Աշխարհում եւ, մասնավորապես, մեր տարածաշրջանում ձեւավորված ուժային կենտրոնները, դաշինքները Հայաստանի Հանրապետությանը պարտադրում են օգտագործել բոլոր հնարավորություններն ու ձեւաչափերը, որոնք առավելագույնս տեղավորվում են սեփական անվտանգային համակարգի ուժեղացման ռազմավարության մեջ: Հատկապես 44-օրյա պատերազմից հետո առավել ընդգծվեցին եւ ամրապնդվեցին Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական հարաբերությունները, որոնք լիովին տեղավորվում են իրենց իսկ հռչակած «մեկ ազգ, երկու պետություն» ձեւակերպման մեջ:
Հայաստանը ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ եւ ինտեգրված է ՀԱՊԿ անվտանգային համակարգին: Ինչպես ՌԴ-ն, այնպես էլ ՀԱՊԿ-ի գրեթե բոլոր պետություններն այս պահին լավ հարաբերություններ են պահպանում Ադրբեջան-Թուրքիա ռազմաքաղաքական դաշինքի հետ: Դաշինք, որի հետ Հայաստանը դեռ միջազգայնորեն ընդունված իրավահարաբերությունների ձեւաչափերով փոխառնչություն չունի, ավելին՝ լուրջ խնդիրներ կան Ադրբեջանի հետ: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը դաշնակցային հարաբերություններ է հաստատում ՌԴ-ի հետ եւ փորձում է լավ հարաբերություններ ձեւավորել Իրանի հետ, որի շահերից չեն բխում Հարավային Կովկասում, այսինքն՝ իր հյուսիսում ադրբեջանաթուրքական դաշինքի գործողությունները, որոնք ուղղված են իրենց ազդեցության մեծացմանը եւ հետպատերազմյան ստատուս-քվոյի ամրապնդմանը:
Ուժային այս հարաբերակցության եւ գերակայող գործընթացների պայմաններում Հայաստանը պարտադրված է բազմազանեցնել իր անվտանգային համակարգը եւ եղածին ավելացնել նորերը: Իսկ նման ձեւաչափ ոչ միայն Իրան-Հայաստան հարաբերություններն են, այլեւ Հայաստան-Հունաստան-Կիպրոս փոխգործակցությունը: Վերջինս այս պահին Թուրքիա-Ադրբեջան ձեւաչափին առարկայորեն հակադրվող եւ զսպող մեկ այլ անվտանգային համակարգ է: Այն դեպքում, երբ Ադրբեջանից հնչում են չդադարող ռազմատենչ հայտարարություններ, իսկ Թուրքիան էլ Հայաստանի հետ իր հարաբերությունները կառուցում է Ադրբեջանի շահերի համատեքստում, Հայաստանը պարտադրված է իր անվտանգային համակարգը լրացնել այս ձեւաչափերով: Եթե Թուրքիան բնական է դիտարկում իր դաշնակցի ռազմատենչ հայտարարությունների եւ գործողությունների ներքո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց վարելը, ապա այդ գործընթացին չի կարող նույն տրամաբանությամբ խանգարել Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի հարաբերություների խորացումը:
Ասվածի համատեքստում նախօրեին Հայաստանի ՊՆ-ում անցկացվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ: Դրանց մասնակցել են ՀՀ ՊՆ, Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի եւ Կիպրոսի ազգային գվարդիայի բարձրաստիճան պաշտոնյաներ: Ըստ ՀՀ ՊՆ-ի տարածած տեղեկատվության՝ հանդիպման ընթացքում ամփոփվել են Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի միջեւ երկկողմ, եռակողմ ձեւաչափերով իրականացվող ռազմական համագործակցության շրջանակներում նախորդ տարիներին կատարված աշխատանքները, քննարկվել համագործակցության զարգացման հեռանկարները: Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը եւ միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր:
Հունաստանի հետ Հայաստանի սերտ համագործակցությունը՝ նաեւ պաշտպանության ոլորտում, նոր երեւույթ չէ: ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի հետ փոխգործակցությունը կարեւոր է հատկապես Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կառույցների առանձնահատկություններին ծանոթանալու եւ դրանք յուրացնելու առումով, քանի որ այսօր ՆԱՏՕ-ի՝ մեծությամբ երկրորդ երկիրը՝ Թուրքիան, Ադրբեջանի զինված ուժերն ամբողջությամբ տանում է այդ դաշինքի ռազմական չափորոշիչների ներքո: Հետեւաբար, Հայաստանի պաշտպանության եւ անվտանգային համակարգի ռազմավարության մշակման համար շատ կարեւոր են ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամ հանդիսացող բարեկամ երկրների փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը:
Ասվածի համատեքստում կարեւոր են վերջին հանդիպման եւ խորհրդակցությունների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրված 2022 թ. Հայաստանի եւ Հունաստանի միջեւ երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը եւ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ռազմական համագործակցության գործողությունների պլանը: ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Հայաստանի եւ Կիպրոսի երկկողմ ռազմական համագործակցության 2022 թ. ծրագիրը ստորագրվել էր 2021-ի հոկտեմբերին: