Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սփյուռք

Ջավախք աշխարհի շեներից մեկը

Նոյեմբերի 10, 2022
Սփյուռք
Ջավախք աշխարհի շեներից մեկը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
346
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կուր գետի Փարվանա կամ Թափարվան կոչվող վտակն  անցնում է Ջավախք աշխարհի պատմական Կորխ գյուղի հարավային կողմում գտնվող խոր ու գեղատեսիլ կիրճով, իսկ Թափարվանի վտակ Արագվան՝ գյուղի արեւմտյան կողմի կիրճով։ Այնուհետեւ միանում են ու Խերթվիսի գյուղի մոտ լցվում Կուր։ Այս գեղատեսիլ կիրճերի ափերին է Կորխը։

Մշտապես հայաբնակ գյուղը Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում է՝ շրջկենտրոն Ախալքալաք քաղաքից 6-7 կմ հյուսիս-արեւմուտք՝ ծովի մակարդակից 1660-1700 մ բարձրության վրա։ Հիմնականում 1828-30 թթ., երբ կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը, Արեւմտյան Հայաստանի տարբեր վայրերից հազարավոր ընտանիքներ գաղթեցին Արեւելյան Հայաստանի ու Ջավախքի այն բնակավայրեր, որոնք հայաթափ էին եղել 16-րդ դարավերջին ու 17-րդ դարասկզբին՝ պարսից շահ Աբասի արշավանքների ժամանակ։ Կորխ գյուղն էլ գրեթե հայաթափ էր եղել։ Ըստ արխիվային տեղեկությունների՝ 25 տուն (270 շունչ) 1830 թ. Կորխ է փոխադրվել Արեւմտյան Հայաստանի Երկան Մասուր կամ Երկայնմասուր (ըստ Ս. Կարապետյանի՝ Երկան Մանսուր) գյուղից, որն Արեւմտյան Հայաստանում էր՝ Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում՝ Սերչեմ եւ Շողանլու գետերի կիրճերի միջեւ։ Մի քանի ընտանիք էլ Երկայնմասուրից վերաբնակվել է Ջավախքի Օլավերդ գյուղում։ Վերաբնակիչների հաստատման պահին Կորխն ունեցել է նաեւ 12 տուն բնիկ հայ բնակչություն։

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, վկայակոչելով վրացական ու հայկական, այլ արխիվային նյութեր, «Ջավախք» գրքում Կորխի մասին հիշատակում է.  «Համաձայն 1595 թ. թուրքական կառավարության կազմած հարկացուցակի՝ գյուղն ունեցել է 19 տուն, հարկվել է 12.000 ակչե (հարկաչափ): Ուշագրավ է, որ Կորխի գրեթե բոլոր տնատերերը կրում էին հայկական կամ հայոց շրջանում լայն տարածում ստացած անձնանուններ (օրինակ՝ Աթաբեկ, Կիրակոս, Մկրտիչ, Սարգսի որդի Հովհաննես, Սարգիս, Աստվածատուրի որդի Կիրակոս…): Հայտնի է, որ 1899 թ. դեկտեմբերի 19-ի երկրաշարժի հետեւանքով Կորխի բնակելի 84 տներից 7-ը քանդվել է։ Գյուղը հայտնվել է 1901 թ. կազմված Ջավախքի կարիքավոր գյուղերի ցուցակում: Կորխի գյուղատնտեսությունը լուրջ վնաս է կրել նաեւ 1899-1900 թթ. հացի բզեզից եւ հոտենտոտյան մլուկից: Աղետի հետեւանքների թուլացման նպատակով ստեղծված կառավարական կոմիտեի կողմից օրհասական վիճակում հայտնված գյուղը մտցվել է առավել տուժած բնակավայրերի շարքը»: Կորխ գյուղում է ծնվել, հասակ առել, դպրոցն ավարտել այժմ երեւանաբնակ հարեւանս՝ Գեւորգ Անդրանիկի Բասենցյանը, ում հրավերով մեկնեցինք Ջավախք։ Հյուրընկալվեցինք Գեւորգի երջանկահիշատակ Սամսոն Խորշիկյան քեռու տանը, որտեղ այժմ բնակվում են Սամսոնի կինը՝ Քնքուշը (Էթերի), որդին՝ Յուրին, 2 որդիների՝ Սամսոնի եւ Լեւոնի հետ։ Վերջերս են Մոսկվայից վերադարձել հայրենիք։ Յուրին հպարտությամբ ասում է, որ տունը կառուցվել է 1962 թ. Համբարձում պապի կողմից եւ այժմ պատկանում է նրա բոլոր թոռներին։ Համբարձումի Նահապետ հայրը՝ գյուղի այն ժամանակվա հարուստներից առեւտրական Ալեքսան Խորշիկյանի որդին, ծնվել է 1887 թ., մանուկ հասակում հոր հետ զբաղվել առեւտրով, շփվել գրագետ մարդկանց հետ եւ ուսանել Թիֆլիսի Ներսիսյան ճեմարանում։ 1909 թ. Կորխի Աչիկենց օդայում սկսել է դասավանդել գյուղի երեխաներին ու անգրագետ տարեցներին, ովքեր ցանկացել են կարդալ-գրել իմանալ։ Յուրին հպարտությամբ է խոսում նաեւ ավագ քրոջ՝ Կալինայի մասին, ով վրացերենի մասնագետ է եւ դասավանդում է հարեւան Բուղաշենի եւ Բալխո գյուղերի հանրային դպրոցներում։ Վերջերս նշանակվել է Բալխոյի դպրոցի փոխտնօրեն։ Կալինայի ամուսինը՝ Լեւոն Մելքոնյանը, մաթեմատիկայի ուսուցիչ է։

Ծանոթացա Կորխ գյուղին, նրա պատմությանը, զրուցեցի գյուղապետ Գառնիկ Ղանդիլյանի հետ, ով 2 տարի առաջ է համագյուղացիների կողմից ընտրվել։ Տեղեկացրեց, որ այժմ Կորխում կա 98 հայ ընտանիք՝ ընդհանուր 406 բնակչով։ Ժամանակին գյուղը եղել է մարդաշատ՝ 1987 թ. ունեցել է 312 ընտանիք՝ 1237 բնակչով։ Վերջին 2 տասնամյակներին գյուղի բնակչությունը գրեթե 3 անգամ պակասել է։ Շատերը մեկնել են արտագնա աշխատանքի՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնություն ու Ուկրաինա, մնացել այնտեղ, տարել ընտանիքները։ Սակայն չեն մոռացել հայրենի բնակավայրի մասին, եւ մոտ 2 տասնյակ կորխեցիներ, ովքեր հասել են հաջողությունների իրենց աշխատանքով, բարեգործությամբ մշտապես աջակցում են ծննդավայրի կայացմանը։ Կորխի բնակչության թիվը, ըստ արխիվային տվյալների, որը «Ջավախք» գրքում ներկայացրել է Ս. Կարապետյանը, 1845-47, 1876-77, 1891-92 եւ 1912 թթ. նվազել է։ Առաջին պատճառը՝ կորխեցի մի քանի ընտանիք տեղափոխվել են Ծալկայի շրջան եւ հիմնել Նոր Կորխ գյուղը։ 1892 թ. տարածքում բռնկված համաճարակը նաեւ շատ կորխեցիների, հատկապես երեխաների կյանք է խլել։ Սուրբ Գեւորգ մատուռ-եկեղեցու բակում պահպանված գերեզմանատանը, գյուղացիների ասելով, հիմնականում այդ ժամանակ մահացած երեխաներին են թաղել։ Գյուղում գործում է հանրային միջնակարգ դպրոց՝ 26 մանկավարժով եւ 76 աշակերտով (9-ը՝ առաջին դասարանցի)։ Աշակերտների թվում են նաեւ հարեւան Թոթխամ բնակավայրի դպրոցականները։ Ըստ գյուղացիների տեղեկության՝ 1907 թ. գյուղի տարբեր գերդաստաններ վիճել են միմյանց հետ, որն էլ դարձել է պատճառ, որ մի քանի ընտանիք հեռացել է գյուղից եւ մոտ 2 կմ հեռավորությամբ Թոթխամը հիմնել, որն էլ 1912 թ. ստացել է առանձին բնակավայրի կարգավիճակ։ Կորխում կրթարան գործել է դեռեւս 19-րդ դարի երկրորդ կեսերից։ Եկեղեցական-ծխական դպրոց-կրթօջախի գործունեությունն սկիզբ է առել 1860-ականներից:

Սակայն հանրակրթական դպրոցը բացվել է 20-րդ դարի 30-ական թթ.։ 1970 թ. կառուցվել է դպրոցի նոր շենքը։ Գ. Ղանդիլյանը տեղեկացրեց, որ բարերարների աջակցությամբ գյուղի տները գազաֆիկացվել են, կենտրոնական փողոցներն ունեն գիշերային լուսավորություն, կարգավորվել է խմելու ջրի վիճակը, կառուցվել է հանդիսությունների սրահ, կառուցվում է բուժկետ։ Մանկապարտեզի շենքը պատրաստ է, սակայն դեռ նախակրթարանը չի գործում, չնայած գյուղում մոտ 20 նախադպրոցական երեխա կա։ Բարեկարգվել է գլխավոր ճանապարհից գյուղ մտնող մոտ 2 կմ ճանապարհահատված, որը շուտով պետք է ասֆալտապատվի Վրաստանի կառավարության կողմից։ Նույն բարերարների հանգանակության շնորհիվ հնարավոր եղավ հիմնանորոգել գյուղի գլխավոր սրբատունը՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցին՝ կառուցված 1830-ական թվերին։ Բարեկարգել են գյուղի ծայրամասում՝ Թափարվանի եւ Արագվայի միավորման տեղից քիչ հեռու, ձորապռնկին գտնվող Սուրբ Գեւորգ միջնադարյան մատուռ-եկեղեցու տարածքը։ Բացի այդ, հովանավորների կողմից 2020 թ. գյուղում բացվել է հուշակոթող՝ նվիրված Մեծ հայրենականին մասնակցած կորխեցիներին։ Հուշակոթողը կազմված է 3 մասից. կենտրոնում բազալտե քարին ամրացված սեւ գրանիտին հայերեն, վրացերեն, ռուսերեն եւ անգլերեն գրված է. «Հավերժ փառք Կորխի եւ Թոթխանի հաղթական մարտիկներին»։ Վերեւում 1941-1945 թթ. գրության տակ գեղեցիկ դիզայներական աշխատանքի արդյունք է 45 թիվը, որը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տարին է։ Դիզայները մոսկվայաբնակ երիտասարդ Սամսոն Խորշիկյանն է, ով այս օրերին հայրենի գյուղում է՝ պապի հոր կառուցած տանը։

Գյուղի կենտրոնում բարերարների կողմից կանգնեցվել է հուշակոթող՝ նվիրված Կորխի հիմնադիրներին։ Հիմնական կոթողի երկու կողմում գյուղի 28 տոհմերի ազգանուններն են։ Այս հուշակոթողի հարեւանությամբ Վաչագան Բասենցյանի կողմից կանգնեցվել է խաչքար՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Գ. Ղանդիլյանը տեղեկացրեց նաեւ, որ կառավարության հատկացումներով գյուղում կառուցվել է մարզամշակութային կենտրոն։ Գյուղի հիմնական խնդիրներից են ոռոգման ջրի բացակայությունը, որի պատճառով հողամասերն ամբողջությամբ չեն մշակվում, հանրային տրանսպորտ չլինելը եւ մոտ 2 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատումը։ Կարեւորեց այն, որ ռուսաստանաբնակ կորխեցիներն սկսել են հիմնանորոգել իրենց հայրական տները։ Գյուղում, բացի նշված 2 սրբավայրից, Թափարվան գետի աջակողմյան ձորապռնկին կանգուն է Սուրբ Սարգիս մատուռը, որը կառուցվել է 2011 թ.։ Մուտքի մոտ պատի մեջ ագուցված սալաքարի վրա կա հետեւյալ արձանագրությունը. «ՀԱՆՈՒՆ ԱՍՏԾՈՅ.ԱՅՍ ՄԱՏՈՒՌԸ ԿԱՌՈՒՑՈՒԵՑ ՀԱՅՈՑ Ռ։ Ն։ Կ։ (2011 թ.) ԹՈՒԱԿԱՆԻՆ. ԿՈՐԽԵՑԻ ԳԵՆԱԴ ԵՒ ԳԱՍՊԱՐ ՂԱՆԴԻԼԵԱՆՆԵՐԻ ՀԱՄԵՍՏ ՋԱՆՔԵՐՈՎ ՋԱՎԱԽՔ ԳԱՎԱՌԻ ԿՈՐԽ ԳԻՒՂԻ ԱՅՆ ՎԱՅՐՈՒՄ, ՈՐՏԵՂ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ԾՆՈՂ ՌՈԲԵՐՏ ՂԱՆԴԻԼԵԱՆԻ ԵՐԱԶՈՒՄ ԼՍԱԾ ԽՈՍՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՊԻՏԻ ՍՐԲԱՎԱՅՐ ՀԻՄՆՈՒԵՐ՝ Ի ՓԱՌՍ ՄԵՐ ԵՐԿՆԱՅԻՆ ՏԷՐ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՎԻՏԵԱՆՍ ԱՄԵՆ»։ Մատուռի հատակին կան քարեր, որոնք, հնարավոր է, ժամանակին եղել են սրբատեղի։ 2013-ին այս մատուռում նշվել է Սուրբ Սարգսի տոնը։ Գյուղի բարերարներից այժմ մոսկվյաաբնակ Միհրան Ֆելիքսի Ղանդիլյանն իրենց տան տեղում կառուցել է տվել Սուրբ Կիպրիանոս մատուռը։ Միհրանի մի որդին՝ Մհերը, Խաբարովսկի երկրամասի փոխղեկավարն է, իսկ Ֆելիքս որդին աշխատում է «Ռոսկոսմոսի» անվտանգության ծառայությունում։ Գյուղի երջանկահիշատակ դարբին եւ ջրաղացպան Հայկազ Մակարյանի հին տունը պահպանվել է, իհարկե, ոչ կատարյալ վիճակով, սակայն ներսի պահպանված մասը ներկայացնում է 20-րդ դարասկզբի կենցաղը՝ օջախի քար-բուխարիկ, ամբար, փայտյա առաստաղ եւ այլն։ Այս շենքի հարեւանությամբ ավելի ուշ կառուցված տուն կա, որը նույնպես անմարդաբնակ է։ Այստեղ Հայկազը ժամանակին պահել է եկեղեցական 4 գիրք, որոնք ունեն վերականգնման կարիք։ Հայկազի որդին՝ Եղիշե Մակարյանը, ցույց տվեց գրքերը։

Ընդհանրապես՝ գյուղի հնակառույց բոլոր տներն են ունեցել, ինչպես գյուղացիներն են ասում՝ օջախի քարեր, այսինքն՝ բուխարիկներ։ Այդ ժամանակվա տների ավերակները պահպանվել են, եւ բոլորի պատերի մեջ կա օջախի քար։ Գյուղի տարեց կանայք այսօր էլ իլիկ են մանում, բուրդ գզում, գուլպա գործում։ Վարդուհի Ծառուկյանը սիրով էր մանում իր իլիկը։ Ասաց՝ վաղուց է սովորել։ Կորխի հանրային դպրոցում զրուցեցի առաջին դասարանի դասվար Լարիսա Ափոզյանի հետ, ով ծնունդով Օլավերդից է, ամուսնացել է կորխեցի Թադեւոս Ափոզյանի հետ եւ բնակվում է այստեղ։ Ավարտել է Երեւանի Ա. Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանը եւ արդեն 45 տարի է՝ դասավանդում է այս դպրոցում։ Սիրով է խոսում իր 9 առաջին դասարանցիների մասին։ Բոլորն էլ լավ են սովորում։ Ամուսինն ավարտել է ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը եւ դպրոցում է դասավանդում։ Օրվա ընթացքում գյուղի մարզամշակութային նորակառույց կենտրոնում ներկա եղանք դպրոցականների պարապմունքներին՝ պարուսույց Ֆլորա Մակարյանի գլխավորությամբ։ Գյուղի հարավային կողմում՝ Փարվանա-Թափարվան գետի աջակողմյան հարթությունում, բացօթյա մարզադաշտն է, որը նույնպես բարեկարգվել ու կանաչապատվել է բարերարների կողմից։ Մարզադաշտում հոկտեմբերի 30-ին կայացավ ֆուտբոլի շրջանային առաջնություն՝ նվիրված 20 տարի առաջ Ռուսաստանում սպանված Գագիկ Ափոզյանի հիշատակին։ Մարզադաշտի մոտ Մացակ Ափոզյանը եղբոր՝ Գագիկի հիշատակի 20-ամյակի աղբյուր-հուշաքար է կանգնեցրել։ Միհրան Ղանդիլյանի եւ Գեւորգ Բասենցյանի հետ մարզադաշտում ներկա եղանք Կորխի թիմի մարզումներին։

«Կորխ» բառը, ըստ տեղացիների, նշանակում է քարակույտ, քարհանք։ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան-ում կա «կորխել» բառը, որը նշանակում է «որեւէ բան տաք մոխրի մեջ թաղել»։ Կորխ անունով գյուղ եղել է նաեւ Արեւմտյան Հայաստանում՝ Դիարբեքիրի վիլայեթի Լճեի գավառակում։ Գետափին էր՝ անտառապատ վայրում։

Թեգեր: հայկական համայնքՋավախք
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Մայիսի 29, 2023
Ամեակին արժեւորումը

«Ունեցածդ ամուր բռնէ…»

Մայիսի 27, 2023

Անմնացորդ նվիրումը պատասխան է պահանջում

Սխրանքների տարեգիրները

Անցյալին նայելով՝ պետք է կերտենք ապագան

«Հայաստանի օրերը» Կրասնոդարի երկրամասում

«Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է»

Հայուն անխախտ առաքելութիւնը

Հաջորդ Հոդվածը
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

ԳՈՐԾԱՐԱՐ ԽՐԱՏԱՆԻ

Խոսքի ուժը՝ դիվանագիտության կարեւորագույն բաղադրիչ

Խոսքի ուժը՝ դիվանագիտության կարեւորագույն բաղադրիչ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist