մեր սահմանամերձ գյուղին ցանկանում եք օգնել գրքերով, որովհետեւ մեր երեխաները շատ ընթերցասեր են: Դասերից հետո կկազմակերպենք քննարկումներ: Գրադարանի առկայության պարագայում նրանից կօգտվեն ոչ միայն երեխաները, այլեւ համայնքի բնակիչներ»,- դիմելով տողերիս հեղինակին՝ զրույցի ժամանակ ասաց դպրոցի տնօրեն Գ. Ավետիսյանը:
«Դպրոցի երեխաները ցանկանում էին կահավորել ընթերցասրահ: Առաջին գրքերը դուք բերեցիք: Այն կնպաստի համայնքի զարգացմանը»,-ասաց դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արմինե Ավոյանը:
Առաջիկայում սպասվում է դպրոցի վերանորոգում: Գյուղը գազաֆիկացված չէ հետեւաբար դպրոցի ջեռուցման հարցի արդյունավետ լուծման տարբերակ կարող է լինել արեւային վահանակների տեղադրումը: Առնվազն 100 ԿՎտ հզորությամբ արեւային կայան ունենալու դեպքում տարեկան կարող է արտադրվել մոտ 150 հազար ԿՎտժ էլեկտրաէներգիա: Ցանկալի կլիներ նաեւ դպրոցի տանիքին տեղադրել արեւային ջրատաքացուցիչ՝ տաք ջուր ունենալու համար: Հարկ է նշել, որ գյուղի մի շարք բնակելի տների տանիքներին կարելի էր տեսնել արեւային ջրատաքացուցիչներ: Համայնքի էներգետիկ անվտանգության տեսակետից անչափ կարեւոր հարց է եւ պետք է լուրջ ուշադրության առարկա դառնա:
Մնում է հուսալ, որ կգտնվեն բարեգործական կազմակերպություններ եւ գործարարներ, որոնք կցանկանան օգնել դպրոցին, ինչու չէ, նաեւ գյուղին՝ ցանկալի նպատակին հասնելու համար: Հարկ է նշել, որ միջոցառման կազմակերպման հեղինակն Էջմիածին քաղաքի բնակիչ, ինժեներ Վլադիկ Մուսոյանն էր, ում հետ տասնյակ տարիների ճանապարհ ենք անցել՝ սկսած ուսանողության տարիներից մինչեւ մեր օրերը:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ
Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր