Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2011-ից նախաձեռնել եւ իրականացնում է «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը: 2022 թ. տվյալների համաձայն՝ Հայաստանի (այդ թվում՝ Արցախի), Վրաստանի եւ Հնդկաստանի տարածքներում գործում են 626 «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներ: 24-ը՝ Արցախում, 3-ը՝ Հնդկաստանում, 10-ը՝ Վրաստանում, մնացածը՝ ՀՀ տարբեր մարզերում եւ Երեւանում։
Օրերս հերթական «ԱրՄաթը» բացվեց Օզնի (վրաց.՝ ოზნი) հայաբնակ գյուղում, որը Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում է, Ծալկայից 30 կմ արեւմուտք՝ ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա։ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ), Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, օզնեցի բարերար Ռազմիկ Բլիկյանի ֆինանսական աջակցությամբ եւ «Հրայր եւ Աննա Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի oժանդակությամբ այստեղ բացվեց Ջավախքում արդեն 10-րդ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան։ ՋԱՀ-ի hասարակայնության հետ կապերի պատասխանատու Հերմինե Կարապետյանի եւ այլ ներկայացուցիչների հետ մեկնեցինք Ծալկա, որտեղի դպրոցում (տնօրեն՝ Ռազմիկ Հանեսյան) կայացել էր «Վերջին զանգի» արարողություն, եւ նախապատրաստվում էին «ԱրՄաթ» կենտրոնի բացման արարողությանը։ Ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, Ծալկայի մունիցիպալիտետի փոխքաղաքապետեր Անզոր Խինիքաձեն եւ Ֆեուխար Պարասկեւովը, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը, «ԱրՄաթի» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, այլ պաշտոնատար անձինք, Օզնի եւ հարեւան գյուղերի բնակիչներ, հյուրեր, լրագրողներ, դպրոցականներ։
ՋԱՀ-ի ներկայացուցիչ, ծնունդով Օզնի գյուղից Ռազմիկ Ավագյանը, ով 9 տարի սովորել է այս դպրոցում, ասաց՝ այս տարի 9 շրջանավարտ՝ 5 աղջիկ, 4 տղա հրաժեշտ տվեցին դպրոցին։ Խոսելով «ԱրՄաթի»՝ Օզնի գյուղում հիմնելու մասին, ասաց, որ իր հայրական տունն անհատույց տրամադրել են այս կարեւոր ձեռնարկին, եւ 2022 թ. մարտից սկսել է գործել լաբորատորիան։ Բարերար Ռազմիկ Բլիկյանը, ով ֆինանսավորել է շենքի հիմնանորոգման աշխատանքները, ասաց, որ իրենց պարտավորությունն է աջակցել հայրենի գյուղին։ Հավելեց՝ մինչ այդ էլ իր աջակցությամբ գյուղում հանդիսությունների սրահ է բացվել, նորոգվել է դպրոցի շենքը։ Բարեգործական ծրագիր է իրականացրել նաեւ հայ ճանաչված գուսան Հավասու ծննդավայր Այազմա գյուղում։ Կարեւորեց «ԱրՄաթի» դերը, որպեսզի մեր սերունդը հասնի իր նպատակին։ Հույս հայտնեց, որ այստեղ սովորող երեխաները կլինեն արժանավոր հայ եւ կսիրեն իրենց հայրենիքը։ Մինչ լաբորատորիայի մուտքի կարմիր ժապավենը կտրելը, որն իրականացրին Ռազմիկ Բլիկյանն ու «Հրայր եւ Աննա Հովնանյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելիքյանը, դպրոցի բակում կայացավ հանդիսավոր մասը, որը բացեցին գյուղի երիտասարդներ Ժաննան ու Գոռը։ Կարեւորեցին ՋԱՀ-ի դերը՝ ընդգծելով, որ այն միտված է նաեւ հայ-վրացական բարեկամության առավել ամրապնդմանը, իսկ «ԱրՄաթի» բացումը Ծալկայի շրջանում դրա վառ օրինակներից է։
Իր ելույթում ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը ողջունեց ներկաներին եւ ասաց. «Այսօր առավոտից մեր Օզնի գյուղում տոն է նաեւ դպրոցականների «Վերջին զանգով» պայմանավորված։ 9 պատանիներ իրենց կյանքի նոր փուլ են մտնում։ Խորհրդանշական է նաեւ, որ օրը համընկնում է «ԱրՄաթ» լաբորատորիայի կենտրոնի, կարելի է ասել՝ «Առաջին զանգի» հետ։ ՋԱՀ-ը վերջին 8 տարիների ընթացքում իրականացրել է ավելի քան 100 ծրագիր Սամցխե-Ջավախքի նահանգի եւ Ծալկայի շրջանի զարգացման ուղղությամբ՝ կրթություն, մշակույթ, սոցիալական ոլորտ, եւ առավելապես՝ առաջատար տեխնոլոգիաների զարգացման աշխատանքներ։ Այս պահին Օզնիի «ԱրՄաթի» կենտրոն են այցելում 60-ից ավելի երեխաներ, իսկ Սամցխե-Ջավախքի նահանգի եւ Ծալկայի շրջանում՝ ընդհանուր 700»։ Այնուհետեւ Մկոյանը շնորհավորեց այդ երեխաներին, որ ունեն հնարավորություն սովորելու ինժեներական լաբորատորիաներում։ Շնորհակալություն հայտնեց գործընկերներին ու բարերարներին, շնորհակալագրեր հանձնեց «Հրայր եւ Աննա Հովնանյան» հիմնադրամի տնօրեն Նաիրա Մելիքյանին, Ռազմիկ Բլիկյանին՝ ֆինանսական աջակցության համար, եւ Օզնի գյուղի բնակիչ Արմենակ Ավագյանին՝ իր տունն «ԱրՄաթին» անհատույց տրամադրելու համար։
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը դիմեց ներկաներին՝ մասնավորապես ասելով. «Սիրելի օզնեցիներ, ուրախ եմ ձեզ տեսնել այստեղ։ Շնորհակալ եմ, որ դուք այստեղ ապրում եք, արարում եք եւ, վերջապես, պահպանում եք ձեր ազգային ինքնությունը»։ Այնուհետեւ շնորհավորեց դպրոցի 9 շրջանավարտներին, հույս հայտնեց, որ նրանք էլ կկարողանան մասնակցել «ԱրՄաթի» դասընթացներին։ Շնորհակալություն հայտնեց ՋԱՀ-ին, բարերարներին, որ այստեղ հիմնվել է կրթական այս ծրագիրը։ Նաեւ կոչ արեց օզնեցիներին եւ տարածքի հայ բնակիչներին՝ մնալ ու շենացնել հայրենի բնակավայրերը, որպեսզի գործեն դպրոցները։ Այս հարցում կարեւորեց հատկապես բարերարների դերը, որ աջակցեն բնակչությանը, ստեղծեն աշխատատեղեր։
Ծալկայի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Ֆեուխար Պարասկեւովը շնորհակալություն հայտնեց օզնեցիներին՝ իրենց ներկայության, եւ ՋԱՀ-ի ղեկավարությանը՝ այս գործում իր ներդրումն ունենալու համար։ Նաեւ հաջողություններ մաղթեց շրջանավարտներին, ովքեր նոր կյանք են մտնում։ Ծալկայի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Անզոր Խինիքաձեն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ծրագիրն իրականացնողներին։ Ծրագիրը, որ «Աստծո կողմից նվեր» է, հնարավորություն է տալիս տիրապետել համակարգչային կրթությանն ու գիտությանը եւ շատ անհրաժեշտ է երեխաներին ապագայում։ Շնորհակալություն հայտնեց նաեւ Վրաստանում ՀՀ դեսպանին, որ մասնակից եղավ այս կարեւոր միջոցառմանը եւ շնորհավորեց դպրոցի շրջանավարտներին։
Սեդրակ Վարդանյանը, դիմելով ներկաներին, ասաց՝ նշանակալի իրադարձություն է Օզնի գյուղում։ Կարեւորեց «ԱրՄաթի» բացառիկ դերը մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում։ Հպարտությամբ նշեց, որ նույնիսկ Կանադայից, Ավստրալիայից եկող մեր հայրենակիցները զարմանում են, որ կան նման լաբորատորիաներ։ Հորդորեց երեխաներին, որ մասնակցեն դասընթացներին եւ լրացուցիչ կրթություն ստանան։ Ասաց՝ այդ լաբորատորիաները նախ եւ առաջ երեխաներին մասնագիտական ընտրության հնարավորություն են տալիս եւ պետք են գալու ցանկացած մասնագետի։ Պատանիները սովորելով տիրապետել 3 հիմնական ծրագրերին, կարող են ունենալ աշխատանք, որը ոչ գործարան է պահանջում, ոչ էլ ճանապարհ, այլ՝ գիտելիք ու խելք։ Կա ծրագիր՝ լաբորատորիաների թիվը հասցնել 1000-ի։ Այժմ շուրջ 17000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։ Ինժեներական լաբորատորիան ներառում է «Արմաթ Լինուքս օպերացիոն» համակարգ, «Եռաչափ տպիչ», «Թվային կառավարման CNC շաղափային եւ լազերային հաստոց», «ՍԵՌՈԲ» ռոբոտաշինության ուսումնական ու ավտոմատացման հավաքածու եւ այլն։
«Հրայր եւ Աննա Հովնանյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելիքյանը նույնպես հանդես եկավ շնորհավորանքի խոսքով՝ շրջանավարտների եւ «ԱրՄաթի» բացման առթիվ։ Կարեւորեց գիտելիքի դերը՝ որպես ուժ ու զենք, ինչը մարդուց չեն կարող խլել։ Վստահություն հայտնեց՝ շրջանավարտները եւ «ԱրՄաթի» սաները կգտնեն իրենց տեղը կյանքում։ Ներկաներին իր հայրական խոսքը բերեց Ծալկայի հոգեւոր հովիվ տեր Ղեւոնդը։ Տերունական աղոթքով բարին մաղթեց ներկաներին, խաղաղություն՝ աշխարհին։ Կարեւոր ձեռնարկ համարեց ինժեներական լաբորատորիայի բացումը, մաղթեց՝ Աստված միշտ օգնի աջակցողներին, եւ հույս հայտնեց՝ մեր երեխաները, սովորելով այստեղ, հետագայում իրենց գործով կնպաստեն հայ եւ վրաց ժողովուրդների բարգավաճմանը։
Երգիչ Արմեն Մկոյանի ասելով՝ «Արմաթ» լաբորատորիան այն դուռն է, որը մեզ տանում է դեպի ապագա։ Շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր մասնակից են այս հրաշալի երեւույթին եւ հորդորեց ներկա երեխաներին՝ անպայման մասնակցել դասընթացներին։ Այնուհետեւ ներկաներն ըմբոշխնեցին նրա՝ Կոմիտասի «Կռունկ» եւ «Հով արեք…» երգերի հրաշալի կատարումները։ Ելույթներից հետո հայկական ու վրացական ազգային պարերի կատարումներով հանդես եկան դպրոցի պարի խմբի սաները։ Երգիչ Վելիխան Ավագյանը հանդես եկավ հայ ազգագրական ու ռազմահայրենասիրական երգերի կատարմամբ, որի ընթացքում հանդես եկան նաեւ պարի խմբի սաները։ Հանդիսավոր մասից հետո տեղի ունեցավ կարմիր ժապավենի կտրումը։ Ներկաները ծանոթացան «ԱրՄաթի» պայմաններին, երեխաների աշխատանքներին։ Ընթացքում եղավ առաջարկ՝ Ծալկայում էլ բացել «ԱրՄաթ» լաբորատորիա, որտեղ նաեւ վրացի երեխաները կարող են ընդգրկվել։ Օզնիի «ԱրՄաթ» կենտրոնի ղեկավար Գոռ Սիմոնյանը տեղեկացրեց, որ դասընթացներին մասնակցում են 3 գյուղի երեխաներ, եւ 2 ամսվա ընթացքում արդեն որոշակի հմտացել են։
Վերադարձին կանգ առանք նաեւ Գանձա գյուղում, այցելեցինք Վահան Տերյանի տուն-թանգարան։
Երեւան-Ծալկա-Երեւան