44-օրյա պատերազմի ավարտին ստորագրված եռակողմ հայտարարության կետերի համաձայն, Արցախի Հանրապետության Քաշաթաղի, Շահումյանի ու Ակնայի շրջաններն անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ տեղի բնակիչները ստիպված էին լքել իրենց տները: Առանձնապես մեծ թվով քաղաքացիներ անտուն մնացին Քաշաթաղի շրջանից դուրս գալու հետեւանքով: Արցախի Հանրապետության կառավարության տրամադրած տվյալներով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այս շրջանից բռնագաղթել են մոտ 3600 անձ (950 ընտանիք): ՀՀ կառավարությունն իր առաջնահերթ խնդիրներից է հռչակել վերջիններիս եւ մյուս բռնագաղթածներին բնակարաններով ապահովելը:
Հաշվի առնելով այն փաստը, որ շրջանում հիմնականում բնակություն էին հաստատել Արցախյան առաջին պատերազմի տարիներին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ԼՂՀ Շահումյանի շրջանից եւ հարակից հայկական բնակավայրերից բռնագաղթածների ընտանիքները, այսօր նրանց ճնշող մեծամասնությունը ցանկանում է բնակվել Արցախի Հանրապետության տարածքում:
Լիովին օրինաչափ է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մշակած եւ հանրային քննարկման դրած «Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը եւ ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձեւը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնական կետերով առաջնայնություն է տրվում բռնագաղթածների կողմից Արցախում բնակելի տուն կառուցելուն կամ ձեռք բերելուն:
Մասնավորապես, նախագծով սահմանված ֆինանսավորման չափերի տարբերությունը՝ Արցախի Հանրապետության տների համար ավելի շատ գումար հատկացնելը պայմանավորված է այն բանով, որ ծրագրի շրջանակներում խրախուսվում են Արցախում անհատական բնակելի տների կառուցումը եւ բռնագաղթած բնակչության վերադարձն իրենց բնակավայրեր։
Որոշման հիմնական նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետեւանքով տեղահանված ընտանիքներին, ըստ որի՝ պետական աջակցություն կտրամադրվի Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների կողմից հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար: Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերը կավելանան մինչեւ 15 մլրդ դրամի չափով:
Ծրագրի շահառու են ԼՂՀ կառավարության 2003 թ. ապրիլի 15-ի «ԼՂՀ տարածքում վերաբնակվող ընտանիքներին տրամադրվող արտոնությունների մասին» N 121 որոշմամբ հաստատված՝ վերաբնակեցման գրքույկ ստացած եւ ԼՂՀ-ում բնավորման մասին պայմանագիր կնքած, 2020 թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսներին Քաշաթաղում փաստացի բնակված, Քաշաթաղում սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույք ունեցած ընտանիքները: Շահառու է համարվում նաեւ 2020 թ. սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխան, որը դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում կամ ԱՀ-ում չունի սեփականության իրավունքով (անկախ բաժնեմասի չափից) իրեն պատկանող բնակելի նշանակության անշարժ գույք։
Որոշման մեջ ասվում է, որ պարտադիր բնակության պահանջը տարածվում է ընտանիքի բոլոր անդամների վրա, իսկ ընտանիքի բացակա անդամները դիտվում են շահառու եւ ընդգրկվում են տվյալ ընտանիքի կազմում, եթե նրանց բացակայությունը պայմանավորված է բուժման, ուսման, ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում զինվորական ծառայության հետ։
Աջակցությունը տրամադրվում է ՀՀ մարզերում եւ Արցախի Հանրապետությունում հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն (այսուհետ՝ երկուսը միասին նաեւ բնակելի անշարժ գույք) ձեռք բերող կամ տուն կառուցող շահառուին եւ ուղղվում է հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի եւ տոկոսագումարի) մարմանը:
Բռնագաղթած քաղաքացիներն աջակցության ծրագրից կարող են օգտվել մեկ անգամ եւ անկախ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից օգտվելու հանգամանքից։ Նրանց դիմումներն ընդունվելու են 2022 թ. հունվարի 1-ից մինչեւ 2022 թ. դեկտեմբերի 30-ը, եւ աջակցությունը տրամադրվում է 2022 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի մարման համար:
Ծրագրի հիմնական պայմանների համաձայն կատարվող կանխավճարի նվազագույն չափը կազմելու է ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 5 տոկոսը (բացառությամբ, եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին), եւ վարկի նվազագույն ժամկետը 120 ամիս է լինելու:
Նախագծում ասվում է, որ ՀՀ մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հատկացվելու է հանրագումարային մինչեւ 10 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 83 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ հանրագումարային մինչեւ 5.85 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 49 հազ. դրամ, իսկ Արցախում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար՝ հանրագումարային մինչեւ 12 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 100 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ հանրագումարային մինչեւ 8.66 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 67 հազ. դրամ։
ՀՀ 2022 թ. պետական բյուջեով ծրագրի համար կնախատեսվի 9 մլրդ դրամ եւ յուրաքանչյուր հաջորդ տարվա պետական բյուջեով ծրագրի համար ֆինանսական միջոցների ավելացման հարցը կքննարկվի տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում՝ հաշվի առնելով ծրագրի գծով նախորդ տարիներին կատարված փաստացի ծախսերը: Գործադիրի նախաձեռնած այս ծրագիրը շարունակական է լինելու եւ ընդգրկելու է նաեւ մյուս շրջանների բռնագաղթած բնակիչներին: