«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Դեմ առ դեմ» խորագրի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Զրուցել ենք հայ-ամերիկյան հարաբերություններում ներկա զարգացումների, ինչպես նաեւ մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների մասին։
-Սեպտեմբերի 17-19-ը պաշտոնական այցով Երեւան էր ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Ինչպիսի՞ արդյունքներ կարող ենք ակնկալել այցից։ Որո՞նք էին ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի հիմնական ուղերձները։
-Այցն ինքնին ուղերձ էր, որովհետեւ դեռեւս մեկ ամիս առաջ տեղեկություններ կային նախատեսվող այցելության մասին, եւ կարեւոր էր, որ ադրբեջանական ագրեսիայից հետո այցը չչեղարկվեց եւ չհետաձգվեց։ Կարեւոր էր նաեւ այն, որ Հայաստանը հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, մամուլը կենտրոնացած էր այդ այցի լուսաբանման վրա։ Սա նույնպես դրական էր, քանի որ հնարավորություն տրվեց մեզ ներկայացնելու ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տեղի ունեցածը։ Կարեւոր ուղերձներից էր այն, որ խոսնակը ի պատասխան այն հարցի, թե ինչ կարող է Միացյալ Նահանգները տալ Հայաստանին, նշեց, որ նախ ինքներդ կողմնորոշվեք, հետո միայն կքննարկենք։ Բնականաբար կարեւոր էին գնահատականները, որոնք դիվանագիտական լեզվով փաթեթավորված չէին, իրերը կոչվում էին իրենց անուններով՝ ագրեսիայի մեջ մեղադրվում էր Ադրբեջանը, քննադատվում էին ադրբեջանական գործողությունները, այսինքն՝ փաթեթավորումը քաղաքական էր, այլ ոչ թե դիվանագիտական։ Սրանք այցի կարեւոր ուղերձներն էին, եւ դրանք մեր արտաքին քաղաքականության մեջ ամենօրյա դիվանագիտական աշխատանքում պետք է կարողանանք արդյունավետ օգտագործել, որովհետեւ գերտերության դիրքորոշումներ են։ Փելոսին, բնականաբար, Միացյալ Նահանգների դիրքորոշումն էր հայտնում ոչ դիվանագիտական լեզվով, ինչպես վարվում է Պետքարտուղարությունը։
-Ի՞նչ է ակնկալում Միացյալ Նահանգները Հայաստանից։
-Միացյալ Նահանգները երկու կարեւոր բան է շեշտում, մեկը՝ իրենք հարգում են մեր՝ որպես ժողովրդավար պետության ՀԱՊԿ-ին անդամակցելու եւ Ռուսաստանի հետ ռազմավարական բնույթի հարաբերություններ ունենալու ընտրությունը, բայց պետք է կողմնորոշվենք, թե ինչի կարիք ունենք, որից հետո դա կարող ենք քննարկել ամերիկյան կողմի հետ։ Նրանք ոչ թե ասում են՝ ինչ էլ ուզեք, մենք ձեզ կտանք, այլ որոշեք, եկեք քննարկենք եւ հասկանանք, թե ինչ կարող ենք ձեզ համար անել։ Դա է այն կարմիր թելը, որն անընդհատ անցնում է այս թեմայի շրջանակներում։
-Ինչպիսի՞ն են հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակն ու բնույթը վերջին շրջանում՝ հաշվի առնելով, որ այս տարվա մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, եւ դրա շրջանակներում մեկնարկեց ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը։
-Ռազմավարական երկխոսությունը շատ վաղուց կա երկու պետությունների միջեւ, այստեղ որեւէ նոր բան չկա, օրակարգը շարունակում է մնալ նույնը։ Միացյալ Նահանգներն ակտիվացել է, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններ կան, բայց ոչ թե օրակարգի հարստացման հետեւանքով, այլ ԱՄՆ-ն ունի հստակ հետաքրքրություններ եւ մեր տարածաշրջանը դիտարկում է որպես մեկ ամբողջականություն։ Այլ կերպ ասած՝ առավելապես կենտրոնացած են ոչ թե տարածաշրջանի պետությունների հետ առանձին-առանձին հարաբերություններ խորացնելու, այլ մեր տարածաշրջանում ազդեցությունը մեծացնելու վրա, որի նպատակը, սկսած 1990-ականների սկզբից, Ռուսաստանի ազդեցության կրճատումն է։ Սա ռազմավարություն է, որը մշտապես եղել է Միացյալ Նահանգների օրակարգում, եւ գաղտնիք էլ չէ, որ դա առաջնային կարեւորություն ունեցող հանգամանք է։ Երբ Միացյալ Նահագները տեսնում է, որ հնարավորություն կա հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից, այստեղից սկսում են ակտիվանալ նրա քաղաքական քայլերը։ Նույնը 1994-ին էր, երբ Տեր-Պետրոսյանը մեկնեց Վաշինգտոն, եւ հայ-թուրքական, եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների առումով նրա օրակարգը բխում էր Միացյալ Նահանգների շահերից, նույնը՝ Քի Վեսթն էր, երբ ներգրավված էր անձամբ ԱՄՆ նախագահը, նույնը՝ ֆուտբոլային դիվանագիտությունն էր, եւ նույնն էլ հիմա է։ Այսինքն՝ այս ակտիվությունը պետք է պայմանավորել մեր տարածաշրջանում ամերիկյան շահերով եւ փաստացի տեսնում ենք, որ որքան այդ հնարավորությունները մոտ են թվում Հայաստանի եւ երկու հարեւան պետությունների հարաբերությունների կարգավորման, այնքան Միացյալ Նահանգներն ակտիվանում է։
-Մեր տարածաշրջանը կարեւոր հանգույց է, եւ այսօր առավել եւս տեսնում ենք Արեւմուտքի՝ ի դեմս Միացյալ Նահանգների, եւ Ռուսաստանի միջեւ մրցակցություն մեր տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանում, ազդեցությունը մեծացնելու համար։ Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն են ուժերի վերադասավորման հնարավորությունները։
-Մեր տարածաշրջանում գերտերությունների միջեւ մրցակցությունը մշտապես եղել է։ Մեծ հաշվով Միացյալ Նահանգներն ազդեցության տարածման տեսանկյունից հնարավորություն չունի այդքան ուղիղ մտնելու տարածաշրջան։ Այդ առումով Ռուսաստանին հակակշիռ է ստեղծում իր ռազմավարական դաշնակցի՝ Թուրքիայի միջոցով։ Մեր տարածաշրջանը մշտապես այդ գերհզորների ազդեցության պայքարի միջավայր է։ Բնականաբար, ԱՄՆ-ը չի կարող իր ազդեցությունը տարածել Իրանի կամ Ռուսաստանի միջոցով, մնում է Թուրքիան։ Սա շատ կարեւոր հանգամանք է, որ պետք է հաշվի առնենք ամերիկյան շահերը հասկանալու համար. Հարավային Կովկասը հարեւան է ԱՄՆ-ի թիվ մեկ հակառակորդին՝ Իրանին, թիվ մեկ թշնամուն՝ Ռուսաստանին եւ իր ռազմավարական դաշնակից Թուրքիային։ Դրա համար տարածաշրջանն իրենց համար շատ ավելի հետաքրքիր է ոչ թե երկկողմ հարաբերությունների համատեքստում, այլ տարածաշրջանային։ Ռուսական ազդեցությունը նվազեցնելուն զուգահեռ սեփական ազդեցությունն ընդլայնելու հիմնական նախադրյալը պետք է լինի պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորումը։ Դրա մասին է վկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ամերիկյան համանախագահի՝ Ֆիլիպ Ռիկերի նշանակումը, ով զբաղվելու է ոչ միայն Արցախով, այլեւ Վրաստանի ճգնաժամով։ Ըստ էության, նա մեկ կետից ղեկավարելու է ամբողջ Հարավային Կովկասի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունը։
-Կարո՞ղ ենք փաստել, որ ներկայումս ավելի բարենպաստ իրավիճակ է, որպեսզի մեր տարածաշրջանը որպես ամբողջություն հայտնվի ամերիկյան ազդեցության ոլորտում։
-Չէի ասի, որ բարենպաստ է, որովհետեւ մրցակցությունը եղել է, կա եւ լինելու է։ Որքան էլ Ռուսաստանը զբաղված լինի ուկրաինական ճգնաժամով, դա չի նշանակում, որ այլ ուղղություններով չի կարողանալու սպասարկել իր շահերը։ Բնականաբար, դժվարություններ, խնդիրներ լինելու են, որովհետեւ հիմնական ռեսուրսները սեւեռված են դեպի Ուկրաինա, սակայն դրանից չի հետեւում, որ տարածաշրջաններում կենսական նշանակություն ունեցող հետաքրքրությունների առումով այլեւս որեւէ բան չի կարող անել։ Այդ իմաստով ԱՄՆ-ի եւ Թուրքիայի համար հեշտ չի լինելու այդ մրցակցությունը։
-Նշեցիք, որ ազդեցության տարածումը Թուրքիայի միջոցով է լինելու, բայց վերջին շրջանում այդ երկիրը բավականին ինքնուրույն քաղաքականություն է վարում, ունի իր հստակ օրակարգը։ Ինչպե՞ս են հարաբերվելու ամերիկյան եւ թուրքական օրակարգերը մեր տարածաշրջանում։
-Օրակարգային ընդհանրություններ շատ կան, եւ այդ օրակարգը կառուցվելու է ընդհանրական շահերի հիման վրա։ Իհարկե, երկու պետությունների միջեւ կան նաեւ խնդիրներ, բայց մեծ հաշվով նրանք շարունակում են պահպանել ռազմավարական բնույթի հարաբերությունները, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում, որովհետեւ երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամ են։ Միակ պետությունն աշխարհում, որը Թուրքիայի վրա դեռեւս ունի ազդեցության լծակներ, Միացյալ Նահանգներն է, որովհետեւ Թուրքիան թե տնտեսական, թե քաղաքական առումով բավական մեծ կախվածություն ունի։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջերս բավականին ակտիվացել են Հունաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, ապա կտեսնենք, որ միգուցե փորձ է արվում ցույց տալ Թուրքիային, որ ՆԱՏՕ-ում եւ Եվրոպայում իր հակակշիռը կարող է լինել Հունաստանը։
-Արդյոք ԱՄՆ-ին կհաջողվի՞ ազդել Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա, որպեսզի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորվեն բանակցային ճանապարհով, թե՞ պահպանվում է նոր ռազմական գործողությունների հավանականությունը։
-Միացյալ Նահանգների ռազմավարությունը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, իսկ թե որ տարբերակով կիրականացվի այն, արդեն երկրորդական է։ Ծրագրի առավելագույնը դուրս մղելն է, նվազագույնը՝ Ռուսաստանի ազդեցության տարածումը հավասարակշռելը կամ զսպելը։ Բնականաբար, Վաշինգտոնը հաշվարկում է, թե որ սցենարով է հնարավոր զսպել Ռուսաստանի ազդեցությունը, Մոսկվան էլ՝ հակառակը։ Իրականում ամենամեծ ազդեցությունն ունենում է այն կողմը, որն ունի ռազմական ներկայություն։ Այս առումով բոլորի համար ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանն ունի ազդեցություն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում ունի ռազմական ներկայություն։ Ադրբեջանում եւ Վրաստանում արդեն իսկ չունի ռազմական ներկայություն, եթե Հայաստանում էլ չունենա, ապա դա կնշանակի Հարավային Կովկասից դուրս մղում։
-Հայաստանն այսինքն այն հաղթաթու՞ղթն է, որը կորոշի ուժերի հավասարակշռությունը։
-Մեծ հաշվով կարելի է այդպես էլ ձեւակերպել, բայց նաեւ չբացառենք, որ Ադրբեջանը կարող է դառնալ Ռուսաստանի համար այն, ինչ այսօր Հայաստանն է։ Որեւէ վստահություն չունենք, որ Ադրբեջանը դա չի առաջարկի ռուսական կողմին, այսինքն՝ առաջարկի Արցախն ամբողջությամբ ճանաչել Ադրբեջանի տարածքային միավոր, որի դիմաց ռուսական խաղաղապահներին թողնի օրինակ 30 կամ 40 տարով։ Իհարկե, Թուրքիայի հետ կապված խնդիրներ կլինեն, սակայն նման առաջարկն առնվազն տեսական առումով հնարավոր է։
-Թուրք-ադրբեջանական օրակարգի հիմնական հարցերից է Սյունիքի նկատմամբ վերահսկողության հաստատումը։ Մեր քաղաքական եւ հանրային դաշտում կա երկու մոտեցում, ըստ որի՝ մի մասը գտնում է, որ դրանով հետաքրքրված են Ռուսաստանը եւ Թուրքիան, մյուսների կարծիքով՝ շահառուն Արեւմուտքն ու Թուրքիան են։ Ի վերջո, ո՞վ է շահագրգռված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ։
-Բնականաբար շահագրգռված են Թուրքիան եւ Ադրբեջանը, որովհետեւ նրանց միջեւ ուղիղ ցամաքային կապ է ստեղծվում, Ռուսաստանը շահագրգռված կլինի այն պարագայում, եթե իր զինված ուժերը վերահսկեն թյուրքական աշխարհը կապող ճանապարհը։ Միացյալ Նահանգները հետաքրքրված կլինի այնքանով, որքանով կոմունիկացիոն խնդիր կլինի եւ հնարավոր լինի դրանով զսպել Իրանի ազդեցությունը։ Սյունիքը, մեծ հաշվով, Իրանի արտաքին սահմանն է։ ԱՄՆ-ը հասկանում է, որ արտաքին աշխարհից Իրանին զրկելը բարդ է լինելու, որովհետեւ այդ պարագայում վերջինս կարող է ռազմական գործողություններ իրականացնել, ինչը խնդրահարույց է թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի համար։ Միացյալ Նահանգների համար Իրանին արտաքին աշխարհի հետ սահմանից զրկելը ռազմավարական նշանակության հարց է։ Սյունիքը եթե Հայաստանին չպատկանի, այլ Ադրբեջանին կամ Թուրքիային, ապա Իրանը կախվածության մեջ կհայտնվի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից։
-Ինչպես տեսնում ենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն այլեւս առանձին հանդիպումների եւ հեռախոսազրույցների շրջանակներում են քննարկումներ անցկացնում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Արդյոք սա նշանակում է, որ Մինսկի խումբը փաստացի դադարե՞լ է գործել։
-Մինսկի խումբը եթե անգամ ձեւական առումով այլեւս չկա, ապա մանդատի առումով միակ ձեւաչափն է, որը կարող է զբաղվել Արցախի հարցով։ Սա առաջին։ Երկրորդ՝ պետք է նկատել, որ, ըստ էության, կա Բրյուսելյան ձեւաչափ, որի հետեւում կանգնած է նաեւ Վաշինգտոնը, եւ կա մոսկովյան ձեւաչափ։ Բրյուսելում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն է տեղի ունենում, իսկ Մոսկվան էլ զբաղվում է նոյեմբերի 9-ի համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունների կիրարկմամբ։ Սրանք երկու տարբեր գործընթացներ են։ Մինսկի խմբի համանախագահությունը կա, թե չկա, ո՛չ Հայաստանի որոշելիքն է, ոչ՝ Ադրբեջանի։ Միացյալ Նահանգներն անընդհատ խոսում է Մինսկի խմբի մասին, Ադրբեջանը դրանից նյարդայնանում է, ավելին՝ Միացյալ Նահանգները նշանակում է Մինսկի խմբի նոր համանախագահ, ինչն ուղղակիորեն նյարդայնացնում ու ագրեսիվացնում է Ադրբեջանին։ Այսինքն՝ ակնհայտ է, որ ԱՄՆ-ի կողմից ցույց է տրվում, որ Ալիեւը չի որոշելու Մինսկի խմբի ձեւաչափի լինել-չլինելու հարցը։ Իսկ Ալիեւի նկատմամբ լծակներ բնականաբար կան, այդ թվում՝ ամերիկյան տարբեր նահանգների կողմից Արցախի անկախության ճանաչումը։ Կա նաեւ Կոնգրեսում բանաձեւերի ընդունման հնարավորություն, թեկուզ Արցախի անկախության ճանաչման տեսանկյունից, որը լուրջ խնդիր կլինի Ալիեւի համար, այդ թվում՝ իր ներքին լսարանի առջեւ։
-Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը եւ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն բանաձեւի նախագիծ են ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիան Հայաստանի վրա եւ կոչ անում անմիջապես դադարեցնել անվտանգության ոլորտում ամերիկյան օգնությունը Բաքվին, հորդորում է ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ դիտարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հնարավորությունը՝ պատերազմական հանցագործությունների համար: Առաջին անգամ չէ, որ Մենենդեսը հանդես է գալիս Ադրբեջանին ցուցաբերվող անվտանգային օժանդակությունը դադարեցնելու կոչով, սակայն ապարդյուն։ Ավելին՝ 2023-ի բյուջեի նախագծով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ադրբեջանի համար 9,7 միլիոն դոլարի աջակցություն է առաջարկել: Այս գումարի մեջ չեն մտնում հատկացումները, որ Բաքուն ստանում է Պաշտպանության դեպարտամենտից, եւ դեռ հստակ չէ, թե որքան, է ի վերջո, Ադրբեջանը գումար ստանալու Միացյալ Նահանգներից: Ըստ վերջերս հրապարակված հաշվետվության՝ Ադրբեջանը վերջին տասնամյակում ավելի քան 164 միլիոն դոլար է ստացել Միացյալ Նահանգներից, սակայն այդ գումարի ազդեցության մասին Կոնգրեսին հաշվետվություն չի ներկայացվել, ինչպես պահանջում է «Ազատության աջակցության» բանաձեւի 907-րդ կետը: Ինչո՞ւ չի կատարվում 907-րդ կետը, եւ ներկայումս ռազմական ագրեսիայով պայմանավորված հնարավո՞ր են այդ մասով դրական զարգացումներ։
-Պատասխանը շատ պարզ է. քանի դեռ Միացյալ Նահանգները հետաքրքրություն ունի Ադրբեջանին անվտանգային տեսանկյունից օգնություն տրամադրելու տեսանկյունից, ապա 907-րդ բանաձեւը չի գործելու։ Ադրբեջանին տրամադրվող անվտանգային աջակցությունն ուղղված է բացառապես Իրանի դեմ, այսինքն՝ այդ աջակցությունը տրամադրվում է Իրանի եւ Ադրբեջանի ծովային սահմանը, այն է՝ Կասպից ծովի սահմանի անվտանգությունն ապահովելու համար։ Ի դեպ, հետաքրքիր փաստ կա 907-րդ բանաձեւի հետ կապված, այդ բանաձեւի հեղինակները 90-ականների սկզբին եղել են սենատորներ Ջոն Քերին եւ Ջո Բայդենը, այսինքն՝ նրանցից լավ որեւէ մեկը չի պատկերացնի 907-րդ բանաձեւի հնարավորություններն ու կարողությունները։ Կարծում եմ՝ 907-րդ բանաձեւն ուժի մեծ կմնա եւ դրան շրջանցող նախագահի ամենամյա հրամանն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է ֆինանսավորել Ադրբեջանին Իրանի դեմ։