Քսան եւ ավելի օր է, ինչ մեր ժողովուրդը միտքն ամբողջությամբ ուղղել է դեպի առաջնագիծ, որտեղ մեր առյուծասիրտ 18-20-ամյա որդիները հայրենի տան դռներն են անառիկ պահում: Իհարկե, Արցախյան գոյամարտի ժամանակահատվածում, հրադադարում գտնվող 20 տարիների ընթացքում եւս մենք միշտ մեր զինվորի հետ ենք եղել: Սակայն վերջին օրերի իրադարձություններն այլ էին, եւ ողջ ազգն է ոտքի կանգնել: Այժմ էլ հազարավոր կամավորականներ են տղաների հետ պաշտպանում սահմանը: Նրանց թվում են նաեւ հարյուրավոր քաշաթաղցիներ:
Բացի առաջնագծից, Քաշաթաղի շրջանում մեծ աշխատանքներ են տարվում սահմանն ամուր պահելու նպատակով: Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ գործող քաղպաշտպանության շտաբն աշխատում է շուրջօրյա հերթափոխով: Իրականացվում է կամավորների հերթափոխը, սնունդ ու զինվորին անհրաժեշտ պարագաներ են հասցվում առաջնագիծ: Այս օրերին մի քանի անգամ եղել եմ մարտական հենակետերում, սկզբում հսկել տղաների հետ, այնուհետեւ տեղ ենք հասցրել նշված պարագաները, եւ ծանոթացել եմ խրամատում կանգնած զինվորի առօրյային, կենցաղին: Հոգով ուժեղ ու զորեղ մեր քաջորդիները չեն վհատվել ապրիլի սկզբի իրադարձություններից, չնայած մասնակցել են մարտական գործողությունների, կրել մարտական ընկերոջ կորուստ, տեսել են թշնամու կատարած վայրագություն: Ընդհակառակը՝ ավելի են հզորացել ու դարձել առավել վճռական: Գիտեն տղերքը՝ այստեղից է սկսվում իրենց տան մուտքը: Քաշաթաղի շրջանի Մոշաթաղի գյուղական համայնքի ղեկավար Սիրակ Սողոմոնյանի հետ համայնքին հատկացված «ՈՒԱԶ»-ով (վարորդ՝ Մայիս) հերթական այցով եղանք հանրապետության հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված Ն զորամասում եւ նրա կողմից պահպանվող հենակետերում: Այս զորամասը նույնպես ապրիլի սկզբին ենթարկվել է ռմբակոծության, ավերվել է շենքի մուտքը, որի դիմաց կանգուն էր ՀՀ ԵԿՄ նախագահի կողմից տեղադված խաչքարը: Հուշակոթողը կիսվել է պայթյունից: Բարեբախտաբար, մարդկային զոհ չի եղել: Զորամասի շտաբի համալրման բաժանմունքի պետ, մայոր Հովիկ Փիրումյանն ընդունեց մեզ, եւ շտաբի պետի տեղակալ, մայոր Մարտին Ալոյանի ուղեկցությամբ բարձրացանք դիրքեր, որտեղ ժամկետային զինծառայող հրետանավորներին օգնության են հասել կամավորականներ՝ նաեւ Քաշաթաղի շրջանի տարբեր համայնքներից:
Հենակետերից մեկում դիվիզիոնի տեխնիկ, ավագ ենթասպա Գառնիկ Օհանյանը դիմավորեց մեզ: Տեղեկացրեց՝ իրենց օգնող կամավորների շարքում նաեւ 5 քաշաթաղցի կա: Տղաներին ենք հատկացնում իրենց հասանելիքը, զրուցում ենք: Վարորդ Խաչատուր Դավթյանն Ապարանից է, արդեն 10 օր է, ինչ հրետանավորների հետ աշխատանքներ է իրականացնում: Կամավորական Նվեր Մատինյանը Քաշաթաղի շրջանի Մովսեսաշեն գյուղից է, լսել է՝ ծնվել է 7-րդ զավակը: Ուրախ է բազմազավակ հայրը, ցանկանում է ժամ առաջ տեսնել երեխային, սակայն այստեղ դեռ անելիք ունի, պետք է տեր մնալ խաղաղությանը: Հրանոթի հրամանատար, կրտսեր սերժանտ Կորյուն Ոսկանյանն Արթիկի Պեմզաշեն գյուղից է, 1 տարի 3 ամիս է, ինչ ծառայության մեջ է: Հետաքրքրվում եմ առաջին օրերի մարտերով՝ ինչպես են տղաները դիմավորել թուրքին: Համեստ է պատասխանը՝ մեր առաջադրանքը կատարել ենք լավ: Հանձնում ենք տարբեր դպրոցների աշակերտների նամակները՝ ուղղված հենակետերում հսկող զինվորներին: Ուրախանում են տղաները, ընթերցում, հուզվում: Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի դպրոցի զինղեկ Արթուր Դալլաքյանը, ով կամավոր է այստեղ եկել, հրետանավորների համար ընթերցում է երկու նամակ: Երբ ավարտեց խոսքը, զինվորների շարքը ոգեւորությամբ «Ուռա» կանչեց, եւ յուրաքանչյուրն շտապեց իր մարտկոցը:
Մյուս հենակետում եւս բարձր է զինվորների ու կամավորականների տրամադրությունը: Նարեկ Ալեքսանյանը, Արտակ Ղազարյանը, Բակուր Յախշիյանը, Արտյոմ Մնացականյանը, Նորայր Իսրայելյանը, Շալիկո Եղիազարյանը, մնացած քաշաթաղցիները մեծ սիրով են ներկայացնում իրենց մարտական ընկերներին՝ ժամկետային զինծառայող հրետանավորներին: Մարտկոցի ավագ սպա, ավագ-լեյտենանտ Բաբկեն Կարապետյանը Գյումրիից է, գոհ է ավագ ընկերներից, որ այս ծանր օրերին իրենց հետ են՝ թեւ ու թիկունք, օգնական: Հարազատացել են, եւ բոլորը մի նպատակ ունեն՝ խաղաղ պահել հող-հայրենին: Շարքային Հայկ Օհանյանը Երեւանից է, արդեն 15 ամիս է, որ հրետանավոր է, մասնակցել է ապրիլյան մարտերին, ավելի է հմտացել իր գործում եւ պատրաստ է մահացու հարված հասցնել մեր տան անդորրը խախտողին: Բյուրեղավանցի Հայկ Մելիքյանը տխուր է միայն, որ այդ օրերին հայոց կողմը շատ զոհ ունեցավ: Շուտով տուն պետք է գնա, բայց դեռ անելիք ունի եւ ընկերների հետ է: Ավագ-լեյտենանտ, երկրորդ մարտկոցի հրամանատար Արթուր Մարդանյանը Վանաձորից է. խոսելով մարտական գործողությունների մասին՝ ասաց. «Ընդհանրապես տարածաշրջանում միշտ էլ լարված է եղել, բայց ապրիլի 1-ին սկսվածն այլ էր: Այդ օրը գնդում պատասխանատու էինք, որ թշնամին «Գրադ» կայանքից 25 հրթիռ գցեց գնդի վրա: Բարեբախտաբար, զոհ չունեցանք: Տագնապով դուրս եկանք պաշտպանական գիծ, կատարեցինք մեր առաջադրանքը եւ տեղափոխվեցինք հաջորդ պաշտպանական շրջան՝ սահմանին ավելի մոտ: Այստեղ կասեցրել ենք թշնամու հարձակումը, հետ շպրտել՝ հասցնելով մեծ վնաս: Փառք Աստծո, զոհ ու վիրավոր չենք ունեցել: Անձնակազմն այսօր էլ ոգեւորված է եւ պատրաստ մարտի»:
Անդրադառնալով կամավորականների՝ իրենց կողքին լինելուն՝ մարտկոցի հրամանատարը նշեց, որ դա շատ ոգեւորիչ է, բացի այդ, կամավորականները, լինելով ավագ ու փորձառու, օժանդակում են նաեւ խորհուրդներով, գիշերները միասին են հսկում մարտական դիրքում: Տեղեկացրեց նաեւ, որ իր զինվորներից եռամսյա ծառայող Ռաֆայել Երիցյանը, ընթերցելով Երեւանի թիվ 157 դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ Դավիթի նամակը, շատ է ոգեւորվել, ուրախացել: Այս առումով Հայոց բանակի սպան խնդրեց, որ մեր երեխաները շատ նամակներ ուղարկեն: Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից է ավագ լեյտենանտ Գեւորգ Ավետիսյանը. 3 տարի է, ինչ այստեղ է ծառայում, սակայն նման մասշտաբի մարտերի առաջին անգամ է մասնակցել իր մարտկոցով եւ մեծ վնաս հասցրել թշնամուն: Զինվորներ Վարազդատ Գրիգորյանը, Մխիթար Մնացականյանը, Արթուր Գասպարյանը, սերժանտ Սմբատ Բարսեղյանը, մյուս տղերքը կարծում են, որ կամավորականների՝ առաջնագծում լինելը եւս մեկ անգամ ապացուցում է, որ միասնաբար կարող ենք հաղթել ու հասնել հաջողությունների: «Եթե կռիվը նորից սկսվի, հաստատ թուրքն է փոշմանելու»,-ասացին տղաները: Նույն օրը եղանք նաեւ հաջորդ պաշտպանական շրջանի առաջնագծի մարտական հենակետերում, որտեղ թշնամին շատ մոտ է: Մեզ ուղեկցում էր ինժեներական ծառայության գծով սպա, կապիտան Մարտիկ Սարյանը, ով լավ գիտե տարածքը եւ մեծ սիրով առաջնորդեց մեզ: Խրամատներում ժամկետային զինծառայողներն ու կամավորականները դարձյալ միասին են: Հենակետերից մեկի պատասխանատու, լեյտենանտ Ֆահրադ Հակոբյանը 2 տարի է, ինչ այս տարածքում հսկում է սահմանը: Ապրիլի 1-ին իր տղաներով բարձրացել էր դիրքեր՝ հերթափոխի, եւ նույն գիշերն սկսվել էր թշնամու հարձակումը: Հետ են շպրտել թշնամուն, պահել դիրքերը, սակայն մինչ այժմ լարված վիճակում են:
Քաշաթաղցի կամավորականները ոգեւորված են իրենց զինակից ընկերներով՝ 18-20-ամյա պատանիներով, նրանց հրամանատարներով: Հակարիի դպրոցի տնօրեն Արսեն Հայրապետյանը, ով առաջին օրերից այստեղ է, ասաց, որ հարազատացել են ժամկետային զինծառայողների հետ: (Դարձյալ ցավով նշեմ՝ Արսենը 2020 թ. 44-օրյայի մասնակից է, եւ մինչ օրս համարվում է անհետ կորած)։ Նույն հենակետում էր նաեւ Քաշաթաղի շրջանի Արվական գյուղի բնակիչ, 3 երեխաների հայր Հրաչյա Գալուստի Մարտիրոսյանը (ծնվ.՝ 1979 թ. հոկտեմբերի 22-ին), ով 44-օրյայի մարտերում նահատակվեց։ Նույն գումարտակի մի քանի հենակետերում հանդիպեցինք քաշաթաղցի կամավորականների, որոնց հետ էին նաեւ ՀՀ տարբեր մարզերից եւ ԼՂՀ շրջաններից եկած ազատամարտիկներ ու կամավորականներ: Մարտական հենակետերից մեկում էր ծառայում նաեւ քրոջս որդին՝ ժամկետային զինծառայող Սեւակ Գալստյանը, ում համար անակնկալ էր իմ հայտնվելն այստեղ: Սեւակը նույնպես իր պարտքն է կատարում, ինչպես բոլոր զինվորները, եւ դեռ 8 ամիս այստեղ մեր անդորրն է պաշտպանելու: Մթնշաղին իջանք մարտական հենակետերից՝ կատարելով մեր առաքելությունը: Վերջին հենակետերից իջնում էին ինժեներական աշխատանքներ կատարող զինվորները: Սպայի հրամանով շարքով անցան զինվորները՝ ապացուցելով, որ հոգնածությունը կարող են հաղթահարել, եթե կա դրա անհրաժեշտությունը, իսկ հայրենիքի սահմանները պետք է ամուր լինեն եւ՛ կառույցներով, եւ՛ աննկուն կամք ունեցող զինվորներով:
Հայաստանի Առաջին Հանրապետության օրը՝ մայիսի 28-ին, Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում նշանավորվեց կամավորականների՝ սահման մեկնելով: Չնայած հայտարարված հրադադարին՝ դեռ չկա այն երաշխիքը, որ թշնամին եւս մի արկածախնդիր գործունեություն չի իրականացնի: Այս պատճառով Քաշաթաղի շրջանից դեռ մի քանի հարյուր կամավորականներ հերթափոխով հսկում են առաջնագծում՝ դառնալով նեցուկ ժամկետային զինծառայողներին: Առավոտյան սահման մեկնող տղաները Բերձորում այցելեցին Արցախյան գոյամարտի մարտիրոսներին նվիրված հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողների եւ երեք խոնարհված պատերի մոտ: Օրվա ընթացքում եւս մի քանի տասնյակ տղաներ մեկնեցին սահման, եւ բոլորը բարձրացան հուշահամալիր ու իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում, Արցախի ազատագրական պայքարում, Ապրիլյան քառօրյա մարտերում եւ, առհասարակ, սահմանում մարտիրոսված քաջորդիների հիշատակին: Ճանապարհելով կամավորականներին՝ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը մաղթեց անփորձանք ծառայություն առաջնագծում, բարի վերադարձ եւ հորդորեց՝ լինել զգոն, աչալուրջ: Կամավորական Վահե Գալստյանին սահման ճանապարհեցին փոքր եղբայրը՝ Վան-Ալեքսանդրը եւ քրոջ 3 դուստրերը՝ Նարեն, Սոսեն եւ Արփին: Փոքրիկները վստահ են, որ Վահեն ու նրա մարտական ընկերներն անառիկ են պահելու Հայոց սահմանը, իսկ իրենք անվախ ըմբոշխնելու են հայրենի Բերձորի կապույտ ու խաղաղ երկինքը: