Վերջին շրջանում իրանցի փորձագետներն ու վերլուծաբաններն ավելի հաճախ են անդրադառնում տարածաշրջանային զարգացումներին՝ մասնավորապես կարեւորելով Իրան-Ադրբեջան, Իրան-Թուրքիա փոխհարաբերությունները, որոնց առանցքը չարաբաստիկ «Զանգեզուրի միջանցքն» է, որն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի ու Իրանի ազգային անվտանգության շահերին։
Հիշյալ հոդվածներն ընթերցելիս հիշեցի Մոհամեդ մարգարեին վերագրվող մի ավանդապատում, որի մասին վկայությունները, շիա եւ սունի որոշ կրոնագետների կարծիքով, որպես այդպիսին, թույլ են։ Այսուհանդերձ, հիշում եմ, որ առնվազն, երբ ես էի դպրոցական, հայրենասիրության թեմաներում հաճախ էր վկայակոչվում այդ ավանդապատումը։ Այն արաբերենով այսպես է հնչում. «Հոբ ալ վաթան, մեն ալ իման» («Հայրենասիրությունը հավատի դրսեւորում է)։ Բայց, ըստ երեւույթին, մինչեւ «դանակը ոսկորին չհասավ», իրանցիները հիշյալ երկրների հետ փոխհարաբերություններում գերակա էին համարում կրոնական ու «պատմամշակութային» ընդհանրությունները, թեեւ Հայաստանը եւս ազգային անվտանգության համատեքստում թերացումներ է թույլ տվել։ Հիշյալ հարցերի շուրջ իրանցիների վերլուծականները, որոնք հրապարակվում են տպագիր մամուլում ու տարբեր կայքերում, բավական հետաքրքիր են, որոնցից մի քանիսը պարբերաբար կներկայացնենք «ՀՀ»-ի ընթերցողների ուշադրությանը։
Օգոստոսի 28-ին «Դոնյա-ե էղթեսադ» օրաթերթը հրապարակել է իր քաղաքական մեկնաբան Սաիդեհ Սադաթ Ֆահրի «Կովկասյան սադրանքների հետնաբեմում» վերնագրով հոդվածը, որտեղ հեղինակը զրուցել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ավագ փորձագետ Սալար Սեյֆըդդինի հետ։ Նա, որպես նախաբան, ներկայացրել է Ալիեւի համաթյուրքական նկրտումները՝ տարբեր առիթներով նրա վերջին ելույթներում։ Հրապարակումը՝ ստորեւ, որոշ կրճատումներով։
Սադաթ Ֆահրին նշել է, որ վերջին ամիսներին Ալիեւը պարբերաբար խոսում է «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանին միացնելու մասին, ինչն էլ հստակորեն հայտարարել է նաեւ իր վերջին ելույթներից մեկում։ Իսկ օգոստոսի 24-ին, Ղազախստանի նախագահի հետ համագործակցության փաստաթղթեր ստորագրելիս, խոսել է «Արեւելյան Զանգեզուրը» Նախիջեւանին միացնելու հույժ կարեւոր նշանակության մասին, ընդգծել, որ այն կլինի «կենտրոնական միջնացքի» մի հատված։ Հեղինակն անդրադարձել է նաեւ օգոստոսի 26-ին թվիթերում Ալիեւի գրառմանը՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ, որում նա կարեւորել է հայ բնակչության տեղահանումն ու ռուս խաղաղապահների՝ այնտեղից դուրս բերումը։ Ապա նշել է, որ դատելով Ալիեւի խոսքերից կարելի է ասել, թե նա նպատակամղված է Հայաստանը Եվրոպային կապող բոլոր կետերը յուրացնել եւ այս առնչությամբ ոչնչի առաջ կանգ չի առնելու։ Այս առնչությամբ Սեյֆըդդինը «Դոնյա-ե էղթեսադիի» թղթակցին հայտնել է, թե Ալիեւի խոսքերը «Զանգեզուրի միջանցքի» մասին խիստ կարեւոր են, ինչը շուրջ երկու տարի է, որ շարունակ կրկնում է, եւ ամեն անգամ էլ Իրանի ղեկավարությունն ամենաբարձր՝ հեղափոխության առաջնորդի, նախագահի ու ԱԳ նախարարի մակարդակներով խիստ բացասական դիրքորոշում է արտահայտում։ Նա հավելել է, որ Ալիեւն իր կեցվածքը պատճառաբանում է այն բանով, թե պատերազմից հետո Նախիջեւանին միանալու հնարավորություն չի ստացել, մինչդեռ, եթե Լաչինի միջանցքի մասին հստակորեն նշված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում, ապա չի խոսվել «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Նա հավելել է՝ ահա թե ինչու, ի պատասխան Ալիեւի հավակնությունների, Իրանի բանակը նախորդ տարի, որպեսզի կանխարգելի Բաքվի որեւէ հանկարծակի գործողություն, երկրի հյուսիսարեւմտյան սահմանի ողջ երկայնքով իրականացրեց կարեւոր զորավարժություն, իսկ այնուհետեւ Կապանում բացվեց հյուպատոսարան. քայլեր, որոնք շատ լուրջ մեսիջներ են պարունակում։
Սեֆըդդինը շեշտում է, որ Բաքուն երկու տարբերակով կարող է Հայաստանով գնալ Նախիջեւան։ Երեւանն ու Բաքուն պետք է համաձայնության գան, ապա համաձայնագիր ստորագրեն անվտանգ երթեւեկելու վերաբերյալ, որով Հայաստանին վերապահվելու է տարանցիկության եւ հատուկ իրավիճակներում ու դեպքերում այն փակելու իրավունք։ Սակայն նման նախագիծ իրականացնելու համար անհրաժեշտ են կողմերի միջեւ դիվանագիտական ու հյուպատոսական փոխհարաբերություններ, մինչդեռ կողմերի միջեւ անգամ քաղաքական փոխհարաբերություններն են բացակայում։ Ավելին՝ Բաքուն ընդհանրապես նման մտադրություն էլ չունի։ Ուստի Ալիեւի ասածներից կարելի է միայն մեկ եզրակացություն անել. մեծ հավանականությամբ, նա մտադիր էր գրավել Հայաստանի մի հատվածը, ինչի դեպքում կրկին կբռնկվի հայ-ադրբեջանական բախում։ Սեյֆըդդինը շեշտել է, որ այս դեպքում, հաշվի առնելով հեղափոխության առաջնորդի տարբեր առիթներով հնչեցրած խոսքերը սահմանների փոփոխության միանգամայն անընդունելիության մասին, Իրանը դուրս կգա Բաքվի դեմ, իսկ եթե ռազմական բախում լինի, Իրանը համապատասխան քայլի կդիմի։
Ինչպես տարբեր առիթներով նշել ենք, չարաբաստիկ միջանցքն ավելի շուտ խիստ անհրաժեշտ է Էրդողանին՝ իր նեոօսմանական ծրագրերն իրականացնելու համար, եւ Անկարան Ռուսաստանի «կանաչ լույսով» Ադրբեջանին ռազմական բազմակողմանի աջակցություն ցուցաբերեց։ Այլ կերպ ասած՝ «մեկ ազգ՝ երկու երկրի» շահերը պատերազմ սկսելու հարցում լիովին համընկնում էին, ինչի արդյունքում ձեւավորվել է թուրք-ադրբեջանական հանրապետություն։ Դրա վառ վկայությունը 2020 թ. պատերազմի «հաղթանակի» տոնակատարության ժամանակ Էրդողանի համաթյուրքականության զգացմունքների անզուսպ պոռթկումն էր՝ ուղղված Իրանի տարածքային ամբողջականության դեմ, ինչն արժանացավ վերջինիս խիստ հակազդեցությանը։
Սակայն Սեյֆըդդինն այլ կերպ է մեկնաբանում։ Նա, խոսելով «Մեծ Թուրքեստան» ստեղծելու հարցում Ալիեւի դերի մասին, շեշտել է, թե 2020 թ. պատերազմից հետո Արեւմուտքն ու ՆԱՏՕ-ն Բաքուն որպես Թուրքիայի լրացուցիչ մաս դիտարկելով՝ Ալիեւին գործակալի դեր են վերապահել, որի մեջ նա կատարելապես մխրճվել է։ Իրանցի փորձագետն Ալիեւի դերի մասին նշել է, թե ՆԱՏՕ-ն խոշոր հաշվով ցանկանում է կյանքի կոչել աշխարհաքաղաքական մի նախագիծ, որի շրջանակներում Իրանին, Չինաստանին ու Ռուսաստանին Ասիայում դուրս կբերի համաթյուրքականության դեմ հանդիման։ Նա հավելել է, որ Ալիեւի՝ համառորեն նման միջանցք պահանջելու նպատակը «Թուրանական միջանցքով» Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը վերացնելն է, ինչը նշյալ նախագծի առաջին փուլն է, որի հաջողության դեպքում անցնելու են հաջորդ փուլին։ Բայց եւ այնպես բացառված չէ նաեւ, որ այս փուլում Անկարայի ու Արեւմուտքի շահերը համաթյուրքականության հարցում համընկնեն։