Հայաստանն Արցախյան երկրորդ պատերազմից հետո, նաեւ հիմա, երբ Ադրբեջանի կողմից խախտվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, առավել քան երբեւէ դաշնակիցների կարիք ունի։ Մի շարք պետությունների հետ թե՛ պատմականորեն, թե՛ ներկա իրողությունների պայմաններում կարող ենք ձեւավորել դաշնակցային նոր հարաբերություններ։ Ադրբեջանի վրա հետեւողական եւ նշանակետային միջազգային ճնշումը կարող է արդյունք տալ։
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ պատերազմից, նաեւ նոյեմբերյան հայտարարությունից հետո պարզ էր, որ պաշտոնական Երեւանը կորցրել է բազմավեկտոր ուղղությամբ արտաքին քաղաքականություն իրականացնելու առաձգականությունը։ Դա, ըստ նրա, պայմանավորված է տարբեր հանգամանքներով, բայց որոշակի բացեր կարող է լրացնել սփյուռքը, որն այդ առումով ավելի անկաշկանդ է։ «Աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններում՝ ե՛ւ Միացյալ Նահանգներում, ե՛ւ Եվրոպայում, ե՛ւ միջինարեւելյան տարածաշրջանում, հայկական գործոնի լիարժեք օգտագործումը այսօրվա հրամայականն է»,– ընդգծեց նա։
Խոսելով միջինարեւելյան տարածաշրջանի մասին, զրուցակիցս կարծիք հայտնեց, որ պետք է անպայման նկատի ունենալ այս ուղղությամբ Թուրքիայի ակտիվացումը, ընդ որում՝ հատկապես այն երկրներում, որտեղ կան կազմակերպված հայկական համայնքներ, ինչպես օրինակ՝ Լիբանանում, որտեղ հայերը ներկայացված են պետական ինստիտուտներում՝ եւ խորհրդարանում, եւ գործադիր իշխանությունում։ Գանտահարյանը կարեւորեց նաեւ Հայաստանի Հանրապետության դաշնակցի՝ Ռուսաստանի ակտիվացումը միջինարեւելյան տարածաշրջանում եւ մյուս կողմից՝ Անկարայի ճիգերը ներքաշելու Մոսկվային թեժ հակամարտություններում, ինչպես Սիրիայում եւ Հարավային Կովկասում, իսկ վերջերս նաեւ Արեւելյան Երուսաղեմի հետ կապված պաղեստինա-իսրայելական հակամարտությունում։ «Այս բոլոր հանգամանքները պետք է նկատի ունենալ եւ ըստ այդմ համադրել պաշտոնական Երեւանի ու սփյուռքահայ քաղաքական գործիչների կամ բոլոր նրանց ներուժը, որոնք ներգրավված են հատկապես տարբեր երկրների այս կամ այն պետական կառույցներում։ Քննարկումներ են պետք ԱԳ նախարարության եւ տվյալ երկրում հայազգի այն պետական գործիչների միջեւ, որոնք այդ երկրների խորհրդարաններում, գործադիր իշխանությունում լիիրավ անդամ են, կամ էլ՝ պարզապես այդ երկրներում ազդեցիկ են իրենց կապերով»,- ասաց նա։
Իհարկե, սփյուռքը աշխարհագրական տարբեր միջավայրերում փոխում է իր պայմանները, սակայն համակարգված աշխատանքի շնորհիվ կարելի է մեծ արդյունքներ ապահովել։ Բնականաբար միջինարեւելյան պետությունների եւ Միացյալ Նահանգների հայ համայնքներն ու լոբբիստական խմբերը իրարից տարբեր, բայց կարեւոր առաջադրանքներ կարող են ունենալ։ Գանտահարյանի խոսքով, Միացյալ Նահանգների պարագայում ուշադրություն պետք է դարձվի այն հանգամանքին, որ Վաշինգտոնն ակտիվանում է եւ ուզում է վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, նույնը նաեւ Եվրոպան, ի դեմս՝ Ֆրանսիայի։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, զրուցակիցս նկատեց, որ այդ երկիրը բավականին զգայուն վիճակում է հայտնվել, երբ մի կողմից՝ Մինսկի խմբի համանախագահության մեջ է, իսկ մյուս կողմից՝ նոր ստատուս քվո է ստեղծել Մինսկի խմբի ձեւաչափից դուրս՝ Թուրքիայի հետ ռազմաքաղաքական համագործակցություն իրականացնելով Արցախում։ «Այս նրբությունները, երանգային իրավիճակներն անպայման պետք է նկատի ունենալ»,- շեշտեց նա։
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին, Շահան Գանտահարյանը նշեց, որ ներկայումս ցեղասպանության ճանաչումից կարճաժամկետ կտրվածքով անցնում ենք Արցախի Հանրապետության ճանաչման փուլ, եւ այնտեղ եւս պետք է նոր հայեցակարգեր մշակվեն եւ նոր խնդիրներ դրվեն, քանի որ իրավիճակը նոր է։ Մասնավորապես դա պետք է ենթադրի Արցախի տարածքային ամբողջականության վերականգնում եւ ճանաչում, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման, սահմանագծման գործընթացների իրականացում՝ առաջադրանք ունենալով Հյուսիսային Արցախի վերագծումը, որովհետեւ «Արցախ ասելով մենք պետք է հասկանանք նաեւ Հյուսիսային Արցախը»։
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը հիշատակեց Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներից երեք կարեւորագույնը, որոնք խախտված են՝ տարածքային ամբողջականության սկզբունքը, այս դեպքում՝ պետք է վերականգնվի Արցախի ամբողջականությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի բացառումը, որը նույնպես խախտվել է Ադրբեջանի կողմից, եւ ազգերի ինքնորոշման իրավունքը։ Ադրբեջանը հայտարարում է, թե Արցախի հարցն անցյալում է, մինչդեռ մյուս սկզբունքը՝ ուժի եւ ուժի սպառնալիքի բացառման սկզբունքը եւս խախտվել է Ադրբեջանի կողմից, երբ հարձակվել է Արցախի վրա։ «Մնացել է ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, հետեւաբար մենք չափազանց մեծ ուշադրություն պետք է դարձնենք եզրույթներին։ Օրինակ՝ «կարգավիճակ» եզրույթն օգտագործելու փոխարեն, որը կարող է նաեւ ինքնավարություն նշանակել, կամ ասենք՝ մեկ այլ պետության մարզ դառնալու հեռանկար, շեշտը պետք է դնենք Հելսինկյան եզրափակիչ ակտի ամենահիմնարար սկզբունքներից ազգերի ինքնորոշման իրավունքի վրա, որի վրա էլ կառուցենք մեր նոր հայեցակարգը կամ բանակցային նոր ռազմավարությունը»,– ասաց զրուցակիցս։