Համաշխարհային պայքարն ընթանում է էներգետիկ ռեսուրսների, դրանց փոխադրման ուղիների եւ հատկապես դրանց նկատմամբ վերահսկողության շուրջ: Աշխարհում ընթացող ուժերի վերադասավորումները, ինչն այս պահին առավել ակտիվ փուլում է Ուկրաինայում, անմիջականորեն կարող են առնչվել նաեւ Վրաստանին։ Օրերս Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել էր, որ երկիրը մոտ ապագայում իրավական քայլեր է ձեռնարկելու ՌԴ-ին միանալու համար։ Չճանաչված հանրապետության խորհրդարանի խոսնակ Ալան Թադտաեւը «ՏԱՍՍ»-ին հայտնել էր, որ մոտ ապագայում այդ հարցով կանցկացվի հանրաքվե։
Բիբիլովի կարծիքով, այն բանից հետո, երբ վրացական իշխանությունները հայտարարեցին, որ միանում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, իրենք պետք է հաշվի առնեն բոլոր հնարավոր ռիսկերը, քանի որ «անկախ Վրաստանի դիրքորոշումից ու ցանկություններից, այն կարող է մղվել սադրանքների ու լարվածության սրման»։ «Ես կարծում եմ, որ Ռուսաստանի հետ միավորումը մեր ռազմավարական նպատակն է, մեր ճանապարհը։ Եվ Հարավային Օսիան կշարժվի այս ճանապարհով»,- ասել է նա:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու մասին ապրիլի 2-ին CNN-ին տված հարցազրույցում խոսել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ նշելով, որ Վրաստանը մասնակցում է Ռուսաստանի դեմ Արեւմուտքի սահմանած բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին։ Մինչդեռ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կիրակի օրը Աջարիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը չի կիրառելու տնտեսական պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, քանի որ դա հակասում է ազգային շահերին։ «Ուզում եմ նորից պարզաբանել. Վրաստանի կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ չեն լինի: Մենք՝ մեր թիմը, ելնում ենք մեր երկրի ազգային շահերից, մեր ժողովրդի շահերից»,- ասել է Ղարիբաշվիլին՝ հավելելով, որ վերջին 30 տարվա ընթացքում Վրաստանի տարածքում երեք անգամ ռազմական հակամարտություններ են տեղի ունեցել։ Այդ իրողություններից ելնելով, կառավարության ղեկավարը կարծում է, որ սխալները չկրկնելու համար պետք է մեծ զգուշություն ցուցաբերել։
Վրաստանի նախագահի հայտարարությանն արձագանքել է նաեւ «Եդինայա Ռոսիա»-ի անդամ, ՌԴ դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Անդրեյ Կլիմովը՝ համարելով, որ դա արվել է ի պատասխան Ռուսաստանի մաս դառնալու Ցխինվալիի ցանկության։ Առավել ուշագրավ է խորհրդարանի վերին պալատի ներկայացուցչի այն հայտարարությունը, թե չի բացառվում, որ նման իրադարձությունների համատեքստում (Հարավային Օսիայի մասով,- խմբ.) Աջարիան կարող է հետեւել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի օրինակին եւ սկսել Վրաստանից անջատվելու գործընթացը։ «Հաշվի առնելով պատմական (թուրքամետ), կրոնական (իսլամական) եւ աշխարհագրական (ծովային սահմանները Թուրքիայի հետ) հանգամանքները՝ դժվար չէ հասկանալ, որ Անկարան բաց չի թողնի հնարավորությունն ուժեղացնելու իր ազդեցությունը Սեւ ծովի հյուսիսարեւելյան տարածաշրջանում աջարացի անջատողականների աջակցությամբ»,- գրել է նա տելեգրամյան իր ալիքում։
Ինչ խոսք, Թուրքիայի արտաքին քաղաքականության հայեցակարգում մեծ տեղ է զբաղեցնում «փափուկ ուժի» միջոցով ազդեցության ընդլայնումը։ Բացառություն չէ նաեւ Վրաստանը, մասնավորապես Աջարիայում Թուրքիան, նաեւ Ադրբեջանը հետեւողականորեն մեծացրել են իրենց տնտեսական ներկայությունը՝ Վրաստանում վերածվելով բավականին ազդեցիկ գործոնի։ Տարիների ընթացքում վրացական բիզնեսի չափաբաժինը Բաթումում նվազել է, մինչդեռ թուրքական ներդրումները հասել են 70 տոկոսի։ Թեեւ Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Չերեն Յազգանը հերքել է Անդրեյ Կլիմովի հայտարարությունները՝ նշելով, որ «Թուրքիան աջակցում է Վրաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը», սակայն չի բացառվում, որ կգա ինչ-որ մի պահ, հարմար իրավիճակ, երբ Թուրքիան այլեւս չի բավարարվի միայն տնտեսական զգալի ներկայությամբ։ Իսկ այդ պահը, կարծես թե, հասունանում է։
Ի դեպ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետեւանքով մեծացել է Վրաստանի սեւծովյան նավահանգիստների՝ Բաթումի եւ Փոթիի հանդեպ հետաքրքրությունը։ Խոսքը վերաբերում է ինչպես բեռնափոխադրումներին, այնպես էլ՝ դեպի Եվրոպա վառելիք հասցնելուն։ Վերջերս Ղազախստանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ ստորագրվել է «Անդրկասպյան Արեւելք-Արեւմուտք միջանցքի մասին» հռչակագիրը, որում ներկայացված են Անդրկասպյան Արեւելք-Արեւմուտք միջանցքի կարեւորությունը եւ հռչակագրին մասնակից պետությունների տարանցիկ ներուժի ամրապնդմանն ուղղված քայլերը։ Հռչակագրում անդրադարձ կա նաեւ Անդրկասպյան Արեւելք-Արեւմուտք միջանցքի ինտեգրմանը միջազգային տրանսպորտային համակարգին եւ կողմերի միջեւ տնտեսական համագործակցության ամրապնդմանը։ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Գուրամ Գուրամիշվիլիի խոսքով, 2022-2023 թթ. Բաթումի նավթային տերմինալով նախատեսվում է տեղափոխել ղազախական ծագման մոտ երկու միլիոն տոննա նավթ եւ նավթամթերք։
Վերջին շրջանում տարածաշրջանային խաղացողների ուշադրությունը գրավել է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին կամ Միջին միջանցքը: Այս նախագծի իրականացումը սկսվել է 2013 թ., այն միջազգային տրանսպորտային միջանցք է, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, այնուհետեւ հասնում է Թուրքիա եւ եվրոպական երկրներ։ Ենթադրվում է, որ այս երթուղին ապագայում թույլ կտա երեք անգամ կրճատել չինական ապրանքների Եվրոպա առաքման ժամանակը։ Հենց այս երթուղին են որոշել զարգացնել Բաքուն եւ Թբիլիսին, որով կկարողանան կրկնապատկել բեռնափոխադրումների հոսքը Ղազախստանից դեպի Բուլղարիայի, Թուրքիայի եւ Ռումինիայի նավահանգիստներ։
Այսպիսով, Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին շրջանցում է Ռուսաստանը եւ ուղղակի մրցակից է Հյուսիս-Հարավ երթուղու երկայնքով տրանսպորտային միջանցքին ոչ միայն Անդրկովկասով, Իրանով դեպի Հնդկաստան, այլեւ Ռուսաստանի հարավային նավահանգիստներով դեպի Աֆրիկա, որի գործարկումը նախատեսված է հաջորդ տասնամյակում:
Մեր անմիջական հարեւանությամբ տեղի ունեցող այս բոլոր գործընթացներն անմիջականորեն առնչվելու են նաեւ Հայաստանի շահերին։ Նման զարգացումներից սպասվող մարտահրավերներին դիմակայելու համար նախեւառաջ անհրաժեշտ է ապահովել մեր երկրի եւ ժողովրդի անվտանգային միջավայրը, ինչը հնարավոր է միմիայն ուժեղ ազգային բանակի առկայության պարագայում։ Այս օրերին բոլոր պետությունները, որոնք նախատեսում են իրենց տեղը պահպանել ներկայումս ձեւավորվող ապագա աշխարհաքաղաքական քարտեզի վրա, մեծացնում են առաջին հերթին իրենց ռազմական ներուժը։