Թուրքիայի կողմից առաջարկված «3+3» ձեւաչափով հարթակը, որի ձեւավորմանն ուղղված առաջին հանդիպումը տեղի ունեցավ օրեր առաջ Մոսկվայում, թերի էր, քանի որ Վրաստանն ի սկզբանե հրաժարվել էր մասնակցել հարթակին։ Թուրքական նախաձեռնությունը փորձ է՝ զրոյացնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, ինչը չի կարող բխել Հայաստանի շահերից։ Միայն այն, որ «3+3»-ում նախաձեռնող կողմը Թուրքիան է, որը բացահայտ հակահայկական կեցվածք ունի եւ պաշտպանում է ադրբեջանական շահերը, արդեն իսկ բավարար է, որպեսզի հայկական կողմը վերապահումով մոտենա հարթակին։ Այս ձեւաչափը շրջանցում է Արեւմուտքին, մասնավորապես Ֆրանսիային, եւ վերջինս պարբերաբար քայլեր է ձեռնարկում՝ վերականգնելու իր մասնակցությունը տարածաշրջանային զարգացումներում։
Նախօրեին Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել էին մեր տարածաշրջանին՝ համաձայնելով «աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխվստահության ամրապնդմանն ուղղված քայլերին»։ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության հարցը քննարկելիս Ֆրանսիայի պետության ղեկավարը եւ նախագահ Պուտինը քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված վստահության ամրապնդմանը, այդ թվում՝ հումանիտար ոլորտում»,- ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։
Պաշտոնական Կրեմլի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ մանրամասն քննության է առնվել նաեւ արցախյան հիմնախնդրի իրադրությունը։ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է 2021 թ. նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքները, որը համընկնում է 2020 թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության ստորագրման տարեդարձի հետ։ Նա պատմել է, թե ինչպես է տարածաշրջանը միջոցներ ձեռնարկում հրադադարի պահպանման, փախստականների վերադարձի, առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման համար։ Պաշտոնական Մոսկվայի տարածած հայտարարության մեջ եւս ընդգծվել է, որ կողմերն իրենց աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով աշխատանքի ակտիվացման նպատակահարմարությանը։
Տարածված հայտարարություններում ուշադրության են արժանի որոշ ձեւակերպումներ, մասնավորապես այն, որ, օրինակ, Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ խոսվում է «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լավածության» մասին, եւ որեւէ հիշատակում չկա Արցախի, առավել եւս՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Հարց է առաջանում՝ մի՞թե շուրջ երեք տասնամյակ գոյություն ունեցող առանցքային հարցը փակված են համարում Ադրբեջանի կողմից ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման պատճառով։ Այն դեպքում, երբ Արցախի ժողովուրդն իր կամքն արտահայտել է ոչ միայն Խորհրդային Միության օրենքներին, այլեւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։
Հումանիտար խնդիրները, առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված քայլերը չեն կարող երկարաժամկետ եւ կայուն խաղաղություն ապահովել, եթե ոտնահարված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ ապահովված չէ հայերի կյանքի անվտանգությունը։ «Փախստականների վերադարձի» մասին ձեւակերպումը եւս նոր հարցերի տեղիք է տալիս. ի վերջո, փախստականների վերադարձ ասելով արդյոք նկատի է առնվում 20-րդ դարի վերջին Բաքվից, Սումգայիթից, Գանձակից, Շահումյանի շրջանից եւ Խորհրդային Ադրբեջանի այլ բնակավայրերից արտաքսված հայերի եւ նրանց ժառանգների հա՞րցը, այդ թվում՝ նյութական վնասի փոխհատուցման հեռանկարով։ Սրանք կարեւորագույն հարցեր են, որոնց բարձրաձայնումն ու արդարացի լուծումը միայն կարող են հիմք դառնալ Արցախի հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար։