Եվ այսպես՝ Լիրիան դարձավ Իսպանիայի թագավորության 40-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
Քաղխորհրդի բոլոր չորս կուսակցությունները (Սոցիալիստական, Կոմպրոմիս, Ժողովրդական եւ Քաղաքացիական) միաձայն ճանաչեցին փողքաղաքապետ, Սոցիալիստական կուսակցության (PSOE) խոսնակ Պակո Գոռեայի ներկայացրած բանաձեւը, որը հղում էր արված «Արարատ» հայկական միության միջնորդագրին։ Միջնորդագիրը ներկայացրել էին միության անդամներ Գրիգոր Գեւորգյանն ու Արթուր Ղուկասյանը (վերջինս այժմ արդեն` երջանկահիշատակ):
Նիստին ներկա էին հայկական միության անդամներ Գրիգոր Գեւորգյանը, Աննա Սանասարյանը, Մարիաննա Կնյազյանը, Աստղիկ Սաղաթելյանը, Մխիթար Խուրշուդյանը, Նարինե Նավասարդյանը, Ջոն Սարդարյանն ու Արսեն Մարկոսյանը։ Նիստի վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ Գրիգոր Գեւորգյանը, ով այս պատմական իրադարձությունը նվիրեց վերջերս կյանքից հեռացած լրագրող, գրող, հասարակական գործիչ Արթուր Ղուկասյանի հիշատակին։
Ի դեպ, ցայսօր Իսպանիայի 6 մարզ եւ արդեն 40 քաղաք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Կենտրոնական կառավարությունը դեռ չի ճանաչել, սակայն աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Պետք է նաեւ նշել, որ վերջին առնվազն 4 տարիներին միջազգային ճանաչման գործընթացն անկում էր ապրում, այդ թվում՝ Իսպանիայում, եւ իսպանահայության պայքարը պատմական արդարությունը վերականգնելու գործում կարծես թե նոր թափ է ստանում։
«Արարատ» հայկական միություն
Վալենսիա, Իսպանիա