1991 թ. ԽՍՀՄ-ի փլուզմամբ ու Ադրբեջանի անկախությունից ի վեր Թեհրան-Բաքու փոխհարաբերություններն ընթացել են ելեւէջներով, ինչը պայմանավորված է նրանց ազգային, անվտանգության շահերի հակասությամբ։ Ավելին՝ Իրանն ի սկզբանե դեմ է եղել իր նահանգներից մեկին համանուն, Օսմանյան կայսրության ջանքերով Հարավային Կովկասում անկախ երկիր ստեղծելուն, ինչի առնչությամբ պաշտոնապես բողոք է ներկայացրել թուրքերին։ Այլ կերպ ասած՝ Թեհրանն ի սկզբանե գիտակցել է, որ այդ քայլի նպատակն Իրանի նկատմամբ տարածքային հավակնություններն են, ինչը նորաստեղծ երկրի գլխավոր առաքելությունն է 1918-ից ի վեր, այդ թվում՝ խորհրդային տարիներին։
Այժմ էլ համաթյուրքական այդ երազանքն իրականացնելու համար թիրախավորվել են Իրանն ու Հայաստանը, ինչին երկուսն էլ տեղյակ են եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով դրա դեմն առնելու ուղղությամբ, թերեւս, որեւէ լուրջ քայլ չեն կատարել։ Պարզապես շուրջ 30 տարի կողմերը շարունակաբար հայտարարել են, թե երկու տարբեր կրոններ ունեցող երկրները կարող են օրինակելի, բարեկամական փոխհարաբերություններ ունենալ, փաստորեն անտեսելով երկու երկրների ռազմավարական ու ազգային անվտանգության շահերը։ Մինչդեռ Բաքուն, հաշվի առնելով Իրան-Իսրայել թշնամական փոխհարաբերությունները, առաջնորդվելով «թշնամուս թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով եւ շահերի համընկնմամբ, ռազմավարական սերտ փոխհարաբերություններ է հաստատել Թել Ավիվի հետ։ Սա՝ այն դեպքում, երբ նրանք ոչ միայն տարբեր կրոններ են դավանում, այլեւ պատմամշակութային աղերսներ չունեն, անգամ այդ երկրների կառավարման համակարգերն են հակասական. Բաքվում՝ բռնապետական, Իսրայելում՝ ժողովրդավարական։ Այլ կերպ ասած՝ երկրների միջեւ փոխհարաբերությունները լինում են կողմերի համար արդյունավետ, երբ կառուցվում են համընթաց շահերի թելադրմամբ եւ ոչ թե ընտրովի։ Ահա թե ինչու Թել Ավիվ-Բաքու փոխհարաբերությունները շարունակաբար ընդլայնվել, դարձել են ռազմավարական ու շահավետ։
Ադրբեջանին զենք վաճառող երկրների ցանկում Իսրայելն առաջին տեղում է, իսկ վերջինիս արտահանման ցանկում Բաքուն՝ Հնդկաստանից հետո, երկրորդը։ Ինչպես նշում է ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Դալգա Խաթինօղլուն, 2016-2020 թթ. Իսրայելից Բաքվի գնած սպառազինության ծավալը 2000-2015 թթ. համեմատությամբ աճել է 12 անգամ, իսկ Ադրբեջանն ապահովում է Իսրայելի նավթի պահանջարկի 40 տոկոսը։ Նա հավելում է, թե երկու երկրների փոխհարաբերություններում սպառազինությունը շատ կարեւոր է, մանավանդ որ 2020 թ. պատերազմում Ղարաբաղի «ազատագրման» հարցում մեծ նշանակություն են ունեցել իսրայելական «մահապարտ» ԱԹՍ-ները։ Խաթինօղլուն նշել է, որ Ստոկհոլմի խաղաղության հարցերի ուսումնասիրությունների (SIPRI) տվյալներով՝ Ադրբեջանի զենքերի 70 տոկոսն իսրայելական է, եւ հավելել, թե Ալիեւը գոհունակություն է հայտնել այդ զենքերի որակի առնչությամբ, ընդգծել, որ դրանք շատ դյուրին ոչնչացրել են Հայաստանի C- 300 հակաօդային կայանքները, որոնք համարվում են ռուսական արդիական զենքերից։ Բացի այդ, ըստ Խաթինօղլուի՝ մեծ արագությամբ զարգանում են երկու երկրների փոխառնչությունները գիտության, առողջապահության, գյուղատնտեսության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, որոնցում Իսրայելն աշխարհում առաջատարներից է։ Ըստ ադրբեջանցի մասնագետների՝ Իսրայելը լուրջ աջակցություն է ցուցաբերում գյուղատնտեսության (ոռոգման), այդ թվում՝ հմուտ կադրեր պատրաստելու հարցերում։ Ահավասիկ, Բաքվում Իսրայել-Ադրբեջան ուսումնական հաստատությունում արդեն տարիներ է, ինչ Իսրայելը լավագույն արդյունքներ ունեցող ադրբեջանցի 1500 ուսանողների ու ավագ դպրոցի 200 սաների համար ապահովել է մասնագիտական որակյալ կրթություն։
Բացի այդ, Իսրայելի ընկերությունները Կովսականում (Զանգելան) կառուցում են դիջիթալ ավան՝ հենց Իրանի սահմանի մոտ։ Ընթացիկ տարվա հունիսի 18-ին Իսրայելի գյուղատնտեսության նախարար Աուդ Ֆուրը Բաքվում էր։ Նա այցելել է նաեւ կառուցվող այդ ավան, որն Իրանի սահմանից ընդամենը 7 կմ հեռավորության վրա է։ Այս առիթով իսրայելյան եւ միջազգային ԶԼՄ-ները գրեցին, թե Իրանի 1979 թ. իսլամական հեղափոխությունից հետո Ֆուրն իսրայելցի ամենաբարձրաստիճան քաղաքական գործիչն է, որ այդքան մոտեցել է Իրանի սահմաններին։ Իրանը Բաքվին մեղադրում է իր երկրի սահմանների հարեւանությամբ իսրայելական լրտեսական ու հետախուզական ցանց ստեղծելու համար, իսկ Ալիեւը, հերքելով, շեշտում է. «Թող Թեհրանը սահմանի մոտ իսրայելցի ցույց տա»։ Սա՝ այն դեպքում, երբ բրիտանական «Times» օրաթերթը ընթացիկ տարվա փետրվարի 11-ին գրել էր, որ Իսրայելի հետախուզական ու հակահետախուզական վարչությունը (Mossad) Ադրբեջանում լուրջ ներթափանցում ունի ինչի գլխավոր նպատակն Իրանի մասին տեղեկություններ հավաքելն է։ Ահա թե ինչու, հիշյալ ավանի կառուցման, ինչպեսեւ «Զանգեզուրի միջանցքի» հարցերն օրակարգ բերելու առնչությամբ Իրանը 2021 թ. աշնանը երկու երկրների սահմանների երկայնքով 40 հազար զինվորականների ու մեծ քանակությամբ զինտեխնիկայի մասնակցությամբ զորավարժություն էր անցկացնում, ինչի առթիվ Էրդողանը հայտարարել էր, թե Իրանը ոչինչ էլ չի կարող անել, քանի որ Ադրբեջանի թիկունքին կանգնած է Իսրայելը։
Այժմ, երբ կրկին լարված են Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունները, Իրանը սահմանին զինուժ է կուտակել։ Իսկ հոկտեմբերի 3-ին «գաղտնի» Բաքու էր այցելել Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը, ինչի ավարտից հետո միայն այն «գաղտնազերծվեց» եւ լայն արձագանք գտավ միջազգային ԶԼՄ-ներում։ Գանցին ուղեկցել է բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում՝ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավարը, այլ գեներալներ, ինչպեսեւ ԱԳ նախարարության ռազմաքաղաքական գրասենյակի տնօրենը։ Ըստ Իսրայելի պաշտպանության նախարարության՝ այցի առանցքային թեմաները եղել են քաղաքական ու անվտանգության հարցեր, իսկ նպատակը՝ երկու երկրների ռազմական համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը։ Հատկանշական է, որ միջազգային ԶԼՄ-ներն այս մասին հրապարակումներում, գրեթե առանց բացառության, անդրադարձել են նաեւ Բաքվի վերջին ռազմական ագրեսիային Հայաստանի հանդեպ, ռազմագերիների գնդակահարմանը եւ կին զինվորականի անդամահատմանը։
Անշուշտ, այցը մտահոգիչ է Իրանի համար, մանավանդ տարածաշրջանային զարգացումների համատեքստում, ինչն իրանական ԶԼՄ-ները գնահատել են մտածելու տեղիք տվող ու կասկածելի։ Բացառված չէ նաեւ, որ Ալիեւը ցանկացել է սպառնալ Իրանին ու ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի վերջիններս չխանգարեն Էրդողանի երազանքն իրականացնելուն։ Հատկանշական է նաեւ, որ վերջերս Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը վերածվել է իսրայելական ԱԹՍ-ների ռազմաբազայի՝ տարածաշրջանում Իրանի դաշնակիցներին թիրախավորելու նպատակով։ Իսկ Ալիեւը Ռուսաստանի ՊՆ-ի պարբերականին տված հարցազրույցում շեշտել է, որ Իսրայելից գնել են «Sky Striker» եւ «IAI Harop» տիպի ԱԹՍ-ներ։