Եվս մի նոր ձեռնարկություն տեղ գտավ Արցախի տնտեսական քարտեզին, որը հանքարդյունաբերության ոլորտում բացառիկ է իր տեսակով:
«Նռանե Գոլդը» պատերազմից հետո հանրապետությունում ծնունդ առած առաջին խոշոր մասնավոր ձեռնարկությունն է, որը սկզբնական շրջանում 400-500, իսկ հետագայում, արտադրական լրիվ կարողությամբ աշխատելու պարագայում, մինչեւ 1000 աշխատատեղ կարող է ապահովել ամենատարբեր մասնագիտությունների գծով: Գործարանի շինարարական աշխատանքները Խաչենագետի հարեւանությամբ ամիսներ առաջ են մեկնարկել, եւ արդեն սկսված է սարքավորւմների տեղադրման ու մոնտաժման գործընթացը: Գլխավոր արտադրամասերն արդեն պատրաստ են ընդունելու եւ մշակելու հանվող խտանյութի առաջին տոննաները:
Ընկերության տնօրեն Արմեն Սարգսյանի հավաստմամբ, գործարանի առաջին տեղամասում զբաղվելու են խտանյութի մշակմամբ, իսկ երկրորդում վերամշակված արտադրանքը հոսքից իջնելուց հետո, որակական երաշխիքներ ստանալով թողարկվելու է որպես լիարժեք ապրանք՝ մետաղի տեսքով: Նրա խոսքով, երեք ամսից ամբողջովին կավարտվի հոսքագծերի տեղադրումը, եւ կտրվի պատրաստի առաջին արտադրանքի թողարկման մեկնարկը: «Գործարանն արտադրելու է մի քանի տեսակի գունավոր մետաղներ, որոնք կօգտագործվեն ինչպես տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես՝ շինարարությունում, այնպես էլ կարտահանվեն արտերկիր»,- ասում է Ա. Սարգսյանը եւ վստահեցնում, որ արտադրված ապրանքները բարձր որակի շնորհիվ մեծ պահանջարկ կունենան:
Անդրադառնալով ձեռնարկության մասնագետների պատրաստման խնդրին, տնօրենը նշեց, որ այդ հանգամանքը հաշվի առնելով՝ կադրերի հավաքագրումը գլխավորապես կատարվում է Խաչենագետի հարեւանությամբ գտնվող համայնքներից, որտեղ պատերազմից հետո ոչ քիչ թվով մշտական բնակավայրերից տեղահանված երիտասարդ ընտանիքներ են վերաբնակություն հաստատել: Ըստ Ա. Սարգսյանի. «Արդեն մի քանի խմբեր գործուղվել են դասընթացներ անցնելու եւ փորձ ձեռք բերելու»: Նա վստահեցրեց նաեւ, թե արհեստավոր մասնագետները բարձր աշխատավարձ կստանան: Ըստ փորձագետների ուսումնասիրության արդյունքների, հանքավայրում մինչեւ 25 տարվա հումքի պաշար կա, եւ որոնումներն այդ ուղղությամբ կշարունակվեն:
Արտադրության պետ Արտավազդ Մովսեսյանն էլ հավելեց, որ, անշուշտ, հաշվի են առնվում նաեւ բնապահպանական պահանջները՝ տարածքը թունավորումներից զերծ պահելու նպատակով, թափոնների «հավաքագրման» համար առանձնացվել է հատուկ տեղամաս: Ընկերության պատասխանատուները պարտավորություն են ստանձնել շրջակա տարածքում ծառատունկ անել, բարեկարգել համայնքներ տանող ճանապարհները եւ աջակցել տեղահանված ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանը: