Սոչիում երեկ կայացած Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ տեղեկություններ էին տարածվել, որ Սիրիայում կրկին սրվել են Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները: Կողմերը միմյանց մեղադրում էին ձեռք բերված պայմանավորվածությունները չպահպանելու մեջ: Նախ՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Թուրքիան շատ դանդաղ է կատարում սիրիական Իդլիբի շրջանի վերաբերյալ ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածությունները: Նա, մասնավորապես, շեշտել էր, որ ստանձնած պարտավորությունների շրջանակներում Անկարան չի տարանջատում Իդլիբում գտնվող ահաբեկչական կազմավորումների զինյալներին ոչ ահաբեկչական զինված խմբավորումներից եւ իրեն լոյալ ուժերից: Լավրովի այդ հայտարարությանը նախորդել եւ դրանից հետո էլ շարունակվել էին ՌԴ ԶՈւ օդատիեզերական զորքերի ավիահարվածներն Իդլիբում տեղակայված ահաբեկչական ուժերի դիրքերին: Թուրքիայի նման դանդաղկոտությունը բացատրվում էր նրանով, որ իրականում Իդլիբում գտնվող բոլոր զինված խմբավորումները՝ ներառյալ ահաբեկչականները, ենթարկվում են Թուրքիային: Ահաբեկչական զինված խմբավորումների զինյալներն ու թուրքական բանակի զինծառայողները շատ դեպքերում նույն վայրում են դիրքավորվում, եւ չի բացառվում, որ ՌԴ ավիահարվածներից տուժեն նաեւ վերջիններս:
Բայց հանդիպումից հետո տարածված տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սոչիում տեղի ունեցող հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան եւ ՌԴ-ն հաջողությամբ համագործակցում են միջազգային ասպարեզում:
«Միջազգային մակարդակում մենք բավական հաջող համագործակցում ենք: Ես նկատի ունեմ եւ Սիրիան, եւ մեր շփումները, եւ Լիբիայի հարցում համագործակցությունը: Ռուս-թուրքական կենտրոնն ակտիվորեն գործում է Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին հրադադարի ռեժիմը վերահսկելու հարցում»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ երկրների միջեւ համագործակցությունը կայունության երաշխիք է:
«Բանակցությունները երբեմն բարդ են, բայց ավարտվում են դրական արդյունքով: Մեր գերատեսչությունները սովորել են փոխզիջումներ գտնել, որոնք շահավետ են երկու երկրների համար»,- նշել է Պուտինը՝ ըստ էության փաստելով, որ ռուս-թուրքական հարաբերություններում կանխատեսվող սառնությունը մնում է ենթադրությունների մակարդակում: Ավելին՝ կողմերը գտել են հենման կետեր՝ համագործակցելու համար, եւ դրանց մենք կանդրադառնանք «ՀՀ»-ի հաջորդ համարներում:
Փոխադարձ մեղադրանքները, իհարկե, բացատրվում էին ՌԴ եւ Թուրքիայի առաջնորդների հանդիպումից առաջ կողմերի դիրքավորումներով, սակայն այդ երեւույթն ուներ խորքային եւ հիմնարար պատճառներ: Ամբողջ խնդիրն այն է, որ Սիրիայում, ինչպես նաեւ ՌԴ-Թուրքիա շփման մյուս հակամարտության գոտիներում վերջիններս սպասարկում են հակադիր շահեր: Մասնավորապես՝ Սիրիայում ՌԴ-ն Բաշար Ասադի կողքին է եւ հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության դիրքերից, իսկ Թուրքիան ճիշտ հակառակ կողմում է եւ ռազմական գործողություններ է վարում Ասադի դեմ՝ ձգտելով մասնատել Սիրիան՝ վերջինիս հյուսիսում ժամանակի ընթացքում բնակություն հաստատած թյուրքական ժողովուրդների համար տարածքներ պոկելու համար: Նման իրավիճակներում այդ պետությունների հակասությունները վաղ թե ուշ դրսեւորվելու են՝ կախված աշխարհաքաղաքական իրավիճակի կամ ուժերի հարաբերակցության փոփոխությունից:
ՌԴ-Թուրքիա փոխգործակցություն կա նաեւ այսօր Արցախի Հանրապետության շուրջ, ինչպես շեշտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Չի կարելի բացառել, որ ապագայում այստեղ եւս երկու պետությունների հակադիր շահերը բախվեն, եւ վերջիններս միմյանց մեղադրեն պայմանավորվածությունների չպահպանման մեջ: Մյուս կողմից էլ, եթե Լիբիայում, Սիրիայում, այսօր արդեն Աֆղանստանում տարածաշրջանի երկու խոշոր պետությունների միջեւ հակասություն առաջանա, ապա այն դոմինոյի էֆեկտով անխուսափելիորեն կանդրադառնա նաեւ Արցախի շուրջ տիրող իրավիճակի վրա:
Իրադարձությունների նման զարգացման նույնիսկ ենթադրվող հեռանկարը Հայաստանի առաջ դնում է սեփական զինված ուժերի մարտունակության բարձրացման գործընթացների արագացման հրամայականը: Այն բխում է նաեւ ՌԴ առաջնային շահերից, քանի որ Երեւանը տարածաշրջանում վերջինիս ռազմավարական միակ գործընկերն է, որը նաեւ պատմական խնդիրներ ունի Թուրքիայի հետ: Ավելին՝ արցախյան 44-օրյա պատերազմը փաստեց, որ հայերի նկատմամբ այդ պետության քաղաքականությունը վերջին 100 տարվա ընթացքում չի փոխվել: ՌԴ-ն տարածաշրջանում կարող է գործարկել նաեւ ՀԱՊԿ ուժերը, սակայն ռազմաքաղաքական այս միավորի գոյության կարճ ժամանակահատվածը փաստում է, որ այն կարող է իր նպատակին ծառայել միայն անդամ պետությունների ուժեղ զինված ուժերի միավորների առկայության պայմաններում:
Հարավային Կովկասում նման զարգացումներին դիմակայելու համար առաջնային կարեւորություն ունի նաեւ մյուս խոշոր խաղացողի՝ Իրանի ներգրավումը մեր անվտանգային համակարգի դիմադրողականության բարձրացման գործընթացում: Վերջինս լավ է հասկանում, որ իր հանդեպ ամենեւին էլ բարի նպատակների դրդմամբ չէ, որ Թուրքիան ուժեղացնում է ներկայությունն Իրանի հյուսիսում, այն դեպքում, երբ հարյուրավոր կիլոմետրանոց սահման ունի վերջինիս հետ: Հետեւաբար՝ տարածաշրջանում Հայաստանի առաջ հնարավոր անվտանգային մարտահրավերներին դիմակայելու համար միայն ՀՀ զինված ուժերի հզորացումը բավարար չէ, անհրաժեշտ է նաեւ աշխարհաքաղաքական հարաբերակցության նպաստավոր քարտեզ:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իր հերթին, արդյունավետ է որակել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որից հետո գրառում է կատարել իր տելեգրամյան էջում:
«Իմ գործընկեր Պուտինի հետ արդյունավետ բանակցություններից հետո մենք լքեցինք Սոչին»,-գրել է նա:
Նշենք, որ երկու նախագահների մասնակցությամբ հանդիպումը շարունակվել է շուրջ երեք ժամ, նրանք մամուլի համար հայտարարությամբ հանդես չեն եկել: Բայց այն, որ կողմերը խոսել են նաեւ արցախյան հիմնախնդրի կարգավորման մասին, պահանջում է հայկական քաղաքական մտքի ճկունություն՝ հետագա զարգացումներից դուրս չմնալու համար: Դրա անհրաժեշտությունը կա, քանի որ Պուտինը նշել է, թե այս հարցում ռուս-թուրքական համագործակցությունը տարածաշրջանում «կայունության լուրջ երաշխիք է»: