Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողությունների թիրախում ավելի հաճախ է սկսում հայտնվել սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչությունը: Նման պահվածքը կարող է խոսել միայն մեկ միտման մասին՝ Բաքուն բոյկոտում է եռակողմ հայտարարության դրույթների կատարումը:
Միանշանակ է, որ նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի համար մեծ մասամբ անընդունելի եռակողմ հայտարարության դրույթների կատարման համար անհրաժեշտ է առաջին հերթին գոնե նվազագույն չափով նախադրյալներ ստեղծել փոխվստահության մթնոլորտի համար: Համաձայնագրով նշված կոմունիկացիաների վերաբացման դրույթն անհնար է առանց նման մթնոլորտի ձեւավորման: Փաստաթղթով վերաբացվելիք բոլոր ճանապարհները չեն կարող վերահսկվել տարածաշրջանում խաղաղապահի մանդատ ունեցող ՌԴ ստորաբաժանումների կողմից, հետեւաբար դրանց բնականոն գործելու համար տեղի բնակիչների մոտ պետք է լինի գոնե նվազագույն փոխվստահության մթնոլորտ:
Բաքուն, բնականաբար, հասկանում է այս իրողությունը, հետեւաբար, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ վերջինս սահմանային նման լարում ստեղծելով եւ վերջին շրջանում նաեւ խաղաղ բնակչությանը թիրախավորելով՝ նպատակ է հետապնդում վիժեցնել եռակողմ հայտարարության կետերի կատարումը:
Հունիսի 5-ին ադրբեջանական զինված ուժերը կրակահերթ էին արձակել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի ուղղությամբ, երբ նա գյուղի արոտավայրում արածեցրել է մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներ: Ադրբեջանական կողմը կրակահերթ էր սկսել ցերեկը ժամը 12:30-13:00-ի սահմաններում, երբ կենդանիները մոտեցել են գետակին: Այն արոտավայրի ջուր խմելու մշտական վայրն է, որը ՀՀ տարածքում է: ՀՀ ՄԻՊ գրասենյակի հավաքած փաստերի համաձայն՝ ադրբեջանցի զինծառայողները մոտ 30 րոպե կրակել են Կութի հովվի ուղղությամբ: Հովիվը կարողացել է ձիով փախուստի դիմել, սակայն այդ ընթացքում կրակահերթից ձիու ոտքը վնասվել է, իսկ ադրբեջանական զինվորականները գողացել են 80-ից ավելի եղջերավոր կենդանի, իսկ 4-ին կրակահերթով սպանել են: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայկական կողմի պատասխան կրակ բացելու արդյունքում միայն ադրբեջանցիները դադարել են կրակել: Քաղաքացիական անձանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք արձանագրվել է նաեւ Գորիս համայնքի գյուղերի շփման գծերում:
Մինչ այս Ադրբեջանը կոպտորեն խախտում էր նոյեմբերի 9-ի հայտարարության ռազմագերիների վերադարձման կետը՝ նրանց ահաբեկչության մեջ շինծու մեղադրանքներ առաջադրելով: Իսկ դրան գումարվեց ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի գերեվարման վերջին դեպքը:
Այս ամենին զուգահեռ ավելի հաճախ են դարձել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն ինչպես ՀՀ-ի, այնպես է Արցախի Հանրապետության սահմաններին: Այս ամենն ուղիղ ճանապարհ է հարթում դեպի եռակողմ հայտարարության դրույթների կատարման գործընթացի վիժեցում: Իսկ վերջինիս հիմնական կետերը վերաբերում են հրադադարի հաստատմանը եւ տարածաշրջան ռուսական խաղաղապահների ներգրավմանը:
Վերոշարադրյալից պարզ է դառնում, որ Ադրբեջանն աստիճանաբար մեծացնում է լարումը տարածաշրջանում: Արդյունքում հարցականի տակ է դրվում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, որին այնքան ձգտում է Բաքուն եւ առաջին հերթին՝ Թուրքիան: Այս համապատկերում հավանականությունը մեծ է, որ Ադրբեջանի «ավագ եղբայրը» ստիպված լինի հասկացնել վերջինիս, որ այդ գործողությունների տրամաբանությունը վտանգի տակ է դնում Ադրբեջանը Նախիջեւանով Թուրքիային կապող՝ այդքան երազած ճանապարհի վերագործարկումը: