Սանկտ Պետերբուրգի հայտնի բարերար Հրաչյա Պողոսյանը «Կոմսոմոլսկայա պրավդային» պատմել է հուշարձանների վերականգնման եւ Պիսկարեւսկոյե գերեզմանատան նոր հուշահամալիրի մասին: Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի օրը «Հրաչյա Միսակի Պողոսյանի անվան բարեգործական հիմնադրամի» կողմից վարդերի զամբյուղներ դրվեցին խորհրդանշական հուշարձանների մոտ, որոնք ամփոփում են Հայրենական պատերազմի սարսափելի դեպքերը:
Բարերար Հ. Պողոսյանը պատմել է պատերազմի` իր ընտանիքի վրա թողած ազդեցության մասին: Նրա երկու պապերը մասնակցել են պատերազմին, մեկը վիրավորվել եւ հաշմանդամ էր դարձել, մյուսը` անհետ կորել: Բարերարի խոսքերով` անհնար է մոռանալ պատերազմի սարսափելի տարիները: Սակայն ժամանակն անցնում է, սերունդները փոխվում են, եւ հետզհետե հիշողությունը ջնջվում է: Արդյունքում՝ շատ իրադարձություններ եւ ականավոր անձինք անարժանորեն մատնվում են մոռացության: Բայց երբեք չպետք է մոռանալ: Ե՛վ մենք, եւ՛ մեր հետագա սերունդները պետք է հիշեն, թե ինչ դժվարություններ են կրել Լենինգրադը, Ռուսաստանը եւ նախկին ԽՍՀՄ մյուս երկրները: Չպետք է մոռանանք, որ մեր նախնիները մաքառել են մեր ազատության համար: Եթե մենք դադարենք պահպանել այդ հիշողությունները, կգա անտարբերության շրջան, եւ սարսափելին այն է, որ դրան կհաջորդի ատելության փուլը: Մենք պետք է փորձենք մեր երեխաների սրտերում եւ հոգիներում դնել սեր ու հարգանք մեր հայրենիքի եւ նրա անցյալի նկատմամբ:
Բարեգործական հիմնադրամը մշակել է «Մեր դպրոցի հերոսները» նախագիծը, որը մեծ արձագանք է ստացել հանրության շրջանում: Դրա էությունն այն է, որ սերունդներին հիշեցնի պատերազմի մասնակիցների՝ ԽՍՀՄ հերոսների, Փառքի շքանշան կրողների, պատվավոր քաղաքացիների եւ այլ կարկառուն անհատների մասին, ովքեր ներդրում են ունեցել գիտության եւ մշակույթի զարգացման գործում: Ծրագիրը սկսվել է Պետերբուրգի կենտրոնական շրջանի դպրոցներից, քանի որ հենց այստեղ է պատերազմից առաջ բացված դպրոցների եւ գիմնազիաների մեծ մասը:
Բարեգործ Հ. Պողոսյանը 2017-ին ֆինանսավորել է Էստոնիայում գտնված սովետական զինվոր Նիկոլայ Սորոկինի մասունքների վերադարձը Ղազախստան: Սակայն իրավիճակը փոքր-ինչ բարդացել էր: Կազմակերպությունը, որը խոստացել էր օգնել տեղափոխման եւ գտնված մասունքները պահպանելու հարցում, վերջին պահին հրաժարվեց՝ բացատրելով, որ միջոցառումը լայն հրապարակայնություն չի ստանա: Այդպիսով՝ Հ. Պողոսյանը ֆինանսավորեց զինվորի պատվին հուշարձան կանգնեցնելու գաղափարը: Պողոսյանի խոսքերով` Ղազախստանի տարածքում գոյություն ունի սարսափելի մի վայր` Հայրենիքի դավաճանների կանանց «Ակմոլա» ճամբար:
Այնուհետեւ նրան փոխանցվեց Ալժիրում իրենց պատիժը կրող 80 հայ կանանց անունների ցուցակ: Այս պատմությունը ողբերգական էր, եւ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ տանջահար եղած բանտարկյալների գերեզմանի տեղում խաչքար տեղադրվեց: Հետագայում պարզվեց, որ այս գերեզմանատանը կա մահմեդական, հոգեւոր հուշարձան, նաեւ կաթոլիկ, բայց չկա ուղղափառ հոգեւոր հուշարձան: Ուղղափառ խաչի տեղադրումը օրհնելու խնդրանքով դիմեց Ղազախստանի եւ Աստանայի միտրոպոլիտ Ալեքսանդրին: 2020-ի աշնանը խաչքարի ձախ կողմում գտնվող գերեզմանատանը տեղադրվեց գրանիտե ուղղափառ խաչ՝ Քրիստոսի Հարության խճանկարային պատկերով: Եվ 2021 թ. մայիսին տեղի ունեցավ սպիտակ մարմարից պատրաստված խաչի օծումը եւ բացումը` ի հիշատակ ճամբարի մահապատժի ենթարկված տասներկու բանտարկյալների, որոնք սրբացվել են:
Յուրաքանչյուր հուշարձան իր պատմությունն ունի: Խորհրդային զինվոր Նիկոլայ Սորոկինը, որի աճյունը տեղափոխվեց Ղազախստան, ուներ երկու աղջիկ, ովքեր այժմ ութսունն անց են: Նրանց համար չափազանց կարեւոր էր իրենց հոր վերադարձը հայրենի երկիր:
Պաշարված Լենինգրադի բնակիչների կոչին պատասխանելով` «Մեր քաղաքը պաշտպանող լենինգրադցիների քաջությունը» հուշարձան կանգնեցնելու որոշում կայացրեց Հ. Պողոսյանը: Բայց պարզվեց, որ նա չի կարող ֆինանսավորել նման հուշարձանի տեղադրումը որպես մասնավոր անձ, ուստի որոշվեց բարեգործական հիմնադրամ ստեղծել: Այդպիսով ստեղծվեց «Հրաչյա Պողոսյանի անվան բարեգործական հիմնադրամը»: