Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով գնդակը շարունակում է մնալ Թուրքիայի դաշտում, և Թուրքիան է, որ պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ակօս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր և հեղինակ Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով վերջին շաբաթներին Երևանի և Անկարայի միջև,այսպես ասած, «դրական ազդակների» փոխանակմանը:
Պոլսահայ լրագրողը շեշտեց, որ իր համոզմամբ՝ Հայաստանը այս պահին Թուրքիայի հետ բանակցելու և մանավանդ սակարկության սեղան նստելու կարիք չունի, քանի որ Թուրքիան է հրաժարվել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից և Թուրքիան է միակողմանիորեն փակել սահմանը: Հետևաբար, ինքն էլ պետք է առաջընթաց արձանագրի այս հարցում՝ առանց հայկական կողմից որևէ բան ակնկալելու:
«Այս օրերին Էրդողանը խոսում է հնգակողմ համաձայնության մասին՝ նկատի ունենալով Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, և չի բացառում, որ 6-րդ գործոնն էլ կարող է լինել Վրաստանը: Մինչդեռ մեր խնդիրը երկկողմանի է: Այդ խնդիրը հետևյալն է. Հայաստանի անկախացումից անմիջապես հետո Թուրքիան, պաշտոնապես ճանաչելով Հայաստանի Հանրապետությունը, հրաժարվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Ուրեմն, այս առումով գնդակը իր կիսաադաշտում է, ինքը պետք է այդ ուղղությամբ քայլ ձեռնարկի: Նույն հաջողությամբ, Արցախյան պատերազմը պատճառաբանելով՝ Թուրքիան փակել է Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը: Այդ մասին էլ պետք է, որ ինքը առաջընթաց արձանագրի՝ առանց մեզնից որևէ բան ակնկալելու, որովհետև այդ սահմանները բանակցություններով չէ, որ փակվել են, պարզապես Թուրքիայի միակողմանի որոշումով են փակվել: Այսօր, եթե պիտի վերաբացվեն, դարձյալ իր միակողմանի որոշումն է: Մեզ հետ բանակցելու նյութ չկա: Հետևաբար, մենք Թուրքիայի հետ բանակցելու և մանավանդ սակարկության սեղան նստելու կարիք բնավ չունենք», – ասաց Բագրատ Էստուկյանը:
Պոլսահայ մեկնաբանի խոսքով՝ Էրդողանի ասածը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանում շատ ավելի լայն արձագանք ստացավ, քան Թուրքիայում: Ընդ որում, զրուցակիցը շեշտեց, որ Թուրքիայի նախագահի այդ խոսքերը, թե Անկարան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ հարաբերությունները աստիճանաբար կարգավորելու ուղղությամբ, ոչ թե պատրաստված, ծրագրված հայտարարություն էր, այլ պարզապես լրագրողի հարցին հանպատրաստից տված պատասխան:
«Նախագահ Էրդողանի ասածները ծրագրի մասին չէին: Ավելի շատ նա տրամադրություն հայտնեց և այդ տրամադրությունը նախապես էր հայտնել 44-օրյա պատերազմի ավարտին՝ ասելով, որ հետզհետե կարգավորվեն այդ հարաբերությունները Կովկասում և, անշուշտ, Հայաստան-Թուրքիա հարաբերություններն էլ՝ նույնպես: Եվ սակայն որևէ հստակ քայլ արտաքին նախարարության սահմանմամբ մինչև այսօր չենք նկատել: Հետևաբար, մենք շատ լուրջ չենք ընդունել այդ հայտարարությունը: Դա ինչ-որ զարգացման բացահայտում չէր, այլ պարզապես տրամադրության բացահայտում», – մեկնաբանեց «Ակօս»-ի խմբագիրը:
Ըստ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի՝ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների: Հնգամյա ծրագրում նշվում է, որ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես և Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը 2020 թ. 44-օրյա պատերազմում բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանի խաղաղության և կայուն զարգացման վրա։
Օգոստոսի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե Արցախյան վերջին պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ առաջընթացի նոր հնարավորություններ են ստեղծվել, և եթե «Հայաստանը դրականորեն արձագանքի այդ հնարավորություններին», Թուրքիան էլ կանի անհրաժեշտ քայլեր:
Օգոստոսի 27-ի կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ տարածաշրջանային խաղաղության տեսանկյունից որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից:«Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- ասել էր ՀՀ վարչապետը։
Օգոստոսի 29-ին լրագրողներից մեկը Թուքիայի նախագահից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է Անկարան արձագանքում Հայաստանի վարչապետի հայտարարությանը, ինչին ի պատասխան Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ հարաբերությունները աստիճանաբար կարգավորելու ուղղությամբ՝ միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հիման վրա: Միաժամանակ Էրդողանը ակնարկել է, թե «անցյալի պատմությունը չպետք է թշնամանքի աղբյուր լինի»:
«Միակողմանի մեղադրանքների փոխարեն պետք է գերակշռեն հեռանկարային, իրատեսական մոտեցումները: Մենք կարող ենք աշխատել աստիճանաբար կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի կառավարության հետ, որը հայտարարել է, որ պատրաստ է շարժվել այս ուղղությամբ: Այժմ մենք պետք է խաղաղությունն ու կայունությունը դարձնենք մշտական և պայմաններ ապահովենք տնտեսական զարգացման և տարածաշրջանային համագործակցության համար: Եթե նույնիսկ կան տարաձայնություններ՝ հարևանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը հարգելու հիման վրա»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է այսպես կոչված «Վեցի հարթակ»-ին, որին կարող են մասնակցություն ունենալ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Հայաստանը, Վրաստանը։ Նրա խոսքով՝ եթե այդպիսի հարթակի կազմակերպումը հնարավոր դառնա, տարածաշրջանում շատ ավելի հանգիստ կլինի։
Արամ Սարգսյան