Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր խոստովանել է, որ Թուրքիան առանցքային դերակատարում է ունեցել արցախյան 44-օրյա պատերազմում:
CNN Turk-ին տված հարցազրույցում Ալիևն ասել է, որ անցյալ տարվա ռազմական գործողությունների ընթացքում առանց Թուրքիայի կողմից համակողմանի օգնության Ադրբեջանը հսկայական խնդիրներ կունենա:
Նա հատկապես ընդգծել է թուրքական անօդաչու սարքերի դերը: Ըստ Ալիևի` դրանց կիրառումը թույլ տվեց ադրբեջանական բանակին խուսափել մեծ կորուստներից: Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Բաքվի և Անկարայի միությունը հավերժական է:
Հարկ է նշել, որ պատերազմի ժամանակ Թուրքիան ակտիվորեն աջակցում էր Ադրբեջանին ռազմական տեխնիկայով, մասնավորապես թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ–ներով:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ պատերազմից առաջ Ադրբեջան տեղափոխված F-16 կործանիչները ևս մասնակցել են ռազմական գործողություններին: Բացի այդ, թուրք գեներալներն էին ստանձնել զորքերի գլխավոր հրամանատարությունն ու ղեկավարումը։