Հայաստանի եւ Արցախի շուրջ ընթանում են ինտենսիվ տարածաշրջանային գործընթացներ, որոնք հրամայական են դարձնում մեր արտաքին քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների առաջնահերթությունների դիվերսիֆիկացումը: Հարավային Կովկասում ակտիվություն ցուցաբերող երկրները ձգտում են հարաբերություններն ու համագործակցությունը խորացնել այնտեղ գտնվող բոլոր երկրների հետ եւ, կախված սեփական շահերից, որոշակի հարցում այս կամ այն պետության հետ ձեւավորում են տարբեր մակարդակի փոխգործակցություն: Այլ կերպ ասած՝ Հարավային Կովկասի երկրների հետ հատկապես տնտեսական ոլորտում այլ պետությունները հարաբերությունները կառուցում են բացառապես սեփական տնտեսական եւ քաղաքական շահերի տեսանկյունից՝ անտեսելով այն իրողությունը, որ արցախյան հիմնահարցը պահանջում է, որ նույնիսկ տնտեսական հարցերում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ տարվող գործընթացներում պահպանվի հավասարակշռությունը:
Հաջորդ շաբաթ Բաքվում Իրանը, Ռուսաստանը եւ Ադրբեջանը քննարկելու են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակներում համագործակցությունը։ Այդ մասին օրերս հայտնեց Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին: «Հաշվի առնելով գլոբալ իրադարձությունները եւ հատկապես Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ միջազգային տարանցիկ երթուղիներով ապրանքների եւ էներգիայի փոխադրման հետ կապված խնդիրները՝ Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղու կարեւորությունը կրկին գրավել է համաշխարհային հանրության ուշադրությունը: Այս ճանապարհի զարգացումը կարեւոր է Իրանի եւ երկու հարեւան երկրների (Ռուսաստան, Ադրբեջան) համար»,-ասել է իրանցի դիվանագետը եւ շեշտել, որ տարածաշրջանի եւ նրա սահմաններից դուրս շատ երկրներ շահագրգռված են այդ միջանցքից օգտվելու հնարավորություններով։
Փորձագիտական շրջանակների համար աքսիոմատիկ ճշմարտություն է այն տեսակետը, որ Հյուսիս-Հարավ տարածաշրջանային տրանսպորտային ու տնտեսական ուղին եւ՛ քաղաքականապես, եւ՛ տնտեսապես ձեռնտու է, որ անցնի Հայաստանի եւ Վրաստանի տարածքներով, իսկ դրա համար անհրաժեշտ է որոշ ճանապարհային ենթակառուցվածքներ բարելավել: Այն դեպքում, երբ Իրանը Ռուսաստանին ամենակարճ ճանապարհով կապող Կասպից ծովի ուղին է գործում, եւ Ադրբեջանով անցնող ու գործող ցամաքային ճանապարհներ էլ կան, կարելի է ենթադրել, որ Հյուսիս-Հարավի ենթակառուցվածքները կրկին այդ երկրով զարգացնելու լոբբինգը հենց Բաքվից է արվում, իսկ նպատակը տարածաշրջանային հաղորդակցության ուղիներից Հայաստանին առավելագույնս մեկուսացնելն է:
Ստացվում է, որ մի կողմից միջազգային կառույցների ու պետությունների ջանքերով խթանվում են հայ-ադրբեջանական բանակցությունները տարածաշրջանում համագործակցություն հաստատելու եւ հաղորդակցության ուղիները բացելու ուղղությամբ, մյուս կողմից՝ պաշտոնական Բաքուն շարունակում է նախկին քաղաքականության իներցիայով քայլեր ձեռնարկել Հայաստանին տարածաշրջանային ծրագրերից դուրս թողնելու ուղղությամբ: Դրա ակնառու օրինակներից են ՀՀ հարավային սահմանների մոտ Ադրբեջանի կողմից ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման վրա ահռելի գումարների վատնումը եւ նոր ծրագրերի առաջ մղումը: Այսպես՝ այն դեպքում, երբ, ըստ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, մոտ ժամանակներս սկսելու է գործել Ադրբեջանը Մեղրիով Նախիջեւանին միացնող ճանապարհը, Բաքուն մեծ գումարներ է ծախսում այն շրջանցող եւ Իրանով անցնող ուղիների զարգացման վրա՝ Արաքս գետի վրա վերականգնելով ու կառուցելով նոր կամուրջներ եւ դրանց հասնող ենթակառուցվածքներ: Ակնհայտ է, որ դրանով Բաքուն ձգտում է նույնիսկ ՀՀ-ի սահմանակից իրանական շրջանների տրանսպորտային ենթակառուցվածքները կապել ադրբեջանականին՝ շրջանցելով Հայաստանը:
Առկա աշխարհաքաղաքական դասավորության պայմաններում ակնհայտ է, որ Հարավային Ասիայի երկրների կապը Եվրոպայի հետ ամենաօպտիմալ տարբերակով անցնում է Հայաստան-Վրաստան-Սեւ ծով հատվածով, եւ այն առաջին հերթին տնտեսապես է շահավետ: Համաշխարհային հարաբերությունների պատմությունը փաստում է, որ եթե փորձ է արվում տնտեսապես շահավետ գործընթացները փոխարինել առավել ոչ շահավետ այլընտրանքներով, ապա այդտեղ միանշանակ առաջնային գործոն է քաղաքականությունը: Երեւույթին այլ բացատրություն տալ հնարավոր չէ:
Այս դեպքում Հայաստանի թիվ մեկ խնդիրը տարածաշրջանային խաղացողներին տնտեսական եւ քաղաքական շահերի այդ հակադրության մասին հիշեցնելն է, ինչը Երեւանը կարող է անել իր գործողությունների դիվերսիֆիկացմամբ, ընդ որում՝ եւ՛ տնտեսության, եւ՛ քաղաքականության ոլորտներում: Տարածաշրջանային նոր զարգացումներն այն հրամայական են դարձնում, առավել եւս, որ հայկական շահը միշտ էլ պահանջել է հավասարակշռված եւ փոխլրացնող քաղաքականություն վարել միջազգային հարաբերությունների բոլոր ոլորտներում: