Բրյուսելում հունիսի 14-ին տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի շրջանակներում նախատեսված է նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Նախօրեին Էրդողանը TRT հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել էր, որ Թուրքիան «ՆԱՏՕ-ի հինգ ամենահզոր երկրներից մեկն է, եւ ՆԱՏՕ-ն առանց Թուրքիայի ուժեղ չէ»: Հյուսիսատլանտյան դաշինքում չեն էլ հերքում, որ Թուրքիան իրենց կարեւոր դաշնակիցն է։
Թուրքիա-ՆԱՏՕ, թուրք-ամերիկյան, թուրք-ադրբեջանական հարաբերությունների ներկա զարգացումների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ։ Նրա խոսքերով՝ Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունները եւ դրանց անցած ճանապարհը շատ կայուն հիմքերի վրա են. Թուրքիան ՆԱՏՕ-ի կարեւորագույն անդամներից է, որ ապահովում է կառույցի մի շարք կարեւոր գործառույթները Մերձավոր Արեւելքում, հետեւաբար տեղին չէ խոսել այդ հարաբերությունների շատ արագ փլուզման ու չեղարկման մասին եւ հաշվի չառնել բազմաթիվ առանձին նրբություններ։ «Առաջիկա հանդիպման ժամանակ Էրդողանի հիմնական ասելիքը կամ նպատակն է լինելու իր երկրի ընկալման մակարդակի բարձրացումը։ Թուրքիան այլեւս հավակնում է լինել տարածաշրջանային գերտերություն, եւ նրա համար ՆԱՏՕ-ի շարքային անդամի կամ ԱՄՆ-ի կրտսեր դաշնակցի կարգավիճակը վաղուց արդեն ընդունելի չէ»,- կարծիք հայտնեց Մելքոնյանը՝ նշելով, որ տարբեր մեթոդներով Թուրքիան փորձում է ավելի ամրապնդել իր կշիռը, ձայնի ազդեցությունը եւ ներկայացվածությունը հյուսիսատլանտյան բլոկում։
Այլ հարց է, որ Թուրքիայի պետական քաղաքական մտածելակերպը ստիպում է, որպեսզի իր առանձնահատկությունը եւ գործընկերների կողմից կարեւորության ընդգծումն անպայմանորեն նյութականացվեն։ Դա կարող է ենթադրել ինչպես քաղաքական օրակարգի թելադրում, այնպես էլ ՆԱՏՕ-ում որոշումներ ընդունելու հարցում շատ ավելի վճռորոշ ձայնի իրավունքի ստացում եւ այլն։ «Կա կուլիսային մի ամբողջ հարցերի շարք, որտեղ Թուրքիան արեւելյան դիվանագիտությանը հարիր մեթոդներով կարողանում է մանեւրել, այսինքն՝ իր աշխարհագրական դիրքը, բնակչությանը, ներուժը եւ այլն ծառայեցնել քաղաքական առեւտրի իրականացման համար»,- ասաց թուրքագետը։
Այդ նույն համապատկերում է նա դիտարկում նաեւ թուրք-ամերիկյան հարաբերությունները, Բայդենի հետ փոխհարաբերությունները։ Ի դեպ, Էրդողանը երկու անգամ հույս է հայտնել, որ Բայդենի հետ հանդիպումը նոր էջ կբացի երկու երկրների հարաբերություններում՝ չնայած առկա լուրջ խնդիրներին: Թեեւ Վաշինգտոնը խուսափել է նման խոստումնալից ձեւակերպումներից, սակայն Անկարա կատարած վերջին այցի վերաբերյալ հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղարը շեշտել էր Թուրքիայի կարեւորությունը որպես Միացյալ Նահանգների գլխավոր դաշնակից՝ միեւնույն ժամանակ նշելով, որ երկու առաջնորդների միջեւ բրյուսելյան հանդիպումը կլինի «անկեղծ եւ անմիջական»:
Ինչ վերաբերում է թուրք-ամերիկյան հարաբերությունների համատեքստում հայկական գործոնին, ապա Մելքոնյանի գնահատմամբ՝ «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը Բայդենի կողմից առավելապես մնալու է հենց հայտարարության մակարդակի. «Արձանագրենք, որ մինչեւ ապրիլի 24-ը Բայդենն արդեն զգուշացրել էր Էրդողանին, որ այդ եզրույթը կիրառելու են, բայց երեւի թե նաեւ հավաստիացրել էր, որ դրանից անդին որեւէ լուրջ վտանգ Թուրքիային եւ որեւէ լուրջ ձեռքբերում Հայաստանի համար այդ տերմինի կիրառումը չի ենթադրելու։ Այնպես որ, մեծ խաղը շարունակվում է, իսկ մենք մեր ուշադրությունը շարունակում ենք բեւեռել միայն բարոյական հաղթանակների եւ հայտարարությունների վրա»։
Ռեալ քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանության հարցն այս պահին չունի այնպիսի սրություն, որ կարողանա ազդել աշխարհաքաղաքական վերադասավորումների վրա կամ ունենալ այլ բնույթի կարեւոր հետեւանքներ։ Զրուցակցիս խոսքերով՝ ցեղասպանության հարցն այս պահին կարելի է բնութագրել որպես մի հարց, որից բխող վտանգները՝ քաղաքական իմաստով, Թուրքիային հաջողվել է չեզոքացնել։ «Մենք տեսնում ենք, որ անգամ ԱՄՆ նախագահի կողմից այդ հարցի արծարծումը չի ունենում ռեալ քաղաքական հետեւանքներ եւ, ըստ էության, նախատեսված էլ չէր այդպիսի հետեւանքներ»,- շեշտեց նա։ Խոսելով Թուրքիայի իմիջի մասին՝ մեկ բան հստակ է՝ այդ երկիրը, միեւնույն է, չի կարողանալու ձերբազատվել ցեղասպան պետության խարանից, որովհետեւ անհերքելի են փաստերը, իսկ առաջադեմ մարդկությունն էլ վաղուց Թուրքիային բնութագրում է որպես այդպիսին։ Չնայած այս ամենին, ըստ Մելքոնյանի, Թուրքիան շարունակելու է պատմական իրողությունը հերքելու եւ անտեսելու քաղաքականությունը։ Միեւնույն ժամանակ փորձելու է մերժողականության արշավի շրջանակներում ներգրավել նորանոր համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, որոնք փողի դիմաց կտարածեն թուրքական թեզեր կամ հայտարարություններ կանեն հայերի եւ թուրքերի «ընդհանուր անցյալի» մասին։ Թուրքիան իր քաղաքական օրակարգում գերակայությունն ու առավելությունն առավելապես տալու է հստակ խնդիրների առաջմղմանը, իսկ ցեղասպանության հարցը, այնուամենայնիվ, կարողացել է վերցնել որոշակի վերահսկողության տակ՝ չեզոքացնելով դրանից բխող վտանգները։
Հունիսի 15-ին Թուրքիայի նախագահն այցելելու է Բաքու, իսկ հաջորդ օրը Ադրբեջանի նախագահի հետ կայցելի Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաք։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչ խնդիր է լուծելու Էրդողանի այցն Ադրբեջան եւ մասնավորապես՝ Շուշի, թուրքագետը մատնանշեց երկու կարեւոր նպատակ. առաջինն զգացմունքային ֆոնն է, որպեսզի Շուշին ընկալվի որպես համաթյուրքական ձեռքբերում։ Էրդողանի ներկայությունը նաեւ ցույց է տալու, որ թուրքական ծավալապաշտական նպատակներն ու նկրտումները կարելի է իրականություն դարձնել միայն Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ եւ առաջնորդությամբ։ «Այստեղ թաքնված կամ վատ թաքնված սողացող պանթյուրքիզմն ակնհայտ դրսեւորվում է։ Բնականաբար, Շուշիում կարելի է սպասել ազգայնամոլական, պանթյուրքիստական հայտարարությունների, որոնք վստահաբար ավելացնելու են նրա հեղինակությունն Ադրբեջանում, իսկ նրա ուղերձներն ուղղված են լինելու թյուրքական աշխարհին, որտեղ Էրդողանը դիրքավորվելու է որպես այդ աշխարհի առաջնորդ։
Երկրորդ նպատակը, որն ավելի իրական քաղաքական եւ տնտեսական շահեր է հետապնդում, այն է, որ Թուրքիան կենացներից եւ ջերմ հայտարարություններից զատ ակնկալում է Ադրբեջանից նաեւ որոշակի քայլեր, որոնք կապահովեն Թուրքիայի՝ Ադրբեջանում ունեցած տնտեսական, քաղաքական, հոգեւոր եւ այլ ոլորտներում ազդեցության աճը։ «Մենք տեսնում ենք, որ այդ հարցում արդեն իսկ նկատվում են տարաձայնություններ։ Դրա դրսեւորումներից էր Շուշիում Գորշ գայլերի դպրոցի հետ կապված պատմությունը։ Փաստորեն, նախագիծը տապալվեց, ընդ որում՝ այդ պրոցեսն ինչ-որ պահի չեղարկվեց հենց Ադրբեջանի կողմից, ինչը նշանակում է, որ այնտեղ տեսնում են թուրքական ազդեցության աճը, եւ որ Թուրքիայի դիրքերի ամրապնդումը որոշակի խնդիրներ է առաջացնելու Ադրբեջանի համար»,- մեկնաբանեց զրուցակիցս՝ ընդգծելով, որ Թուրքիան որոշակի գին է պահանջելու Ադրբեջանից եւ նրա ղեկավարից իր ընտանիքի հետ մեզանից բռնազավթած տարածքներում սելֆի անելու եւ այդ ուրախությունը վայելելու դիմաց։ Հիմա մոտեցել է այն ժամանակը, երբ Ալիեւը պետք է իրական գին վճարի իր «հաղթանակի» պտուղները վայելելու համար։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ