Կայացավ Միսլատայի «Մշակութային շարժում» հեղինակավոր կազմակերպության ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը։ Այս տարի այն նշանավորվեց նրանով, որ ժյուրիի կազմում ընդգրկված էր նաեւ օտարազգի՝ Վալենսիայի «Արարատ» հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը։
Զբաղվածության պատճառով, սակայն, ազգային մեր հաստատության ղեկավարը չկարողացավ ներկա գտնվել պարգեւների հանձնման հանդիսավոր միջոցառմանը (դրանցից մեկի՝ առաջին կարգի մրցանակի հանձնման պատիվը նրան էր վերապահված)։ Մինչդեռ, ձեռնարկին ներկա միության անդամ Արթուր Ղուկասյանը, իրեն ընձեռված հնարավորությունից օգտվելով, շնորհակալություն հայտնեց Միսլատային, որն առաջինը իսպանական մունիցիպալիտետների շարքում համարձակություն ունեցավ ու պատասխանատվություն ստանձնեց ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։
Հիշատակութան արժանի է նաեւ այն փաստը, որ ընդունման նախագծի հեղինակը հենց իսկ Միսլատայի «Մշակութային շարժման» առաջնորդ Սալվադոր Գարսիան է։ Խոսքը նույն փաստաթղթի մասին է, որը հիմք դարձավ մի շարք բնակավայրերի ու քաղաքների համար եւս՝ տեղական կառավարման մակարդակով Մեծ եղեռնի դատապարտման համար։ Հայտնի հայասեր Ս. Գարսիայի՝ հօգուտ Հայաստանի եւ հայ ժողովրդի ծավալած գործունեությունը մեծ է, բովանդակալից եւ առանձին հրապարակման նյութ, որ կներկայացվի առաջիկայում։
Իսկ օրվա թեմայի շրջանակում կարեւորն այն էր, որ տարիներ շարունակ անխախտ ներկայություն ունենալով իսպանական հողում, «Արարատը» լծված է ոչ գեթ հայկականը մեր հայրենակիցների մոտ պահել-պահպանելու, այլեւ մերը օտարների միջավայրում ըստ արժանվույն հրամցնելու շնորհակալ գործին։ Նոր չէ, հարկավ, սկսվել այդ ընթացքը։ Պարզապես, ուրախալին այն է, որ շարունակական է ժամանակի մեջ եւ առիթից առիթ՝ նոր էջերով լրացվող։
Ձեռնարկի ավարտին մի շարք շնորհակալագրեր հանձնվեցին առանձին անձանց եւ հաստատություններին, որոնք իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել ՄՄՇ կազմակերպության գործունեությանն ի նպաստ։ Պարգեւատրվածների շարքում է մեր հայկական կազմակերպությունը։
«Արարատ» միության տեղեկատվական կենտրոն