Հայ-թուրքական հարաբերությունները դեռ չսկսված կասեցվեցին հենց Անկարայի նախաձեռնությամբ՝ նախորդ դարի 90-ականների սկզբին: Թուրքիան իր այդ քայլը հիմնավորեց Արցախում ադրբեջանական ագրեսիային ի պատասխան հայկական ուժերի՝ օկուպացված Արցախի եւ հարակից շրջանների ազատագրման փաստով: Արցախյան 44-օրյա ագրեսիայի հետեւանքով այդ շրջանների եւ ԼՂՀ-ի բուն տարածքի զգալի մասն օկուպացնելուց հետո Թուրքիան հայտարարեց, թե պատրաստ է հարաբերություններ սկսել Հայաստանի հետ, եւ կողմերը փոխադարձաբար համաձայնության եկան, որ բանակցությունների գործընթացը պետք է լինի առանց նախապայմանների:
Հուլիսի 21-ին թուրքական «TRT Haber»-ին տված հարցազրույցում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ուղիղ խոսքում ասաց, որ Անկարան Երեւանի հետ հարաբերությունների հաստատման գործընթացը համակարգում է Բաքվի հետ, որովհետեւ իրենք մեկ ազգ են, երկու պետություն՝ հավելելով, որ կոնկրետ քայլեր են ցանկանում տեսնել Հայաստանից: Վերջին արտահայտությունը տրամաբանորեն վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Չավուշօղլուի խոսքով՝ Անկարան Երեւանից կոնկրետ քայլեր է ակնկալում Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացում: Այն միանշանակ փաստում է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար նախապայմաններ է առաջադրում: Եթե սրան գումարենք այն փաստը, որ Բաքուն Երեւանի հետ բանակցություններում առաջ է քաշում առավելապաշտական եւ շատ դեպքերում նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չամրագրված պայմաններ, ապա պատկերն ամբողջական կդառնա:
Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են հարաբերություններ հաստատելու եւ տրանսպորտատնտեսական հաղորդակցությունները բացելու մասին՝ եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Թուրքիայի հետ: Պաշտոնական Երեւանն այդ ուղղությամբ կատարում է հստակ գործողություններ, հետեւաբար այստեղ օրինաչափ հարց է առաջանում, թե ի՞նչ նկատի ունի Չավուշօղլուն՝ Հայաստանից կոնկրետ քայլեր ակնկալելու մասին արտահայտությամբ: Եթե նկատի ունի ՀՀ ինքնիշխանության հաշվին քայլեր անելը, մասնավորապես «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանության մեջ, ապա հայկական կողմը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը դրա անհնարինության վերաբերյալ:
Դրան ի պատասխան՝ այսօր Բաքվից եւ Անկարայից համառորեն հնչում են ծայրաստիճան ապակառուցողական հայտարարություններ նույն «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ: Չավուշօղլուի հարցազրույցի օրը Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը Ստամբուլում Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի օրենսդիր մարմինների ղեկավարների երկրորդ եռակողմ նիստի ժամանակ հայտարարեց, որ միջանցքի բացումը նոր հնարավորություններ կստեղծի այդ երեք երկրների համար:
Նման ապակառուցողական գործողությունները չեն կարող նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Միջազգային դիվանագիտական պրակտիկայում ընդունված չէ երկու երկրների հարաբերությունների կառուցումը երրորդ երկրի շահերին միակողմանի առաջնայնություն տալու պայմաններում: Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը չի կարող իրականացվել Հայաստանի ինքնիշխանության որեւէ տոկոսի զիջման հաշվին: Պետք է փաստել, որ նորանկախ Հայաստանը զարգացել եւ իր առաջընթացը կարող է շարունակել առանց Թուրքիայի հետ սահմանի բացման, առավել եւս, որ Անկարայի կողմից մինչ օրս, բացի նախապայմաններից, այլ հայտարարություններ չեն հնչում: Այս պայմաններում ավելորդ է խոսել նույնիսկ հարաբերությունները կարգավորելու համար Հայոց ցեղասպանության փաստի հետ Թուրքիայի առերեսման հեռանկարի մասին:
Մյուս կողմից էլ կարեւոր է արձանագրել, որ Թուրքիայից միջանցքային տրամաբանության հայտարարությունները հնչեցին թեհրանյան հանդիպումից անմիջապես հետո, որտեղ Իրանի հոգեւոր առաջնորդն այդ երկրից հերթական կտրուկ ուղերձը հղեց հայ-իրանական հազարամյա սահմանների անձեռնմխելիության մասին: Եթե վերոշարադրյալ գործընթացներին ավելացնենք նաեւ Թալինի Արագածավան գյուղում նույն օրը թուրքական սահմանապահների անհամարժեք արձագանքը հայ-թուրքական սահմանը ոչ միտումնավոր հատած հայազգի հովիվների նկատմամբ, ապա պատկերն ամբողջանում է:
Անկարան եւ Բաքուն Հայաստանի հետ քաղաքական բանակցություններում փորձում են խոսել ջիհադիստ ծայրահեղական գրոհայինների օգնությամբ համատեղ իրականացրած ագրեսիայի ելքի դիրքերից, ինչն անթույլատրելի է ոչ միայն բարոյականության, բարիդրացիականության, այլ նաեւ դիվանագիտության գործող նորմերի դիտանկյունից, հետեւաբար՝ եթե թյուրքական պետություններն իրոք ցանկանում են Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, առավել եւս՝ Հարավային Կովկասում խաղաղության դարաշրջան բացել, ինչպես իրենք են հայտարարում, ապա պետք է էապես փոխեն հայկական կողմի հետ խոսելու ոճը: