Գիտական-փորձագիտական շրջանակներում սովորաբար խուսափում են զուգահեռներ տանել Արցախի Հանրապետության եւ Կոսովոյի միջեւ, ինչն ունի իր փաստարկված պատճառները: Կոսովոն Սերբիայի ձեւավորումից ի վեր դարերով եղել է սերբական տարածք, որտեղ այդ ընթացքում ավելացել էր ալբանացիների թիվը, իսկ հազարամյակներով սեփական բնօրրանում ապրող արցախցուն իր կամքին հակառակ բռնակցել են արհեստականորեն ստեղծված պետությանը: Լենինի մտահղացմամբ՝ Ադրբեջանի ստեղծումը թույլ կտար սոցիալիստական հեղափոխությունը տարածել հարեւան Իրանում: Պատմական հիմնավորումների տեսանկյունից բացարձակապես անհամադրելի այս երկու պետությունների հռչակման գործընթացները դիտարկելիս պետք է արձանագրել, որ Կոսովոյի դեպքում ձեւավորվել է միջազգային կառույցների եւ պետությունների կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի ճանաչման նախադեպ ողջ աշխարհի, նաեւ Արցախի համար:
Այսօր Բաքվի առաջնորդը հայտարարում է, թե Ադրբեջանի տարածքում չկա Արցախի Հանրապետություն անունով միավոր: Թողնենք մի կողմ այն, որ, ըստ էության, Ալիեւը ճիշտ է ասում՝ Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել այսօրվա Ադրբեջանի Հանրապետության կազմում՝ վերջինից շուտ հռչակելով իր անկախությունը փլուզվող Խորհրդային Միությունից: Հակառակ Բաքվի առաջնորդի հայտարարություններին՝ 44-օրյա պատերազմով արցախյան հիմնահարցը չի լուծվել եւ տեղափոխվել է քաղաքական բանակցությունների սեղան: Արցախի կարգավիճակի հարցում առաջիկա անխուսափելի բանակցային գործընթացի ժամանակ, ինչպես փաստում է համաշխարհային արդի պրակտիկան, առաջնայնությունները տրվելու են ոչ թե պատմական փաստարկներին, որտեղ Ադրբեջանն ասելիք չունի, այլ իրավական հիմքերին եւ միջազգային իրավունքի առումով նախադեպային որոշումներին:
Վերջինիս դեպքում Կոսովոյի խնդրով Արդարադատության միջազգային դատարանի նախադեպային որոշման դիտարկումն առաջնային կարեւորություն ունի: 2008 թ. փետրվարի 17-ին Կոսովոյի ինքնակառավարման ժամանակավոր միավորը Սերբիայից անկախության հռչակագիր ընդունեց: Նույն տարում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, համաձայն կառույցի կանոնադրության 96-րդ հոդվածի, Արդարադատության միջազգային դատարանին խնդրեց խորհրդատվական եզրակացություն տալ, թե արդյոք Կոսովոյի ժամանակավոր ինքնակառավարման ինստիտուտների կողմից անկախության միակողմանի հռչակումը համապատասխանո՞ւմ է միջազգային իրավունքի նորմերին:
2010 թ. ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, եզրակացրեց, որ Կոսովոյի անկախության հռչակումն ամբողջությամբ չի խախտում Անվտանգության խորհրդի որեւէ միջազգային փաստաթուղթ կամ բանաձեւ, ներառյալ 1244 բանաձեւի (դրանով 1999-ին ստեղծվեց ՄԱԿ-ի ժամանակավոր վարչակազմի առաքելություն Կոսովոյում) դրույթները եւ, հետեւաբար, չի հակասում միջազգային իրավունքին: Դատարանը, սակայն, նշել էր, որ Անվտանգության խորհրդի բանաձեւերով պետք է որոշվի Կոսովոյի վերջնական կարգավիճակը: Դատարանն իր այդ եզրակացությունը կայացնելիս ելել էր այն հիմնավորումից, որ ինքնորոշման իրավունքն իրացնելիս այս կամ այն տարածքը՝ որ երկրի կազմում ուզում է լինի, պարտավոր չէ դիմել այդ երկրի կենտրոնական իշխանությանը՝ իր ինքնիշխանությունը հայտարարելուց առաջ թույլտվություն ստանալու համար: Այս փաստը մատնանշեց Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ՝ հիմնավորելով Ղրիմի, Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների կայացրած որոշումները:
1991 թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների խորհուրդների ժողովրդական պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած նստաշրջանն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը, իսկ արդեն 1991 թ. դեկտեմբերի 10-ին Արցախի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումը։ Արցախն այդ ժամանակ գործող ԽՍՀՄ իրավական նորմերի համաձայն, մասնավորապես՝ փոփոխված Սահմանադրության ազգերի ինքնորոշման նոր նորմի տառին համապատասխան ինքնորոշվեց, եւ նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում ձեւավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ Ադրբեջանական Հանրապետություն։ Սրան Բաքուն պատասխանեց ռազմական ագրեսիայով, որի հետեւանքով Արցախն ազատագրեց իր պատմական տարածքները:
Արդարադատության միջազգային դատարանը, իր կարծիքում հղում անելով նախորդ ժամանակաշրջաններում հաստատված միջազգային իրավական պրակտիկային, եկել էր այն եզրակացության, որ միջազգային իրավունքը ինքնորոշման կամ անջատման հարցերին վերաբերող չի սահմանում ոչ թույլատրող, ոչ արգելող կանոններ։ Այս առումով Անկախության միակողմանի հռչակումը չի կարող դիտարկվել միջազգային իրավական նորմ, այն ներկայացնում է միայն դե ֆակտո ինքնորոշման հանգամանքը: Դատարանը հայտնեց, որ անկախության հռչակումից չի բխում, որ անկախացած տարածքային միավորը ձեռք է բերում պետության բնույթ, եւ որ այն պետք է որոշի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կամ Անվտանգության խորհուրդը։ Չնայած ՄԱԿ-ի վերոնշյալ կառույցները չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը, բայց դատարանի այս որոշումը հիմք դարձավ, որ դրա ընդունումից երեք տարի անց՝ 2013 թ. դրությամբ արդեն 98 պետություն ճանաչեր հիմնականում ալբանացիներով բնակեցված Կոսովոյի անկախությունը:
Բազմաթիվ չճանաչված պետությունների համար Կոսովոյի մասով ընդունված դատարանի որոշումը նախադեպային է, որով փաստացի ճանաչվում է հանրաքվեի կամ հռչակագրերի միջոցով իրացված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացում այն պետք է լինի բանակցային հիմնական գործիքներից մեկը, եւ Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ արցախցիների կայացրած լեգիտիմ որոշումները պետք է հասնեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի եւ Անվտանգության խորհրդի քննարկման օրակարգ, առավել եւս, որ Արդարադատության միջազգային դատարանի նախադեպային որոշմամբ Արցախի Հանրապետության անկախության հռչակման ակտը չի հակասում միջազգային իրավունքին: