Հոկտեմբերի վերջին մարդաշատ էր Վրաստանի Սամցխե-Ջավախքի մարզի Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղը։ Այստեղ մեծ շուքով կայացավ գյուղի Սուրբ Ստեփանոս հիմնանորոգված եկեղեցու վերաբացման ու վերաօծման հանդիսավոր արարողությունը։
Արդեն 200 տարվա պատմություն ունեցող սրբատան հիմնանորոգումն իրականացավ գյուղի այն բնակիչների բարերարությամբ, ովքեր բնակվում ու աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում եւ մշտապես աջակցում են հայրենի ծննդավայրի բարեկեցությանը։ Հարեւանս՝ Գեւորգ Անդրանիկի Բասենցյանը, ծնվել է Կորխում, ավարտել տեղի դպրոցը եւ այժմ բնակվում է Երեւանում։ Նրա հրավերով միասին մեկնեցինք Կորխ։ Հիմնանորոգված եկեղեցու բակում, դարձյալ բարերարների օժանդակությամբ, կանգնեցվել է խաչքար՝ նվիրված գյուղի հիմնադիրներին, Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակներին, հուշաքար՝ բարերարների անուն-ազգանուններով։ Եկեղեցու մուտքի մոտ կա հետեւյալ արձանագրությունը. «Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԵՒ ՅԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԵԱՆ Տ. ԿԻՐԱԿՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԴԱՎԹԵԱՆ Ի ԹՈՒԻՆ ՀԱՅՈՑ ՌՆՀԱ ԵՒ ՅԱՄԻ ՏԵԱՌՆ 2022 (ՆՈՐՈԳԵՑԱՒ-ՇԻՆԵՑԱՒ) ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻՍ, ՈՐ Ի ԱԽԱԼՔԱԼԱՔ, ԳԻՒՂ ԿՈՐԽ»: Հարավային պատի տակ տեղադրվել է Պետրոս քահանա Խորշիկյանի (1831-1890) հուշաքար-շիրմաքարը, նրան փոխարինող Մեսրոպ քահանա Խորշիկյանի (Պետրոսի եղբոր որդին) հուշաքարը՝ մեծադիր լուսանկարով (1876-1962)։ Եկեղեցու մուտքի հարեւանությամբ տարածքից գտնված միջնադարյան խաչքարերի բեկորներ են։
Արարողությունը կայացավ Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի ձեռամբ՝ մասնակցությամբ վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս վարդապետ Դավթյանի, Մայր Աթոռի քահանաների, Ախալքալաքի ու Կորխի եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Նարեկ քահանա Տիգրանյանի։ Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 1831 թ.։ 1828-30 թթ. Արեւմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառի Սերչեմ եւ Շողանլու գետերի կիրճերի միջեւ գտնվող Երկայնմասուր գյուղից մի քանի տասնյակ ընտանիքներ գաղթել են Ջավախք՝ հաստատվելով Կորխ եւ Օլավերդ գյուղերում։ Կա կարծիք, որ Կորխ են եկել նաեւ Կարինից։ Ըստ տեղեկությունների՝ գյուղի բնակիչները ժողով են արել եւ որոշել կառուցել իրենց սրբատունը։ Երջանկահիշատակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը «Ջավախք» գրքում տեղեկացնում է. «Կորխում հաստատված կարնեցի հայ գաղթականները, ամենայն հավանականությամբ, հնի տեղում 1830-ականին կառուցել են քարաշեն, փայտածածկ մի եկեղեցի, որը 1839 թ. հիշվում է Սբ Գրիգոր Լուսավորիչ, իսկ 1840-ին՝ Սբ Ստեփանոս անվամբ: Հետեւում է, որ 1839-40 թթ. միջակայքում կատարվել են եկեղեցու կառուցման կամ նորոգման աշխատանքներ: Սակայն շուտով խիստ սուղ միջոցներով կառուցված այդ եկեղեցին հիմնավորապես վերաշինելու կարիք էր զգացվել: Ուշագրավ է, որ նոր եկեղեցին կորխեցիները կառուցել են առանց հոգեւոր իշխանության գիտության եւ միայն ավարտից հետո՝ 1848 թ., դիմել օծման խնդրանքով: Հնի տեղում կառուցված հիշյալ նոր եկեղեցին նկարագրվել է այսպես. «…կառուցեալ են զփայտաշէն միջասահման եկեղեցիս, որոց որմունքն են քարեայ եւ ծածկքն փայտեայ…»: 1884 թ. եկեղեցին արդեն ենթակա էր նորոգման: Հավանաբար հենց այս շրջանում կատարված նորոգության մասին է պատմում հարավային ճակատի արեւելյան անկյունաքարին պահպանված արձանագրությունը. «ԱՅՍ ԵՐԵԿ ՊԱՏԻ ՄԻԴԻՍԸ ԱԲՐԵԱՄ | ԱՎԱՔԵԱՆՑԻ ԻՇԱՏ¥Ա¤ԿՆ Է, 1890-ին»»: Ս. Կարապետյանը գրքի սկզբում նշում է. «…ներկայիս բնակիչների նախնիների մեծ մասը 25 տուն ¥270 շունչ¤ 1830 թ. փոխադրվել է Էրզրումի նահանգի համանուն գավառի Երկան Մանսուր գյուղից: Վերաբնակիչների հաստատման պահին Կորխն ունեցել է նաեւ 12 տուն բնիկ հայ բնակչություն»։
Հնարավոր է եկեղեցու Սբ Գրիգոր Լուսավորիչ անունն ավելի վաղ նույն տեղում գոյություն ունեցած սրբատանն է։ Գյուղն ունի տասնյակ դարերի պատմություն, եւ պարզ է՝ ունեցել է իր եկեղեցին։ Սուրբ Ստեփանոսի արեւելյան կողմում գյուղի հին գերեզմանատունն է՝ հնամենի եւ նորօրյա շիրմաքարերով։ Եկեղեցու հիմնանորոգման ժամանակ բացվել են խաչքարերի ու տապանաքարերի բեկորներ, որոնք միջնադարյան հայկական քարարվեստի նմուշներ են։ Գտնվել են նաեւ խոյակերպ ու ձիակերպ տապանաքարեր։ Այժմ եկեղեցու բակում տեղադրվել է (ՅԻՇԱ)ՏԱԿ Է ԽԱՉՍ ՄԿԸՐ¥Տ¤ՉԻՆ, ԱԶԻԶ- ԽԱԹՈՒՆԻՆ, ԲԱՐՄ¥ԻՆ¤, | ԹՎ¥ԻՆ¤ | ՋԽ ¥1491¤ արձանագրությամբ խաչքար (չափերն են՝ 93 x 73 x 20 սմ), որը գտնվել է հողամասերն իրարից բաժանող քարե ցանկապատերի միջից։ Բացի այդ, գյուղի հարավարեւմտյան մասում՝ Արագվի գետի՝ Թափարվանին միանալու հատվածից վեր՝ ձորապռնկին կանգուն է միջնադարյան Սուրբ Գեւորգ մատուռ-եկեղեցին, որի մուտքի մոտ եւ ներսում առկա են 12-14-րդ դարերի խաչքարեր ու տապանաքարեր։ Արարողությանը ներկա էին Ախալքալաքի շրջվարչակազմի ներկայացուցիչներ, քաղաքապետը, աշխատակիցներ, շրջանի ոստիկանապետը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, պաշտոնական այլ անձինք։ Հոգեւոր ու աշխարհիկ այրերին աղ ու հացով դիմավորեցին գյուղի երեխաները՝ ազգային տարազ հագած։ Սկզբում հոգեւոր այրերը ծանոթացան եկեղեցում կատարված աշխատանքներին։ Գերաշնորհ տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը շնորհակալություն հայտնեց վիրհայոց թեմի առաջնորդին, ում խնդրանքով ինքն ու իր ուղեկից քահանաները Մայր Աթոռից ժամանել են Ջավախք, որպեսզի կատարեն եկեղեցու օծման կարգը, որն ունի հատուկ արարողություն, սկսվում է դրսից եւ կոչվում է «Դռնբացեք»։ Սրբազանը Տերունական աղոթքով սկսեց արարողությունը՝ ներկաներին հորդորելով անմասն չմնալ աղոթքից։ Այնուհետեւ ծնկեց եկեղեցու փակ դռան առջեւ՝ Տիրոջը խնդրելով թույլ տալ՝ բացել դուռը, որ ներկաները մուտք գործեն Աստծո տուն։ Հոգեւոր հայրերի կատարած շարականների հնչյունների տակ գերաշնորհը խփում էր դուռը, որը վերջապես բացվեց Տիրոջ կամքով։ Այնուհետեւ հոգեւոր այրերն ու ներկաները մուտք գործեցին հիմնանորոգված սրբատուն։
Գերաշնորհ տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի գլխավորությամբ կայացավ սուրբ խորանի, սուրբ սեղանի եւ եկեղեցու մնացած հատվածների օծման արարողությունը։ Սուրբ խորանի բեմի առջեւում կանգնած էին բարերարները, ովքեր արժանացան գերաշնորհ տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի եւ վիրհայոց թեմի առաջնորդ Կիրակոս վարդապետ Դավթյանի շնորհակալական խոսքին ու օրհնանքին։ Վերջացնելով օծման արարողությունը՝ գերաշնորհ տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը դիմեց ներկաներին՝ տեղեկացնելով, որ Սուրբ Էմիածնի Մայր տաճարը կառուցվել է ընդհանուր ուժերով։ «Յուրաքանչյուր եկեղեցի պետք է նույն օրինակով կառուցվի եւ պահպանվի։ Միայն կառուցելը բավարար չէ, այլ սրբատունը պետք է պահպանվի հավատքով, սիրով եւ խնամքով»,- ասաց սրբազանը եւ որդիական խոնարհությամբ Վեհափառ հայրապետի հայրական եւ հայրապետական օրհնությունը տվեց ներկաներին։ Հավելեց նաեւ, որ հայ ժողովուրդը հավատքով է պահում իր ինքնությունը որպես ազգ ու ժողովուրդ։ Այս առումով կարեւորեց բարերարների դերը, ովքեր ունեցան հավատք, եւ այժմ նորոգ ու անվտանգ է դարձել նրանց ծննդավայրի Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը կրում է առաջին նահատակ սուրբ Ստեփանոս Նախավկայի անունը, ում տոնը նշվում է յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 25-ին։
Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս վարդապետ Դավթյանն իր օրհնանքի խոսքում նույնպես շնորհավորեց ներկաներին. «Սիրելի հավատացյալ ժողովուրդ, այս համայնքում՝ Կորխ գյուղում, մեզ համար մի նոր Աստծո տուն ծնվեց։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր, նույնիսկ աննշան օժանդակությամբ, մասնակցել են եկեղեցու շինարարությանը։ Ի սրտե մասնակիցներին Աստված բազմապատիկն է մատուցելու իր օրհնություններով։ Ես ուզում եմ նաեւ բոլորիս կողմից մեր որդիական շնորհակալությունը հայտնել Վեհափառ հայրապետին, ում օրհնությամբ այսօր այստեղ կատարվեց այս սրբազան արարողությունը»։ Հոգեւոր արարողությունից հետո եկեղեցու բակում մատուցվեց մատաղ, որն օրհնեց հայր Նշանը։ Այնուհետեւ կայացավ հանդիսավոր, ապա մշակութային մաս։ Դերասան Գեւորգ Չուլյանը բացեց հանդիսավոր մասը՝ տեղեկություն տալով Կորխ գյուղի մասին։ Իր հայրենակիցներին ողջունեց ու շնորհավորեց նաեւ Գեւորգ Բասենցյանը՝ կարեւորելով Սուրբ Ստեփանոսի վերածնունդը։ Տեղեկացրեց, որ խորհրդային տարիներին Սուրբ Ստեփանոս եկեղեցու շենքը կոմունիստների կողմից չի քանդվել, քանի որ օգտագործվել է որպես հացահատիկի պահեստ։ Սակայն տարիների ընթացքուն արեւմտյան ճակատը ճաք էր տվել, եւ շենքը դարձել էր վթարային։ Կորխի բնակչության անունից շնորհակալություն հայտնեց համագյուղացի բոլոր բարերարներին, այս գործին օժանդակողներին։ Իր ելույթում կորխեցի գործարար Վաչագան Բասենցյանը, ով այժմ բնակվում է Մոսկվայում, կարեւորեց բարերարների գործը, ովքեր Մոսկվայից եւ այլ վայրերից համախմբվեցին ու հիմնանորոգեցին սրբատունը։ Բարերարներին եւ նրանց ծնողներին նվիրված իր բանաստեղծությունն ընթերցեց։ Եկեղեցին հիմնանորոգող բարերարներից Միհրան Ղանդիլյանը, ով գյուղում՝ իր հայրական տան բակում, մատուռ է կառուցել, ողջունեց ներկաներին, շնորհավորեց եւ առաջարկեց, որ այսուհետ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը նշվի որպես Կորխի օր։ Բարերար Համլետ Մովսիսյանը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ այժմ արտերկրում բնակվող իրենց համագյուղացիներն սկսել են հայրական տները նորոգել. «Սա հայրենի հողին ամուր կառչելու միտում է»։
Ռուսաստանում բնակվող Էդուարդ Իրիցյանը ծնունդով կորխեցի չէ, սակայն մասնակից է եղել բարեգործությանը եւ կարեւորեց հայ ժողովրդի միասնությունը՝ չնայած տարբեր երկրներում բնակվելուն։ Ելույթներից հետո հնչեց Ն. Աջամողլյանի հեղինակային երգը՝ նվիրված Կորխ գյուղին։ Պարային կատարումներով ելույթներ ունեցան Կորխի հանրային դպրոցի սաները՝ պարուսույց Ֆլորա Մակարյանի գլխավորությամբ, ով հանդես եկավ նաեւ մենապարով։ Դպրոցի բարձրդասարանցիները, պատմության ուսուցչուհի Լիա Իրիցյանի ղեկավարությամբ, ներկայացրեցին Գուգարաց աշխարհի Ջավախքի եւ իրենց ծննդավայրի պատմությունը։ Նշեցին՝ Կորխ նշանակում է քարհանք։ Կորխեցիների տոնին մասնակից եղավ նաեւ Ախալքալաք քաղաքի «Ջավախք» երգի ու պարի համույթը, որը հիմնադրվել է 2000 թ.: Համույթի հիմնադիրն ու ղեկավարն են աշուղ Ալիք-Ջավախք Քսպոյանը եւ կինը՝ Լամարա Քսպոյանը: Զրույցի ընթացքում Վրաստանի վաստակավոր արտիստ աշուղ Ալիքը տեղեկացրեց, որ 2022 թ. հոկտեմբերի 22-ին նշել են համույթի կազմավորման 22-ամյակը։ Հավելեց նաեւ՝ խումբը, որի կազմում հիմնականում երիտասարդներ են՝ 60-65 հոգի, հանդես է եկել 8 պետություններում, ունեն 6 տեսասկավառակ, 200-ից ավելի երգ։ Ինքը ՀՀ եւ Վրաստանի կառավարությունների կողմից արժանացել է պարգեւների, այդ թվում՝ ՀՀ նախագահի կողմից՝ «Մովսես Խորենացի» մեդալի։ Ելույթ ունեցավ նաեւ Սոֆի Մխեյանը եւ մեծ ոգեւորություն պարգեւեց հանդիսատեսին, շատերը շուրջպար բռնեցին։ Ազգագրական, ռազմահայրենասիրական, ժողովրդական ու հեղինակային երգերի կատարումով հանդես եկավ սիրված երգիչ Մասիս Հունանյանը, ով իր ֆեսբուքյան էջում գրել է. «Ես եւ իմ տաղանդավոր երաժիշտ ընկերները ներկա գտնվեցինք Ջավախքում Կորխ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու բացման արարողությանը; Շնորհակալ ենք ջերմ ընդունելության եւ լավ լիցքեր փոխանցելու համար: Անհամբեր կսպասենք մեր հաջորդ հանդիպմանը»։
Հեղինակային երգերի կատարումով ելույթ ունեցավ նաեւ ռուսաստանաբնակ հայ երգիչ Խաչիկ Արենին, ով ողջունելով ներկաներին՝ ասաց. «Աստծո լույսը Հայոց աշխարհից անպակաս լինի»։ Ընթացքում զրուցեցի եկեղեցու բարերարների, շինարարների, վիրահայոց թեմի առաջնորդի, կորխեցիների հետ։ Բոլորն էլ կարեւորեցին իրողությունը, որ կորխեցիները տեր են մնալու իրենց ծննդավայրին։ Կիրակոս վարդապետ Դավթյանը սիրով տեղեկացրեց, որ թեմում ունեին 68 գործող եկեղեցի, եւ ավելացավ եւս մեկը։ Հույս հայտնեց, որ այս կարեւոր երեւույթը լինելու է շարունակական։ Արարատ Ղուկասյանի ղեկավարությամբ է կատարվել եկեղեցու շինարարությունը։ Ինքն է եղել նաեւ ճարտարապետը, քանդակագործն ու դիզայները։ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Նարեկ քահանա Տիգրանյանը կնոջ ու 5-ամյա դստեր հետ տեղափոխվել եւ բնակվում է Ախալքալաքում։ Այսուհետ ծառայելու է նաեւ Սուրբ Ստեփանոս եկեղեցում։ Ներկայացրեց իր օգնականներին։ Ախալքալաքի Հովհ. Թումանյանի անվան դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Սեյրան Ճորողյանը որոշել է դառնալ հոգեւորական եւ օգնում է քահանային։ Երիտասարդ Հովհաննես Սահարյանը Գումբուրդո գյուղից է եւ ծառայում է Սբ Համբարձման եկեղեցում։ Տեր Նարեկը տեղեկացրեց նաեւ, որ եկեղեցում պահպանվել է 1884 թ. երկկողմանի խաչվառ, որի մի երեսին Հիսուսի Խաչելությունն է պատկերված, մյուսին՝ Հարությունը։ Նշցց նաեւ, որ Ախալքալաքում այժմ 15 պատանիներ են իրեն օգնում։ Երեկոյան տոնական միջոցառումից հետո կայացավ նաեւ հյուրասիրություն։ Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի կողմից բարերարներին հանձնվեցին պատվոգրեր։
Ի դեպ, մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության հարցերով Վրաստանի ազգային գործակալությունն Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղում գտնվող Սուրբ Ստեփանոս եկեղեցուն 2017 թ. շնորհել է մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ: