Այն ժամանակ, երբ Հին աշխարհամասի երկրների ուշադրությունն ու ռեսուրսներն ուղղված են Ուկրաինայի ճգնաժամի լուծմանը եւ դրա հետեւանքների դեմ պայքարին, Եվրոպայի խորհրդի մեծ ուշադրությունը Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհարաբերություններին բավական խոսուն փաստ է: Մնում է հուսալ, որ այն Եվրոպա-Ռուսաստան ոչ դրական հարաբերությունների ներքո մրցակցության հերթական ճակատի չի վերածվի: Այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահական երեք ուղղություններից էլ հնչում են նույնաբովանդակ հայտարարություններ, ըստ որոնց՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները պետք է արագ կարգավորվեն: Բոլոր երեք ուղղություններում էլ ընդունում են, որ արցախյան հակամարտությունը լուծված չէ, այն պետք է արվի քաղաքական բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության կարգավիճակը որոշելով:
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նպատակով երկու ամսվա ընթացքում Բրյուսելում երկրորդ եռակողմ հանդիպումն է կազմակերպվում Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի եւ Իլհամ Ալիեւի միջեւ: Կիրակի օրը՝ մայիսի 22-ին, ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել եւ նույն՝ հանգստյան օրը կհանդիպի Շառլ Միշելի հետ: Եռակողմ հանդիպումը նախատեսվում է անցկացնել երկուշաբթի՝ մայիսի 23-ին:
Ապրիլի 6-ին կայացած նախորդ բրյուսելյան հանդիպման ժամանակ Շառլ Միշելի միջնորդությամբ երկու հարցի վերաբերյալ էր կայացվել է որոշում: Առաջինով երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել էր սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները եւ այդ ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ ու շփումներ: Հանդիպման հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացրած սկզբունքները, հարցերը պետք է ի մի բերվեն եւ բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն: Ի դեպ, խոսքը Ադրբեջանի ներկայացրած 5 սկզբունքների եւ Հայաստանի դրական արձագանքի հետ ներկայացրած Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության երաշխիքների, նրանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության, ինչպես նաեւ Արցախի վերջնական կարգավիճակի ճշգրտման հիմնարար սկզբունքների մասին է:
Բրյուսելում ձեռք բերված երկրորդ որոշմամբ մինչեւ ապրիլի վերջ Հայաստան-Ադրբեջան սահմանների ճշգրտման հարցերով պետք է ստեղծվեր երկկողմ հանձնաժողով, որն ունենալու էր կրկնակի մանդատ՝ բուն սահմանագծման եւ սահմանի երկայնքով անվտանգության ու կայունության ապահովման նպատակով:
Ամենայն հավանականությամբ, բրյուսելյան հերթական հանդիպման օրակարգը նույնն է լինելու, առավել եւս, որ այդպես էլ չի հաջողվել կազմակերպել սահմանազատման եւ սահմանագծման հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը: Ալիեւը հանձնաժողովի հանդիպման ձախողման մեջ մեղադրեց Հայաստանին, բայց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունների ենթատեքստից պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմը պատրաստ չի եղել հանդիպմանը՝ իրավական հիմքերի փոխարեն, ամենայն հավանականությամբ, կրկին փորձելով քննարկման օրակարգ բերել առավելապաշտական առաջարկներ, որոնք պարբերաբար հնչում են պաշտոնական Բաքվից եւ հայտնի են բոլորին:
Մայիսի 23-ին Բրյուսելում, ինչպես նշեցինք, քննարկվելու են նույն հարցերը, մասնավորապես՝ գործընթացների արագացման խոչընդոտների վերացման քայլերը: Ըստ էության՝ բրյուսելյան հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության տրամաբանության մեջ է՝ համանախագահների՝ միմյանց հետ առանց շփման, բայց դե ֆակտո այդ ձեւաչափում գործելով: Հայկական կողմը պետք է անի հնարավորը հարաբերությունների հաստատման գործընթացը դե յուրե Մինսկի խմբի ձեւաչափ տեղափոխելու համար՝ լավ իմանալով, որ դրա համար իրական հնարավորություններ կստեղծվեն միայն ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո: