Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Թուրքիայի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի գործողությունները տեղավորվում էին աշխարհաքաղաքական հարաբերությունների հայտնի գործիքի՝ «մտրակի եւ կարկանդակի քաղաքականության» մեջ: Ապրիլի 24-ի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում թուրքական դեսպանատան դիմաց բողոքի ցույց անող Հայոց ցեղասպանության ժառանգներին արձագանքեց թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպությունը խորհրդանշող՝ մատների կոմբինացիայով: Մի կողմ թողնենք, որ նման պահվածքը հարիր չէ դրսեւորել սովորական քաղաքացիների հետ բարձրաստիճան դիվանագետի հարաբերվելու ժամանակ: Այստեղ հատկանշականն այն է, որ սա է Թուրքիայի իրական դեմքը, արտաքին քաղաքականության հիմնական գիծը, որը պարբերաբար քողազերծում են այդ երկրի բարձրաստիճան այրերը:
Քաղաքակիրթի դիմակը սեփական ձեռքերով 2017 թ. հանեց նաեւ Էրդողանը՝ Վաշինգտոնի թուրքական դեսպանատան դիմաց իր թիկնապահներին հրամայելով ծեծի ենթարկել քուրդ ցուցարարներին: Սակայն Թուրքիայի ԱԳ նախարարի հետ տեղի ունեցած վերջին միջադեպում էականն այն է, որ պաշտոնական Անկարայի արտաքին քաղաքականության պատասխանատուն չի կարողանում թաքցնել իր երկրի իրական նկրտումները հայ ժողովրդի ներկայացուցիչների հանդեպ այն ժամանակ, երբ վերջին 100 տարվա ընթացքում առաջին անգամ ընթանում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններ հաստատելու գործընթաց:
Այստեղ անխուսափելի էր ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի արձագանքը, որում նա ներկայացրել էր ՀՀ դիրքորոշումը՝ ասելով, որ Չավուշօղլուի գործողությունները դատապարտելի են եւ ոչ մի կերպ չեն նպաստում երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման մթնոլորտի ու երկխոսության ձեւավորմանը։ Վերջինս նաեւ ողջունել էր դեպքի առթիվ Ուրուգվայի ԱԳՆ Թուրքիայի դեսպանին կանչելու փաստը:
Սա Թուրքիայի իրական՝ մտրակի քաղաքականությունն է, որը նա վարել եւ վարում է իր բոլոր հարեւանների հանդեպ: Այսօր Անկարան այն վարում է հիմնականում Ադրբեջանի առաջնորդի միջոցով՝ պարբերաբար հնչեցնելով Հայաստանին եւ Արցախին ուղղված զավթողական կոչեր եւ սպառնալիքներ, ինչպես հերթական անգամ արվեց օրերս՝ Շուշիում:
Թուրքիան Թուրքիա չէր լինի, եթե սրան զուգահեռ չտաներ իր կարկանդակի քաղաքականությունը: Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը, հրապարակված՝ Էրդողանի ուղերձում ավանդական ժխտողական քաղաքականություն փաստող դրույթներից բացի, հնչեցին նաեւ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու կոչեր: Թուրքիայի առաջնորդն իր ուղերձում խոսում է Հայաստանի հետ միասնական ապագա կառուցելու մասին՝ հիշեցնելով 1000 տարվա համակեցության փաստը:
Փաստորեն, Էրդողանը լավ է հիշում, թե մոտավորապես երբ են իր նախնիները ներխուժել հայերի բնօրրան եւ պարբերական ջարդերի ու արտաքսումների միջոցով խլել նրա մեծ մասը: Սակայն եթե նա անկեղծ է հայերի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, ապա պետք է ընդունի իր իրավանախորդների իրականացրած՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության իրողությունը, որն էլ միակ գրավականն է նոր էջից հարաբերություններ հաստատելու համար: Պաշտոնական Անկարան, սակայն, համառորեն չի գնում իր սխալներն ընդունելու եւ դրանք ուղղելու ճանապարհով: Ցանկացած միջպետական հարաբերությունների կառուցման հիմքում ցեմենտող տարրը վստահությունն է, իսկ առանց երկու ժողովուրդների միջեւ նախկին հիմնահարցերի հարթման հարաբերություններ հաստատելը հեռանկար չունի, սա էլ այն դեպքում երբ խոսքը մարդկության դեմ կատարված ամենամեծ հանցագործություններից մեկի՝ ցեղասպանության փաստի մասին է:
Ցավալի է, որ այսօր, այս պատմական շրջափուլում Չավուշօղլուի գաղտնազերծած մտրակի քաղաքականությունն ավելի ճիշտ է բնութագրում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, քան Էրդողանի մատուցած կարկանդակի քաղաքականությունը: Եթե Թուրքիան չհրաժարվի առաջինից, ապա միանշանակ արդյունավետ չի լինի նաեւ երկրորդը: