Մարտի 15-ին Սանկտ Պետերբուրգում՝ Հաղթանակի մոսկովյան զբոսայգու Հերոսների ծառուղում, տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ ռազմածովային ուժերի գրոհային ավիացիայի օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի։ Այդ աշխատանքային սովորական օրը շատերի համար տոն դարձավ։ Հերոսների ծառուղի էին եկել համանուն բարեգործական հիմնադրամի ղեկավար Հրաչյա Պողոսյանը, հիմնադրամի աշխատակազմը, Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Տ. Ղեւոնդ քահանան , Ռուսական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ հայր Անտոնին (Մալախովսկի)՝ Նելսոն Ստեփանյանի ծննդյան 110-ամյակը նշելու համար:
Հայ ժողովրդի մեծ զավակ Նելսոն Ստեփանյանը Լենինգրադի երկնքում կատարել է 239 մարտական թռիչք, վարել է ավելի քան 30 օդային մարտ, ջախջախել 4 անցակետ, ոչնչացրել թշնամու 17 նավ, ավելի քան 80 տանկ եւ 600 ավտոմեքենա, ավելի քան 60 զենիթային սարքավորումներ եւ գնդացիրներ:
Հիշեցնենք, որ Նելսոն Ստեփանյանը Լենինգրադի համար մղված ճակատամարտի մասնակից էր։ Արդեն 1941 թ. դեկտեմբերին նա կատարել էր 58 թռիչք, որոնցից 38-ը՝ Լենինգրադի մոտ։ Իսկ 1942 թ. մայիսի 28-ին, վերադառնալով իր սկզբնական աշխատանքին` թշնամու դեմ պայքարին, նա ուղիղ հարվածով գերմանական տրանսպորտն ուղարկեց Ֆիննական ծոցի հատակը: Մասնակցել է Ղրիմի գործողությանը, կռվել Բալթյան նավատորմի ռազմաօդային ուժերում։ 1945 թ. մարտի 6-ին խիզախության եւ գրագետ ղեկավարման համար նրան հետմահու շնորհվել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում:
Միջոցառման սկզբում երկու եկեղեցիների հոգեւորականները հոգեհանգստյան արարողություն կատարեցին խորհրդային օդաչուի հուշարձան-կիսանդրու մոտ։
Հիշատակի արարողությունից հետո Տ. Ղեւոնդ քահանան իր խոսքում ընդգծեց Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների բարեկամության կարեւորությունն ու արժեքը, իսկական հայրենասիրության եւ հայրենիքին նվիրվածության դրսեւորումը։
Հայր Անտոնին, իր հերթին, շնորհակալություն հայտնեց Հրաչյա Պողոսյանին հայ եւ ռուս ժողովուրդների նոր սերնդի մշակութային դաստիարակման գործում ներդրած ավանդի համար:
Նելսոն Ստեփանյանի հուշարձան-կիսանդրին հանդիսավոր կերպով բացվել է 2021 թ. դեկտեմբերի 9-ին՝ «Սանկտ Պետերբուրգի հայերը» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ քաղաքի կառավարության աջակցությամբ։ Կիսանդրու ստեղծման ֆինանսավորմանը մասնակցել է նաեւ Սանկտ Պետերբուրգի պատվավոր բարերար Հրաչյա Պողոսյանը։
Հրաչյա Պողոսյանի անվան բարեգործական հիմնադրամը եւ անձամբ նա իրականացրել են ավելի քան 350 ծրագիր, որոնց կեսը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի զինվորներին, իրադարձություններին եւ սխրանքներին։
«Ուզում եմ նշել, որ ռազմածովային ուժերում Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել ընդամենը երեք օդաչուներ՝ Ալեքսեյ Մազուրենկոն, Սաֆոնով Բորիս Սաֆրոնովը եւ Նելսոն Ստեփանյանը։ Շատ կարեւոր է, որ մեր ժամանակներում պետական այրերն ուշադրություն դարձնեն պատերազմի հերոսներին։ Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է ժամանակակից Ռուսաստանի զարգացման համար: Մենք երբեք չենք մոռանա այն հերոսներին, որոնց սխրանքների շնորհիվ խաղաղություն ձեռք բերվեց եւ պարզ երկինք՝ գլխավերեւում։ Չէ՞ որ այս սխրագործություններով է դաստիարակվում նոր սերունդը, ազգի հայրենասիրությունը։ Հպարտ եմ, որ հայրենիքին մատուցած ծառայությունները, Նելսոն Ստեփանյանի խիզախությունն ու նվիրումը նշվում է նաեւ այսօր»,- ասաց Հրաչյա Պողոսյանը եւ կարմիր վարդերով հիշատակի զամբյուղը դրեց կիսանդրու առջեւ։ Ծաղիկներ խոնարհեցին նաեւ Տ. Ղեւոնդ քահանան, հայր Անտոնին, «Մեր գործը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Հայկ Ադամյանը եւ այլք:
Ռազմական վետերան, պաշտոնաթող գնդապետ, Սանկտ Պետերբուրգի պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի եւ իրավապահ մարմինների վետերանների կազմակերպության միջազգային եւ տարածաշրջանային հարաբերությունների կոմիտեի նախագահ Ալեքսանդր Անտոնովիչ Ստանկեւիչն իր երախտագիտությունն է հայտնել Հրաչյա Պողոսյանին` Նելսոն Ստեփանյանի հիշատակը հավերժացնելու եւ միջոցառումը կազմակերպելու համար, ապա Սանկտ Պետերբուրգի վետերանների հասարակական կազմակերպության նախագահ, ավիացիայի պաշտոնաթող գեներալ-մայոր Վասիլի Տիխոնովիչ Վոլոբուեւի պատվերով բարեգործական հիմնադրամի գրադարանին նվիրաբերել «Հիշողության եւ ռազմական փառքի ճանապարհներով» հուշալբոմը։
Հերոսների ծառուղի էին այցելել նաեւ Սանկտ Պետերբուրգի մշակույթի գործիչներ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ Արամ Պողոսյանը, Շտիգլիցի ակադեմիայի մոնումենտալ եւ դեկորատիվ քանդակի ամբիոնի պրոֆեսոր Լյովա Բեյբությանը, զինվորականներ, Հայ առաքելական եւ Ռուս ուղղափառ եկեղեցիների ծխականներ, քաղաքի բնակիչներ։ Այս մասին հայտնում է Հրաչյա Պողոսյանի անվան բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայությունը:
Միջոցառմանը ներկա պրոֆեսոր, Ռազմական պատմության ակադեմիայի իսկական անդամ, պաշտոնաթող գնդապետ Վրեժ Հարությունյանն իր խոսքում նշեց. «Հերոսները ողջ են, քանի դեռ մարդիկ հիշում են նրանց գործերն ու անունները։ Նման միջոցառումներ պետք է կազմակերպվեն, որպեսզի երբեք չմոռանանք, թե խորհրդային ժողովուրդն ինչ գնով է հաղթանակի հասել Հայրենական մեծ պատերազմում։ Պատմական հիշողությունն օգնում է դիմակայել պատմությունը «խեղաթյուրելու» փորձերին»։