Արցախի ուղղությամբ ԱՄՆ-ի եւ Եվրախորհրդի աննախադեպ ակտիվությանը Մոսկվան չէր կարող չարձագանքել: Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը վերջին 2 ամսվա ընթացքում երկու հեռախոսազրույց եւ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ: Եվրոպացի պաշտոնյան այդ ժամանակահատվածում Արցախի խնդիրը քննարկել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս ուղղությամբ աննախադեպ ակտիվություն է դրսեւորում նաեւ ԱՄՆ-ը՝ ի դեմս պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, որը ոչ պակաս նախաձեռնողականությամբ եւ հաճախականությամբ հեռախոսազրույցներ է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եւ արտաքին գործերի նախարարների հետ:
Նման իրավիճակում, երբ բացի Ուկրաինայի ռազմաճակատից, ազդեցության գոտիների ուղղությամբ ոչ պակաս որոշիչ եւ ուժեղ պայքար է ընթանում դիվանագիտական ճակատում, ՌԴ-ն չէր կարող իր ակտիվությամբ զիջել վերջիններիս՝ անկախ այն հանգամանքից, որ հիմնական ուշադրությունը եւ ռեսուրսներն ուղղել է իր արեւմտյան սահմաններին:
Ավանդույթի համաձայն՝ Արեւմուտքի այդ աննախադեպ ակտիվությանը ՌԴ-ն պատասխանեց ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի շուրթերով: Վերջինս ԱՄՆ-ի եւ ԵԽ-ի համար հատուկ շեշտեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացն իրականացվում է գոյություն ունեցող եւ ստորագրված փաստաթղթերի, այն է՝ եռակողմ հայտարարության եւ դրան հաջորդած՝ ՌԴ նախաձեռնությամբ ստորագրված մյուս փաստաթղթերի հիման վրա: Զախարովան ակնարկեց, որ ոչ այնքան Շառլ Միշելի նախաձեռնությամբ է ակտիվանում երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու գործընթացը, որքան ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ համաձայնությունների շրջանակներում:
ՌԴ ԱԳՆ խոսնակն ավանդական ճեպազրույցում հայտնեց, որ մոտ օրերս կկայանա Արցախի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ։ Զախարովան, բնականաբար, չմոռացավ նաեւ արձանագրել, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման հիմք է դիտարկում բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունները եւ շարունակում է ակտիվ աշխատանքը Երեւանի եւ Բաքվի հետ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի գործարկումը, խաղաղ պայմանագրի համաձայնեցումը:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ ՌԴ-ն մնում է Արցախի խնդրի կարգավորման առկա ձեւաչափերում: Այստեղ խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին է, որի կողմերն առանձին-առանձին, բայց ակտիվ գործողություններ են իրականացնում իրենց հիմնական առաքելության իրագործման ուղղությամբ:
«Հիմնական նշանակությունը տալիս ենք այն փաստաթղթերի ձեւաչափերին եւ իրականացմանը, որոնք միասին իրական արդյունք են տալիս: Այդ արդյունքը զգում են խաղաղ բնակիչները, տնտեսական օպերատորները, տարածաշրջանը՝ ընդհանրապես»,-եզրափակեց Զախարովան:
Զախարովայի հայտարարությունից ժամեր անց Էնթոնի Բլինկենը կրկին անդրադարձավ Արցախի հիմնախնդրին՝ ասելով, որ անընդհատ խոսում է կողմերի առաջնորդների հետ՝ Արցախը հնարավոր նոր կոնֆլիկտի բռնկումից հետ պահելու համար: Ապրիլի 29-ին էլ Ալիեւը շտապեց հայտնել, որ ԵԽ նախաձեռնությամբ մայիսի սկզբին նախատեսված է հերթական հանդիպումը Բրյուսելում: Երեկ, սակայն, Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, «Արմենպրեսի» հարցին ի պատասխան, հայտարարել է, որ «Բրյուսելում նման հանդիպման մասին այս պահին տեղեկատվություն առկա չէ»:
Արցախի շուրջ իրավիճակի կարգավորմանն ուղղված այս նախաձեռնողականության մրցավազքը միայն ողջունելի է եւ կարող է զսպող դեր խաղալ Ադրբեջանի համար՝ վերջինիս հետ պահելով տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնող սադրանքներից: