Ավարներն իրենք իրենց կոչում են մաարուլալներ (լեռնցիներ), Դաղստանի ամենամեծաքանակ էթնիկ տեղաբնիկներից են: Ռուսաստանի Դաշնության 2002 թ. մարդահամարի տվյալներով՝ Դաղստանի Հանրապետությունում ապրում էին 758.438 ավարներ: Խունզախ բնակավայրում, ինչպես նաեւ, առհասարակ, լեռնային Դաղստանում հողերի ծայրահեղ պակասի պատճառով դեռեւս 18-րդ դարից սկսած (իսկ պատմական որոշ տվյալների համաձայն` ավելի վաղ ժամանակներից) ավարներն սկսեցին տեղափոխվել Ադրբեջանի հյուսիսային` Զաքաթալայի եւ Բելոկանի շրջանների բնակավայրեր։ 1999 թ. մարդահամարի պաշտոնական արդյունքներով նրանց թիվն Ադրբեջանում կազմել է 50.900: Հաշվի առնելով վերարտադրողականության բարձր ցուցանիշն ավար ժողովրդի շրջանում` պարզ է դառնում, որ նրանց իրական թիվը չի ներկայացված, ինչպես տեղաբնիկ այլ ժողովուրդների պարագայում: Դաղստանի մասնագետների մի շարք ուսումնասիրություններում ավելի մեծ թվեր են հնչում, համաձայն որոնց` ադրբեջանական տարածքում նույն ժամանակահատվածում կային ավելի քան 150 հազ. ավարներ: Պատմագիտական ուսումնասիրությունների համաձայն` ավարները, քրդերը, լեզգիները, թալիշները, ուդիները եւ նման այլ ժողովուրդներ ազգային փոքրամասնություն չեն, այլ տեղաբնիկ ժողովուրդներ, քանի որ այդ տարածքում բնակվել են ավելի վաղ, քան մինչ «ադրբեջանցիների» ի հայտ գալը:
Զաքաթալայի եւ Բելոկանի շրջանների ավարները խոսում են ավարերենի անցուխի բարբառով, որը պատկանում է դաղստանյան լեզուների խմբին։ Միաժամանակ, ադրբեջանական իշխանությունների պահանջով, ադրբեջաներենը նույնպես պարտադրվում է ավարներին եւ մյուս բնիկ ժողովուրդներին։ Ազգային փոքրամասնություններին վերաբերող նախորդ հոդվածներում ներկայացրել էինք, որ տեղի է ունենում տեղաբնիկ ժողովուրդների ձուլում, այլատյացությունն Ադրբեջանում «խժռում» է նրանց` իրենց մշակույթով, սովորույթներով եւ ազգային ավանդույթներով հանդերձ։ Սակայն այս քաղաքականությունն առանձնահատուկ ընդգծվել է 20-րդ դարի երեսունականների կեսերից, երբ կովկասյան թաթարներն ստացան իրենց ներկայիս էթնոնիմը։ 1936-ից Ադրբեջանում ապրող տեղաբնիկները հարկադրված էին վճարել հանրակրթական դպրոցների բարձր դասարաններում, ինչպես նաեւ միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար։ Նման գործելաոճն ավելի սուր երանգավորում ստացավ` ադրբեջանցների եւ այլ թյուրքալեզու ցեղերի բռնի վերաբնակեցնելով ավարների բնօրրաններում։
Ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում ավարների անձնագրերի ազգության նշատողում գրում են ադրբեջանցիներ, իսկ նրանք, ովքեր հրաժարվում են դրանից, զրկվում են կենսապահովման պայմաններից ու պետական արտոնություններից: Ավարների եւ Ադրբեջանի այլ բնիկ ժողովուրդների նկատմամբ ոտնձգությունները նպատակ ունեն ստիպելու նրանց գաղթել դեպի Դաղստանի տարածք կամ «ձուլվելու» իրենց։ Պատմական անցյալով պայմանավորված՝ «ադրբեջանական» ավարները հաճախ խոսում են Զաքաթալայի եւ Բելոկանի շրջանները Դաղստանին միացնելու անհրաժեշտության մասին։ Ինչպես հայտնի է, Աղվանքի վարչական եւ աշխարհագրական սահմանը հյուսիսում ամրագրված էր Կովկասյան լեռնաշղթայով, որն այժմ ժամանակակից Ադրբեջանի տարածքում է։ Դրա հիմքում են ընկած 1990-ականներից սկսված գժտությունները բուն ադրբեջանցիների եւ ավարների միջեւ, որոնք մինչ օրս էլ դեռ լուծում չեն գտել։ Ադրբեջանը փոխանակ հանգուցալուծի իր երկրի ներքին միջէթնիկ հակասություններն ու բախումները, հարեւան երկրների խաղաղ բնակչության դեմ է ագրեսիա ծավալում:
Ադրբեջանում դաղստանյան էթնիկ խմբերի սուր խնդիրները շարունակում են գոյություն ունենալ կրթության, մշակույթի, ավանդույթների պահպանման, երեխաներին մայրենի լեզվի, գրականության եւ պատմության ուսուցման անհրաժեշտության տեսանկյուններից: Ավարերենը դասավանդվում է տարրական դասարաններում, սակայն միայն այն դպրոցներում, որոնք տեղակայված են ավարներով խիտ բնակեցված վայրերում։ Ավարները, բացի հյուսիսային շրջաններից, բնակվում են նաեւ ադրբեջանական այլ տարածքներում` զրկվելով գոնե տարրական դասարաններում մայրենի լեզվի ուսուցումից: Հետեւաբար, Ադրբեջանում ապրող ավարների ապագան, ովքեր անհիշելի ժամանակներից ապրել են մեկ միասնական աշխարհագրական, քաղաքական, սոցիալ-տնտեսական միջավայրում եւ հանգամանքների բերումով հայտնվել տարբեր պետություններում, շարունակում է լինել վտանգված։
Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների համար անընդունելի է նաեւ պետական գաղափարախոսության մեջ թյուրքականությունը ներառելու փորձը։ 1992-1993 թթ. Ադրբեջանում ընդունվել է «Մեկ ազգ (թուրք)՝ երկու պետություն» բանաձեւը, եւ ոլորտի փորձագետների մեծամասնությունը կարծում է, որ պանթյուրքիզմի գաղափարը չի ընդունվել եւ ներկայումս էլ չի ընդունվում տեղաբնիկ ժողովուրդների ու ազգային փոքրամասնությունների կողմից։
Վերջին շրջանում ավարների ազգայնականության ակտիվության աճ է նկատվում՝ պայմանավորված հիմնականում երեք գործոնով. ա. սոցիալ-տնտեսական, բ. Դաղստանում գործող ավար ազգայնական ուժերի ազդեցությամբ, գ. ադրբեջանական (թյուրքական) ծայրահեղ ազգայնական դրսեւորումներով:
Այս բոլոր գործոնները ներկայում բավական քողարկված են եւ սրվում են երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի ապակայունացման հետ մեկտեղ։ Ադրբեջանում հրատարակվող գիտական գրականության մեջ, զանգվածային լրատվամիջոցներում եւ այլ աղբյուրներում հեղինակները չեն ներկայացնում երկրի տեղաբնիկ ժողովուրդների ու ազգային փոքրամասնությունների ներկա վիճակը՝ խուսափելով ավարների, ցախուրների, լեզգիների, քրդերի եւ այլ ժողովուրդների էթնոնիմների օգտագործումից, հատկապես ազգությունը նշելուց: Բոլորին միասին կոչում են ադրբեջանցիներ: Դա հանգեցնում է այդ ժողովուրդների զայրույթին եւ ազգային ինքնադրսեւորման խիստ անհրաժեշտությանը:
Այսպիսով՝ տվյալների ժամանակային համեմատությունն ու վերլուծությունը հնարավորություն են տալիս ավելի խորը հասկանալու Ադրբեջանի ժողովրդագրական իրական պատկերը: