Այս տարվա ապրիլի 17-ի դրությամբ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակներում աջակցություն է ստացել շուրջ 930 շահառու։ Ընդհանուր առմամբ՝ վճարվել է շուրջ 645 մլն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։
Տեղեկացնենք, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերն ուղղված են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուներին։
Առաջին ծրագրով միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։ Երկրորդ ծրագրի շրջանակներում հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։ Իսկ երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։
Միջոցառումներից օգտվելու համար քաղաքացին պետք է դիմի նշյալ նախարարության հետ պայմանագիր կնքած որեւէ բանկ կամ վարկային կազմակերպություն՝ բացառությամբ երրորդ ծրագրի, որի դեպքում, եթե տվյալ բանկի հետ պայմանագիր առկա չէ, անհրաժեշտ է ներկայացնել բանկից տեղեկանք եւ այլ անհրաժեշտ փաստաթղթեր։ Այդ դեպքում՝ քաղաքացին դրանք կարող է ներկայացնել ԱՍՀ նախարարություն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ «e-request.am» հարթակի միջոցով։
Իսկ ընդհանրապես ծրագրերի պայմաններին, գործընկեր բանկերի ցանկին եւ այլ մանրամասների կարելի է ծանոթանալ https://bit.ly/3zt3B0D հղմամբ։