Ֆրանսիական Թուլուզ եւ Մոնպելիե քաղաքներում Հայկական ընկերակցության նախաձեռնությամբ կայացավ իսպանաբնակ բանաստեղծ, հասարակական գործիչ Արարատ Ղուկասյանի «Փնտրտուքների ճանապարհին» գրքի շնորհանդեսը։
Իր ծննդավայր Հրազդանից մինչեւ եվրոպական տարբեր երկրների մեծ ու փոքր քաղաքներ՝ զգացմունքների որքա՜ն դրվագներով լեցուն: Գրքի էջերում իմաստների, հույզերի, տրամադրությունների, տրամաբանությունների որոնումներն են։ Մանկության բակից անվերջ երկար ճամփա է դեպի երկնային աստղերը ձգվում։ Հայրական օջախ, առաջին սեր, Հայրենիք, տարիների ընթացքում անդադար ավելացող փիլիսոփայական խոհեր…։ Օրերի շարանն անխուսափելիորեն իր հետ փորձ եւ արտահայտման նոր եղանակներ է բերել՝ հղկելով հեղինակի ստեղծագործական ոճը։
Բոլոր ժամանակներում եւ ցանկացած ազգի կյանքում նույնն են եղել նյութերը։ Խնդիրն այն է, թե դարեր առաջ գողթան երգիչները եւ մեր օրերում Արարատ Ղուկասյանն ու այլ բանաստեղծներ ինչպե՞ս են կարողանում արտահայտել իրենց դարը, իրենց միջավայրը, իրենց պատկանելությունը։ Վերջինն առավել արդիական է հիմա, երբ արագ փոփոխվող աշխարհում շոշափելիորեն փոխվում են սահմաններն ու իրողությունները։ Ստեղծագործողը սեփական ոճն ու արտահայտման ձեւն է ընտրել, ինչին հետեւում է, չնայած շարունակական փնտրտումների ճանապարհին է։
Ճիշտ է՝ մեր օրերում մարդիկ արդեն քիչ են կարդում պոեզիա, եւ հաճախ է նույն հարցը կրկնվում՝ ինչո՞ւ գրել։ Բայց դա նույնն է, եթե մորը, ով գաղթի օրերին ավազի վրա իր զավակին հայերեն այբուբենն էր սովորեցնում, հարցնեին. «Տիկին, ինչո՞ւ եք երեխային ինչ-որ դասեր տալիս, երբ չգիտեք՝ կենդանի կմնա՞ք»։ Ա. Ղուկասյանը, ի դեպ, բովանդակությամբ նույն օրինակն ունի, երբ ընդամենը երկու աշակերտի համար հայկական դպրոց բացելու գործ էր ձեռնարկել։ Վստահ լինենք՝ եթե անգամ միայն մեկ հայ մանուկ լիներ, ապա դարձյալ կբացեր։ Այդպես էլ, եթե ժամանակակից պայմաններում նույնիսկ մեկ հոգի պոեզիայի պահանջ զգա, ապա անպայման պիտի գրել։ Բանաստեղծի խոսքը «Փնտրտուքների ճանապարհին» շոշափելի է դարձնում զգացմունքները, որոնց յուրաքանչյուրի կյանքում այդքան մեծ դերակատարություն է տրվում, եւ որոնք տեւական են այնքան, որքան գոյություն կունենա ինքը՝ մարդկությունը։
Իրական կյանքում հեղինակին շատ կարճ է տրված եղել վայելելու ամբողջական երջանկության հաճույքը՝ ծնողների անժամանակ կորուստ, խորհրդային հզոր երկրի անսպասելի անկում, վրա հասած անխուսափելի դժվարությունների երկար շարան…։ Այդ պայմաններում ավարտեց դպրոցն ու համալսարանը, ծառայեց նորանկախ Հայաստանի բանակում, ծավալեց իր գործունեությունը ու ինքն իրեն նվիրեց պոեզիային։ Գուշակում եմ, որ հոդվածի ընթերցողները կուզենային գեթ մեկ երկտող բերեմ գրքից։ Մեջբերում չանելը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ ընթերցողն անձամբ կարդա եւ իր տպավորությունն ստանա։
Արթուր ՂՈւԿԱՍՅԱՆ
Վալենսիա, հատուկ «ՀՀ»-ի համար