Նպատակ ունենալով ոչնչացումից փրկել վտանգված արժեքները «քաղպաշտպանության պլանի համաձայն»` ընդամենը 20 օրվա ընթացքում շուրջ 50 պատմամշակութային հուշարձաններ, մոնումենտալ արվեստի նմուշներ են տարհանվել Քաշաթաղի շրջանի բնակավայրերից, որոնք հիմնականում կտեղադրվեն մայրաքաղաք Ստեփանակերտում եւ շրջկենտրոններում: Թե այդ բացառիկ արժեքների տեղափոխումն ինչպես է կազմակերպվել, դրանց հետագա ճակատագիրն ինչ սկզբունքներով է որոշվելու, եւ որտեղ են հանգրվանելու խաչքարերը, մոնումենտալ հուշարձաններն ու արվեստի մյուս գործերը, լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
«2020 թ. 44-օրյա պատերազմից հետո մենք տեսանք, թե թշնամին, առանց վայրկյաններ կորցնելու, ինչպիսի խանդավառությամբ ձեռնամուխ եղավ Արցախի պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների եւ մյուս արժեքների ավերմանն ու պղծմանը. վանդալիզմի եւ ատելության մի այնպիսի արշավ, որն ուղղորդված էր Ադրբեջանի իշխանությունների, անմիջականորեն երկրի նախագահի կողմից, ինչը եռանդով շարունակվում է եւ այսօր: Ոչնչացվում են դարերի ընթացքում մեր ժողովրդի կողմից ստեղծված այն բացառիկ արժեքները, որոնք սրբորեն պահպանվում էին սերունդների կողմից, եւ որոնցով հպարտանում էինք: Բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ են այն ցնցող տեսարաններն ու պատկերները, թե Ի. Ալիեւի հանձնարարությամբ վանքերի ու եկեղեցիների պատերից ինչպես են փորվում եւ հեռացվում հայերեն արձանագրությունները, անխնա ջարդվում խաչքարերը, ավերակների վերածվում սրբատեղիները,- ասում է մասնագիտությամբ պատմաբան փոխնախարարը:- Թեկուզեւ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եւ մյուս եկեղեցիների թարմ օրինակները բավական են դասեր քաղելու համար: Ի դեպ, չմոռանանք սոցցանցերում տեղադրված այն կադրերը, որոնցում երեւում է, թե հակառակորդը հայերի նկատմամբ իր ատելությունը չթաքցնելով` ինչպիսի մոլեռանդությամբ է ավերում Ջրականի եկեղեցին, նենգությամբ ձեւախեղում Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը, պղծում Մեծ հայրենականի զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրը: Վանդալիզմի դրսեւորման հարյուրավոր փաստեր կարելի է արձանագրել: Անշուշտ, նման ճակատագիր է սպասում նաեւ Քաշաթաղի պատմաճարտարապետական հուշարձաններին եւ կոթողներին, մշակութային օջախներին, որտեղ հազարավոր ցուցանմուշներ են պահվում: Հետեւություններ անելով վերոհիշյալից` ստիպված էինք «ծայրահեղ» քայլերի դիմել՝ փորձելով փրկել որոշ արժեքներ»:
Գերատեսչության պատասխանատուի խոսքերով` մինչեւ օգոստոսի 25-ը տարհանվել են Քաշաթաղի շրջանում, մասնավորապես՝ Բերձորում գտնվող մոնումենտալ հուշարձանները, գրքային ֆոնդն ու թանգարանային ցուցանմուշները, մի շարք հուշակոթողներ, խաչքարեր… Մասնավորապես` տարհանվել են արցախյան պատերազմներում նահատակված մարտիկների հիշատակին կառուցված հուշարձանները: «Բնականաբար, հնարավոր չէր ամբողջությամբ փրկել մեծածավալ գործերը: Խոսքը հատկապես կառուցված հուշահամալիրներին է վերաբերում: Բայց, այնուամենայնիվ, ջանքեր են գործադրվել առավել բարձրարժեք ստեղծագործությունները, մոնումենտալ աշխատանքները փրկելու համար»,- պարզաբանում է Լ. Հովհաննիսյանը:
ԿԳՄՍ փոխնախարարը հավաստիացնում է, որ տարհանված արժեքները «կենտրոնացված են անվտանգ տարածքում», եւ մասնագետների հետ շահագրգիռ քննարկումներից հետո հաշվի կառնվեն նրանց կարծիքները, եւ այդ հուշարձաններն ու թանգարանային ցուցանմուշները կգտնեն իրենց արժանի տեղը: Ամենայն հավանականությամբ, պետական եւ գիտական արժեք ներկայացնող ցուցանմուշները կհանձնվեն Արցախի պատմաերկրագիտական թանգարանին: Նրա տեղեկացմամբ` դրանց շարքում այստեղ կհանգրվանի նաեւ Սրբոց Նահատակաց եկեղեցու բակից տարհանված 11-12-րդ դարերի խաչքարը, որը «մշակութային մեծ արժեք» է ներկայացնում:
Ցավով արձանագրելով Բաքվի թշնամական գործելաոճի մասին աղաղակող փաստերը, փոխնախարար Լ. Հովհաննիսյանն ընդգծում է, թե «մշակույթի յուրացման, մշակութային էթնոցիդի քաղաքականությունը նոր չէ, եւ այն դեռեւս խորհրդային տարիներին է «գործողության մեջ դրվել»: Նրա խոսքերով` դա արվում է մի քանի փուլով՝ մինչեւ 19-րդ դարի եկեղեցիները ներկայացվում են որպես աղվանական կամ ուդիական: Ուղղափառացման գործընթացն սկսվեց Շուշիի եկեղեցիների պարագայում: Իսկ ահա 1990-ական թվականներից հետո կառուցվածներն անխտիր ոչնչացվում են: «Չմոռանանք, որ Ադրբեջանը նոր պետություն է, չունի մշակութային ինքնատիպություն եւ փորձում է հայկական, իրանական եւ այլ մշակույթների յուրացմամբ ստեղծել իր մշակույթը: Մահմեդական ժողովուրդների, մասնավորապես` թաթերի, թալիշների, լեզգիների, ավարցիների դեպքում դա ավելի դյուրին է ստացվում: Իսկ քանի որ հայերի պարագայում լուրջ խոչընդոտների են հանդիպում, ուստի ադրբեջանցիները «հավելյալ ուղիներ» են փնտրում եւ դրանք օգտագործում զուտ մշակութային էթնոցիդ իրականացնելու համար»,- կարծում է Լեռնիկ Հովհաննիսյանը:
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ