Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ՌԴ–ի կողմից Հայաստանին զենք մատակարարելու մասին հայտարարություններն անտրամաբանական են։
Նա խոստովանել է` շատ անհանգստացած է, որ օրեր առաջ ՌԴ պաշտպանության նախարարն իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանին ռուսական զենքի մատակարարման գործընթացի մեկնարկի մասին:
«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը չի զինի Հայաստանին: Մենք այդ հարցը հասցրել ենք ռուսական կողմին: Դա մեզ անհանգստացնում է», – ասել է նա CNN Turk-ին տված հարցազրույցում:
Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ պատերազմն ավարտվել է, և իր կարծիքով` հայ ժողովուրդն ու իշխանությունը հաշտվել են պարտության հետ, ինչը, ըստ Ալիևի, ցույց տվեցին խորհրդարանական վերջին ընտրություններն ու ներկայիս իշխանության հաղթանակը:
«Այս դեպքում, իհարկե, Հայաստանի զինումը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ: Մենք առայժմ դա չենք տեսնում: Բայց ռուսական կողմից կան որոշ հայտարարություններ: Օրեր առաջ ՌԴ պաշտպանության նախարարը ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ սկսվել է ռուսական զենքը Հայաստան մատակարարելու գործընթացը: Սա շատ մտահոգիչ է»,-նշել է Ալիևը։
Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանն էլ շարունակում է զինվել թուրքական զենքով:
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ Արշակ Կարապետյանն օգոստոսի 10-ին մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով։ Օգոստոսի 11-ին Շոյգուն Կարապետյանի հետ հանդիպման ավարտին դաշույն էր նվիրել նրան և, խորհրդանշական նվերը հանձնելով, ասել էր. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինություն մատակարարելու գործընթացը մեկնարկած է»: