Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է Անկարայի հայկական գերեզմանոցը գանձախույզներից պաշտպանելու հարցը: յս մասին հայտնում է ozgurpolitika.com-ը:
«Անկարայի պատմամշակութային ժառանգության մաս համարվող և 90-ականներին պահպանվող տարածք հայտարարված այս պատմական գերեզմանատան թալանը գանձ որոնողների կողմից խորապես վիրավորում է ոչ միայն Թուրքիայի հայ համայնքին, այլ նաև Անկարայի բնակիչներին և մեր բարեխիղճ քաղաքացիներին»,-ասել է Փայլանը:
Փայլանը, հղում անելով մամուլում տեղ գտած լուրերին, նշել է, որ վերջին օրերին գանձագողերը բացել են հելլենիստական դարաշրջանին պատկանող մի շարք գերեզմաններ և այնտեղ գտնվող ոսկորները այս ու այն կողմ ցրել:
Այդ ամենից հետո դեպքի վայրում ուսումնասիրություններ իրականացրած ոստիկանները փակել են բացված գերեզմանոցները:
Այս ամենի վերաբերյալ Կարո Փայլանը մի շարք հարցեր է ուղղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին:
«Ինչո՞ւ չեք պահպանում Անկարայի Սթանոզի հայկական գերեզմանատունը: Արդյո՞ք քայլեր ձեռնարկվում են Սթանոզի հայկական գերեզմանատունը թալանի ենթարկած գանձագողերին ձերբակալելու ուղղությամբ: Մշակութային արժեքներին մեծ վնաս հասցնող գանձախույզների գործունեությունը դադարեցնելու հարցում ի՞նչ եք անում: Ի՞նչ եք անում երկրի տարածքում հայկական բազմաթիվ լքված գերեզմանատները պահպանելու հարցում»,-հարցրել է Փայլանը: