ՌԴ Սվերդլովսկի մարզի «Անի-Արմենիա» հայկական համայնքի ղեկավար Մասիս Նազարյանը հունվարի 25-ին 5 օրով ձերբակալվեց այն պատճառով, որ հայերը Եկատերինբուրգի հայկական եկեղեցու բակում կազմակերպած միջոցառմամբ դիմում էին համաշխարհային հանրությանը՝ կոչ անելով փրկել Արցախը, որն այժմ հումանիտար ճգնաժամ է ապրում Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակելու պատճառով: Մասիս Նազարյանի նկատմամբ հարուցվել էր վարչական գործ՝ «ժողով, հանրահավաք, ցույց, երթ կամ պիկետ կազմակերպելու կամ անցկացնելու սահմանված կարգը խախտելու» հոդվածով:
Այնուհետեւ հայտնի դարձավ, որ Մասիս Նազարյանը բողոքարկել է այդ որոշումը: «ՀՀ»-ի հետ զրույցում նա ներկայացնում է մանրամասները:
-Կապված այդ միջադեպի հետ՝ պետք է ասեմ, որ, անկախ իրենց ցանկությունից, նրանք լավագույնս գովազդեցին մեզ, եւ մեր միջոցառման մասին տեղեկություններն արագորեն տարածվեցին քաղաքի ու մարզի սահմաններից դուրս: Ես գիտեի, որ մենք պարտավոր ենք այդ ակցիան կազմակերպել, բայց գիտեի նաեւ, որ եթե դիմենք իշխանություններին, մերժում կստանանք: Այդ իսկ պատճառով որոշեցինք երիտասարդների որոշակի խմբով հայկական եկեղեցու բակում կազմակերպել այդ ակցիան: Անհրաժեշտ էր, որ Արցախի հայությունը հասկանա՝ այն երիտասարդները, ովքեր ծնվել-մեծացել են Ռուսաստանում, տեղյակ են տեղի ունեցող իրադարձություններին, տիրապետում են հայ ժողովրդի պատմությանն ու ամուր կանգնած են հարազատ ժողովրդի պաշտպանության-աջակցության դիրքերում: Այս ուղերձը հասկացել էին նաեւ հարեւան երկրի ներկայացուցիչները, ովքեր, ի դեպ, գլխավոր հյուպատոսություն ունեն Եկատերինբուրգ քաղաքում: Նրանք դիմել էին մարզային ոստիկանություն, որտեղ կապեր ունեին: Ի վերջո, ոմանց թվացել էր, որ կպատժեն մեզ՝ ի տես մյուսների, որ չի կարելի այդպիսի միջոցառումներ անցկացնել: Ադրբեջանցիներն իրենց քայլը փորձում էին բացատրել այն հանգամանքով, որ, իբր, ազգամիջյան բախումների հրահրման փորձն են կանխում: Մինչդեռ մենք նման որեւէ մտադրություն չենք ունեցել, այլ կոչ ենք հնչեցրել՝ բացելու Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը: Այլ հարց է, որ նրանց կարող էր անհանգստացրած լինել խնդրի լուծման հարցում Ռուսաստանի հայության միավորման հեռանկարը: Բայց այդպիսի արձագանքով ադրբեջանցիներն «օգնեցին» մեզ, որպեսզի հասարակության առավել լայն շրջանակներ տեղեկություններ ստանան Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Այն մեկ օրվա ընթացքում, երբ նստած էինք, ինձ անձամբ նահանգապետը զանգահարեց ու ասաց, որ շատ է ափսոսում կատարվածի համար: Ինձ այցելեց մարդու իրավունքների պաշտպանը եւ ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար: Երեկոյան արդեն դատը կայացավ, մեզ բաց թողեցին: Այստեղ հարկ եմ համարում շեշտել. այնպես չէր, որ ռուսները հատուկ մեր դեմ էին, դա սոսկ պատահականություն էր: Իսկ ովքեր մեր հարեւանների «խնդրանքով» ցանկացել էին «օգնել» նրանց, ավելի վատ վիճակում հայտնվեցին:
-Պրն Նազարյան, խնդրում եմ, պատմեք Ձեր մասին:
-Ծնվել եմ Թեհրանում: Հայաստան ենք տեղափոխվել 1970 թ., երբ դեռ 13 տարեկան էի: Ապրում էինք Կիրովականում (այժմյան Վանաձոր.- հեղ.), որտեղ դպրոց եմ հաճախել, մեկնել բանակ: 1981 թվականից, այսինքն՝ արդեն 42 տարի, ապրում եմ Եկատերինբուրգում: Սվերդլովսկի մարզի հայկական համայնքի նախագահն եմ 1995 թվականից: Այն ստեղծվել է 1988 թ., երկրաշարժից առաջ, ավելի կոնկրետ՝ օգոստոսին: Համայնքի ստեղծման նախաձեռնողներից մեկն էլ ես եմ եղել: Իսկ դեկտեմբերին՝ երկրաշարժի ժամանակ առաջին մեծ ակցիան իրականացրեցինք. տարատեսակ անհրաժեշտ ապրանքներով բարձված երկու վագոն օգնություն ուղարկեցինք Հայաստան, ինչպես նաեւ 16 հազար ռուբլի փոխանցեցինք Հայաստանի մանկական հիմնադրամին: Արդեն ղարաբաղյան պատերազմի ընթացքում 15 օրով ձերբակալվել եմ զենք ուղարկելու համար: 2016 թ. քառօրյա պատերազմի ժամանակ անձամբ իմ գլխավորությամբ մոտ 10 հոգով 4 ՈՒԱԶ մակնիշի մեքենա, մոտ 20 տոննա բեռ տարանք Արցախ՝ առաջին գիծ: 44-օրյա պատերազմում համարյա 50 մլն ռուբլու անհրաժեշտ ապրանքներ, 50 մլն ռուբլի էլ գումար փոխանցեցինք Հայաստանին: Ուզում եմ շեշտել նաեւ, որ Ռուսաստանում նույնպես բարեգործական գործունեություն ենք ծավալում. այստեղ մեծ օգնություն ենք ցուցաբերում մանկատներին ու ծերանոցներին:
-Խնդրում եմ անդրադառնալ Սվերդլովսկի մարզում ու Եկատերինբուրգում հայապահպանության ուղղությամբ համայնքի կողմից տարվող աշխատանքներին:
-1994 թ. հիմնադրեցինք հայկական առաջին կիրակնօրյա դպրոցը, որն աշխատում է մինչ օրս, եւ դա հայապահպանության գործին միտված լուրջ քայլ է: Այստեղ ոչ միայն հայերեն են սովորում, այլ նաեւ մտածում են հայերեն: Հավաքվում են, զրուցում Հայաստանի ու հայ ժողովրդի մասին: Այս իմաստով դպրոցը հայկական հիշողության պահպանման յուրատեսակ միջոց է: Ի դեպ, մոտ 300 երեխաներ են հաճախում դպրոց, իսկ քաղաքում շուրջ 10-11 հազար հայ է ապրում: Մարզում հայերի թիվը մոտ 20 հազարի է հասնում: Տեղի բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ բժշկական ակադեմիայում, Ուրալի դաշնային համալսարանում եւ այլուր ունենք մեր երիտասարդական կազմակերպությունները: Տարբեր բուհերում դրանք սեմինարներ են անցկացնում, քննարկումներ եւ այլ միջոցառումներ: Հիմա բարձրակարգ մասնագետներ ունենք մարզի կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ դասախոսներ, իրավաբաններ, մանկավարժներ, բժիշկներ եւ այլն: Կարեւոր է, որ նրանք շարունակում են կապված մնալ հայկական համայնքի հետ: Ավելացնեմ, որ դպրոցին կից պարի, դուդուկի, դհոլի խմբեր ունենք, քանոնիստների մեծ անսամբլ ենք ձեւավորել, պրոֆեսիոնալ երեխաներ են, ովքեր արդեն ռուսական ու միջազգային տարբեր մրցույթների են մասնակցում: Թող բարձրագոչ չհնչի, Սվերդլովսկի հայկական համայնքը եթե լավագույնը չէ ողջ մարզում, ապա լավագույնների շարքում է իր բարեգործական, քաղաքական ու հասարակական գործունեությամբ:
-Հայտնի միջադեպը տեղի ունեցավ հայկական եկեղեցու բակում, որը, եթե չեմ սխալվում, նորակառույց է…
-2003 թ. դիմեցի քաղաքային իշխանություններին, խնդրեցի հող հատկացնել՝ եկեղեցի կառուցելու համար: Ընդառաջեցին մեզ՝ քաղաքի կենտրոնում հատկացնելով գրեթե կես հեկտար հողատարածք: Հրաշալի եկեղեցի կառուցեցինք՝ Սբ Հովհաննես Կարապետը, որի բացումը տեղի ունեցավ 2011 թ. հոկտեմբերի 12-ին: Ներկա էր նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Այն գործում է լիարժեք, մեր բոլոր միջոցառումները եկեղեցում կամ եկեղեցու բակում ենք անցկացնում:
Տյառնընդառաջի տոնին միջոցառում ենք անցկացրել: Շուտով երիտասարդները Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, որը նաեւ Գրքի նվիրատվության օրն է, մեծ միջոցառում կանցկացնեն քաղաքի ամենամեծ՝ Բելինսկու անվան գրադարանում: Հրավիրելու ենք նաեւ տարբեր բուհերի ոչ հայ ուսանողների՝ հայ ուսանողների հետ շփվելու եւ տոնի խորհրդին հասու լինելու համար: Մեր երիտասարդները նրանց կպատմեն նաեւ հայ պոեզիայի, հայ գրողների մասին:
-Իսկ ինչպիսի՞ն են կապերը հայրենիքի հետ:
-Նախկինում ակտիվ աշխատում էինք սփյուռքի նախարարության հետ: Ներկայացուցչական պատվիրակությունների այցեր ենք կազմակերպել Հայաստան: Սվերդլովսկի մարզի ու Հայաստանի միջեւ կար պայմանագիր, բայց այն հիմա չի գործում ժամանակը լրանալու պատճառով: Նոր իշխանություններին դիմեցինք պայմանագիրը երկարաձգելու համար, բայց պատասխան չստացանք: Իհարկե, հուսով եմ, որ ապագայում շփումներն առավել կակտիվանան:
-Ի՞նչ կուզեիք ավելացնել մեր զրույցին:
-Հայաստանը պետք է ոտքի կանգնի իր բանակի շնորհիվ: Եթե բանակ չունենանք, ուժեղ չլինենք, ոչ մի խաղաղության չենք հասնի: Իսկ ուժեղ բանակը ենթադրում է ուժեղ Հայաստան: Ուժեղ Հայաստանը նաեւ ուժեղ սփյուռք է ձեւավորում: Ուժեղ Հայաստանը բոլորիս հզորության արմատն է: