«Միջազգային համաներում» կազմակերպության Վալենսիայի գրասենյակի նախաձեռնությամբ կայացավ Մարդու իրավունքների օրվան նվիրված ամենամյա միջոցառումը։ Հատկանշական է, որ այս տարի այդ օրը նշվում է արդեն 74-րդ անգամ, եւ այս պահից սկսած, հակառակ հաշվարկից՝ մինչ մեր օրը, զարկ կտրվի 75-ամյակին ձոնած ձեռնարկների աշխատանքներին, որոնք աչքի կընկնեն հոբելյանական ելույթներով, հանդեսներով, զանազան այլ նախապատրաստություններով։ Իսպանացիների, իրանցիների, բոլիվիացիների, աֆրիկացիների եւ ինքնավարության տարածքում գրանցված հասարակական մի շարք այլ ազգային հաստատությունների հետ միասին միջոցառմանն իր մասնակցությունը բերեց նաեւ տեղի «Արարատ» միությունը։
Նախքան համարներին անցնելը, մեր համայնքի ղեկավար Արարատ Ղուկասյանն իր պարտքը համարեց ելույթի ընթացքում բարձր ամբիոնից կրկին անգամ խոսք բարձրացնել Արցախյան 44-օրյա ահավոր պատերազմի ու նրա թողած հետեւանքների մասին։ Իմացողը լավ գիտի եղած կորուստների սարսափելի չափերի մասին։ Անտեղյակների համար կազմակերպության նախագահը չզլացավ կանգ առնել այդ հրեշավոր օրերի քրոնիկայի վրա՝ հորդորելով «Միջազգային համաներումի» անդամներին ու համակիրներին կոչով դիմել Բաքվի բռնապետական ռեժիմին, որպեսզի ազատագրվեն անտանելի պայմաններում պահվող հայ գերիները, եւ վերջ տրվի արյունարբու քաղաքականությանը։
Միության հայկական կիրակնօրյա դպրոցի սաներ Անժելա Գեւորգյանը, Իզաբելլա Մանուկյանը, Լաուրա Մարությանը, Վալենսիայի քաղապետարանին կից նվագախմբի սաքսոֆոնահարուհի Փարեսա Ասատրյանը, Հայաստանի պարի պետական անսամբլի նախկին կատարող Սյուզաննա Դավթյանը, դաշնակահար եւ կոմպոզիտոր Էդգար Սահակյանը, Սան Սեբաստիանի մարմնամարզության դպրոցի մարզուհի Կարինա Հակոբյանը բազմազգ հանրությանը ներկայացրեցին հայկական մշակույթը։ Մասնավորապես՝ Ա. Խաչատրյանի «Օրորը» (կատարեց Լիրիայի կոնսերվատորիայի սան եւ տեղի երիտասարդական նվագախմբի ջութակահար Ա. Գեւորգյանը), Պ. Սեւակի «Մոր ձեռքերը» բանաստեղծությունը՝ իսպաներենով (Արարատ Ղուկասյանի թարգմանությամբ), «Մեր լեզուն» (խոսք՝ Համո Սահյանի, երաժշտությունը՝ Սասուն Պասկեւիչյանի) երգի հնչեցումը, Ինգա եւ Անուշ Արշակյանների «Մենք ենք, սարերը մեր»՝ հրամցված որպես մարմնամարզական պար, Կոնստանտին Օրբելյանի «Մեր սերը երբեք չի ծերանում» մեղեդու ներկայացումը սաքսոֆոնով, պարեղանակով մատուցված «Յարը մարդու յարա կուտա» ժողովրդական երգը: Ահա այն ամենը, ինչ հաճույքով ունկնդրեցին եւ դիտեցին ներկաները։
Ձեռնարկի ավարտին «Միջազգային համաներում» կազմակերպության Վալենսիայի մասնաճյուղի անունից շնորհակալագրեր հանձնվեցին բոլոր մասնակիցներին, նրանց թվում նաեւ՝ «Արարատ» հայկական միությանը, որը վաղուց է արդեն իր ակտիվությամբ հայտնի քաղաքի ու մարզի մակարդակով անցկացվող նմանատիպ միջոցառումների ընթացքում։ Իսկ այդ կապակցությամբ հիշատակության է արժանի մեր հայրենակից Մովսես Մխիթարյանի դերակատարությունը, ով «Արարատի» ակտիվ անդամը լինելուց բացի՝ հայկական եւ օտար կազմակերպությունների միջեւ մշտական կապ հաստատողն ու պահպանողն է։
Արթուր ՂՈՒԿԱՍՅԱՆ
Վալենսիա, հատուկ «ՀՀ»-ի համար