Խորհրդային տարիներին հայերի նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականությունը, որ ուղեկցվում էր բռնություններով եւ հետապնդումներով, բանտարկությամբ, արցախյան շարժման տարիներին իր գագաթնակետին հասավ: Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից ու հանրապետության հայաշատ մյուս բնակավայրերից հետո մարդկանց դեմ իրականացվող հանցագործությունը միջնադարյան դաժանություններով հատկապես առանձնացավ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում:
Փորձելով գլխատել շարժումը եւ ահաբեկել մարդկանց` ստիպելով նրանց ընդմիշտ լքել մշտական բնակավայրերն ու հեռանալ հարազատ օջախներից, Ադրբեջանի իշխանությունները, օգտվելով Մոսկվայի թողտվությունից, շարունակ հանցավոր ծրագրեր էին մշակում ու հետամուտ լինում դրանց իրագործմանը: Շուշիի, Հադրութի, Մարտունու եւ Ասկերանի շրջանների ծայրամասային բնակավայրերի հայաթափումից հետո Ադրբեջանն աննախադեպ հարձակում ձեռնարկեց Մարաղա գյուղի ուղղությամբ:
Մի քանի ժամ տեւած հրետակոծություններից հետո Միր-Բաշիրի որջից ազերական ստորաբաժանումները 1000-ից ավելի զինվորականներով 1992-ի ապրիլի 10-ի լուսաբացին ներխուժեցին Մարաղա եւ դիմելով սահմռկեցուցիչ ոճրագործությունների, արյան մեջ խեղդեցին խաղաղ բնակչությանը: Առնվազն 100 մարդ` հիմնականում կանայք, ծերեր եւ երեխաներ, զոհ դարձան նախապես մշակված ռազմագործողության: Վեց տասնյակից ավելի մարդ գերեվարվեց թշնամու կողմից, գրեթե նույնքան մարաղացիներ դիմադրելու ժամանակ ծանր վիրավորվեցին, իսկ շատերի ճակատագիրն առ այսօր անհայտ է մնում:
Ազերիների հանցագործություններին չափ ու սահման չկար: Նրանք առաջնորդվում էին «բոլոր հայերին` մահ» կարգախոսով: Հայկական օջախները թալանվում էին, անասունները քշվում էին Միր-Բաշիրի ուղղությամբ, ապա անմիջապես հրի էին մատնվում բոլոր տները: Իսկ թե արյունարբու գազաններն ինչպես էին ֆիզիկապես հաշվեհարդար տեսնում անմեղ բնակչության նկատմամբ, այսօրվա պես լավ են հիշում դաժան ողբերգության ականատեսները, ովքեր, գյուղը հրդեհվելուց հետո, թշնամու կողմից պատանդ էին վերցվել, ծեծի, խոշտանգումների ենթարկվել ու «երջանիկ» պատահականությամբ կենդանի մնացել:
Դժոխքից հրաշքով փրկվածներից Վալյա Խաչիկյանի հավաստմամբ, երբ Ադրբեջանի հրոսակները գյուղ են մտել, մարաղացիներից շատերը չէին հասցրել հեռանալ: Երեք հազարից ավելի հրթիռ ու արկ էր պայթել գյուղում, եւ ամբողջովին ծխում էր Մարաղան: «Բոլոր նրանք, ովքեր չկարողացան գյուղը լքել, դաժանաբար անդամահատվեցին, կրակի վրա այրվեցին,- 26-ամյա մղձավանջից չսթափված հիշում է Վ. Խաչիկյանը` արցունքներին հագուրդ տալով:- Իսկ փախչողներիս դժոխային ճանապարհ էր սպասվում` ռմբակոծությունների ներքո»:
Մարաղայի սպանդի մասին ահա թե ինչ է պատմում կամավորական ջոկատի հրամանատարի տեղակալ Վլադիկ Ավագյանը. «Ապրիլի 10-ին, առավոտյան հինգն անց կեսին սկսեցին շատ ուժեղ կրակել մեր գյուղի վրա: Կրակում էին տարբեր տեսակի զենքերից` «Գրադ», ծանր հրետանի, տանկեր: Մեր խրամատներում եղած ջոկատի անդամներն այդ կրակն ընդունեցին իրենց վրա եւ պաշտպանվեցին մոտավորապես մինչեւ ժամը 12-ը: Դրանից հետո տեսանք, որ ուժերը շատ անհավասար են, ու հնարավոր չէ դիմադրել: Օգնություն խնդրեցինք: Ցավոք, այն ուշացավ: Թուրքն արդեն մտել էր գյուղ: Ստիպված էինք նահանջել: Շրջանից օգնության հասած ջոկատների հայտնվելուց հետո վերակազմավորեցինք մեր ուժերը, եւ դրանից մոտ 4-5 ժամ հետո թշնամին ետ շպրտվեց: Եթե ադրբեջանցիները միայն իրենց սեփական ուժերով եւ տեխնիկայի միջոցով հարձակվեին, չէին կարող մտնել գյուղ: Այդ տանկերի բոլոր հրամանատարները սովետական սպաներ էին: Նրանցից հետո գյուղ մտան օմօնականները, ապա` թալանչիները: Իրենց ճանապարհին ով պատահում էր` ծեր, երեխա, կին, չէին խնայում ոչ մեկին, բոլորին մորթում էին: Նման գազանություններ ես կյանքում երբեք չեմ տեսել»:
Գազանային հրետակոծություններից ցնցված էր Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը, ով ողբերգական դեպքերից մի քանի օր անց հայտնվել էր Մարաղայում: Չթաքցնելով իր ծանր ապրումներն ու դժոխքից ստացած տպավորությունները՝ հետագայում Մարաղայի իրադարձությունների վերաբերյալ հրատարակված իր «Էթնիկ զտումները շարունակվում են» գրքում ադրբեջանցի զինվորականների անմարդկային գործողությունների, նրանց իրականացրած հայերի սպանդի մասին բարոնուհին նշել է. «Նրանք մարդկային ցեղից չեն: Մարաղայի սպանդի ամենադաժան, ցնցող տեսարաններից մեկը մարդկանց գլխատված մարմիններն էին: Ես տեսել եմ, թե ադրբեջանցիներն ինչպես են անդամահատում հայերին, վառում նրանց դիակները: Դժվար չէր ենթադրել, թե մարդկային խիղճը կորցրած այդ հանցագործներն ինչպես էին կանանց, ծերերին ու երեխաներին կենդանի վառել կրակի վրա»:
Մարաղայի բնակչուհիներից Սեդա Պողոսյանը, ում հաջողվել էր թաքստոցում պատսպարվել եւ ռազմագործողություններից հետո գիշերը ծածուկ հեռանալ գյուղից ու հրաշքով կենդանի մնալ, այսօրվա պես հիշում է մղձավանջային այդ օրերը. «Կանայք երեխաների հետ թաքնվել էին նկուղներում ու բլինդաժներում: Ադրբեջանցիներից մի քանիսը «հոտն առնելով»` սկսեցին մոտենալ այն բլինդաժին, որտեղ ես էի հարսիս` Մարինեի եւ երկու մանկահասակ թոռներիս` Կարենի ու 2-ամյա Վիգենի հետ: Ազերիներն ինքնաձիգներն ուղղելով մեր կողմը, կարգադրեցին դուրս գալ: Աստիճաններով առաջինը սկսեց բարձրանալ մեզնից ամենատարեցը` քեռի Սաշան: Նրան հետեւեցին Ասյան ու Զաբելան: Հենց որ ծերունին դուրս եկավ բլինդաժից, նրան տեղնուտեղը գնդակահարեցին: Հարսս, երեխաներին թողնելով ինձ մոտ, նույնպես փորձեց աստիճաններով վեր բարձրանալ: Վերեւում ադրբեջանցին, որ դանակով պատրաստվում էր հարվածել, կանգ առավ ու սկսեց նրանից պոկել թանկարժեք զարդերը: Հետո գազանաբար պատառոտեց նրա զգեստը: Խեղճը սկսեց փախչել: Թուրքը ոտնակոխ հետեւում էր նրան: Այդ պահին բլինդաժի ելքն ազատ էր, ու մարդիկ նետվեցին դուրս: Թալանով զբաղված ազերիները իսկույն նկատեցին նրանց ու շտապեցին հոշոտել կացիններով ու դանակներով: Անխնա մորթվեցին Ասյա եւ Ռուբեն Անանյանները: Դահիճներից հեւասպառ հարսիս քույրը` Կարինեն, փորձում էր փախչել: Դահիճները նրան էլ հասան ու իսկույն սպանեցին: Վախից ես ուշաթափ ընկա գետնին: Այլեւս ուժ չունեի տեսնել, թե գիշատիչներն ինչպես էին կենդանի կացնահարում կամ սրախողխող անում»:
Մարդկային տրամաբանությունից ու պատկերացումներից դուրս են ականատեսների վկայությունները, որոնք մեկ անգամ եւս վկայում են այն ճշմարտության մասին, որ դահիճն իր ձեռագիրը երբեք չի փոխում:
Հայկական մի շարք բնակավայրերի թվում այսօր Մարաղան եւս շարունակում է գերեվարված մնալ թշնամու կողմից: Իսկ մարդիկ երբեք չեն հաշտվում այդ մտքի հետ ու չեն հուսահատվում: Նրանք վստահ են, որ կրկին վերադառնալու են հարազատ ծննդավայր եւ ավերակներից փրկելով այն, ծիծեռնակի պես իրենց բույնն են հյուսելու: Մարաղայում դարձյալ մանուկներ են ծնվելու իրենց օջախներում, ու վերստին դպրոցական զանգն է հնչելու հայերենով:
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ