«Tagesspiegel»-ը սեպտեմբերին գրել էր, թե Գերմանիայի Դաշնային քրեական գրասենյակը (BKA) պնդում է, որ երկրի ներքին անվտանգությունը կարող է վտանգվել էներգետիկ ճգնաժամի եւ բարձր գնաճի պատճառով։ «Tagesspiegel»-ին հղում անելով՝ այս մասին գրեց նաեւ «գազետա.ռու»-ն։ Գրասենյակը հայտնել էր նաեւ իսլամիստների մասին, ովքեր կոչ են անում հարձակվել Գերմանիայի տնտեսական ենթակառուցվածքների վրա՝ օգտվելով ե՛ւ Ուկրաինայի, ե՛ւ Եվրոպայի անկայուն տնտեսական իրավիճակից։
Էներգետիկ ճգնաժամով պայմանավորված՝ ներքին անկարգությունների վտանգ, սոցիալական բողոքի ալիքների հավանականություն եվրոպական այլ երկրներ էլ են տեսնում։ Նրանց առջեւ հիմնական խնդիր է առաջադրված՝ ինչպես դիմանալ այս ձմռանը։ Առաջարկները տարբեր են՝ ոտքերը տաքացնելու համար տունը կատու պահելուց, քիչ լողանալուց, երեկոյան ժամերին ժամանցի կենտրոնները փակելուց, փողոցային լուսավորությունն անջատելուց սկսած մինչեւ խոշոր ընկերությունների կողմից էլէներգիայի խնայողություն անելը։
Այս ձմռանը դեռ կարելի է դիմանալ, բայց ինչ է անելու Եվրոպան 2023 թ.։ Բանն այն է, որ, ինչպես հոկտեմբերի 11-ին հաղորդեց «La Repubblica»-ն, Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավարի խոսքով, լիարժեք պաշարների շնորհիվ ԵՄ երկրները կհաղթահարեն այս տարվա ցուրտ ամիսները առանց մեծ խափանումների եւ էլեկտրաէներգիայի մեծածավալ անջատումների, սակայն հետոյի խնդիրը կլինի «վերադառնալ դրանք լրացնելուն»։ Որովհետեւ չեն բացառվում գազի պաշարների հետ կապված հնարավոր խնդիրները, որոնք արդեն հենց հաջորդ տարի իրենց զգացնել կտան։
Հղում անելով «La Repubblica»-ին՝ «lenta.ru»-ն գրում է, թե մինչեւ հաջորդ տարվա փետրվար պահեստարանների զբաղվածությունը 90 տոկոսից կարող է նվազել մինչեւ 25-20 տոկոս։ 2022 թ. պաշարների ավելացմանը նպաստել է նաեւ Ռուսաստանից դեռ եկող գազը։ Եվրոպան, բնականաբար, շարունակում է գազի ներկրման այլընտրանքային ճանապարհներ փնտրել՝ հասկանալով, որ ՌԴ հանդեպ պատժամիջոցների շարունակաբար հաստատվող փաթեթները (ԵՄ-ն 8-րդ փաթեթը նոր հաստատած՝ անցավ 9-րդի մշակմանը) բումերանգի էֆեկտով դժվարացնելու են նաեւ իր կյանքը։ Եվ, անշուշտ, այս պահերին հայտնվում է Ադրբեջանը, ավելի ստույգ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը եւ հայտարարում, թե Ադրբեջանից Եվրոպա գազ կհասցնեն, ու որ Անկարան սկսել է աշխատել Բաքվի հետ՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար: Այս լուրը տարածել է «Haber Turk»-ը։
Դժվար չէ պատկերացնել, որ այս փաստերը մեր կողքով չեն անցնում, ավելին՝ ուղղակիորեն առնչվում են մեզ եւ վերաբերելու են մեր երկրի հանդեպ աշխարհաքաղաքական խաղերին։ Դրսեւորումներն էլ ուղղակի են երեւակվելու։ Այլ հարց է, թե ինչքանով է Ադրբեջանը կարողանալու ապահովել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը։
Սա հասկանալու համար որոշ փաստեր պետք է համադրենք։ Այս տարվա հուլիսի 18-ին Եվրահանձնաժողովի նախագահն ու Ադրբեջանի նախագահը էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ երկկողմ տարփողելով իրենց գոհունակությունը։ Առաջին «պլանում», իհարկե, չէր նշվել, բայց դա հուշագիր է 2027-ից հետո Ադրբեջանից եվրոպական շուկա բնական գազի արտահանումը կրկնապատկելու հնարավորության մասին։ ԵՄ-ն այժմ տարեկան 10 մլրդ խմ ադրբեջանական գազ է ներկրում։ Հինգ տարի անց այդ թիվը կկրկնապատկվի։ Այդ 20 մլրդ խմ-ն հնարավոր կլինի 30 մլրդ-ի հասցնել, եթե ընդլայնվեն Հարավային գազային միջանցքի հնարավորությունները։ Բայց այս 30 մլրդ խմ-ն միայն Եվրոպա չի գնալու, Թուրքիան էլ բաժին ունի։
Մեկ այլ թիվ. Եվրոպան տարեկան սպառում է մոտ 400 մլրդ խմ բնական գազ։ Դատելով Եվրոպա հասնելիք ադրբեջանական՝ այնուամենայնիվ, դեռ այս պահի դրությամբ չհստակեցված գազի ծավալի թվերից՝ արդեն կարելի է տեսնել, թե Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը Բաքուն ինչքանով է հոգալու։
Մտածել, թե Եվրոպան այս ամենից տեղյակ չէ, միամտություն կլինի։ Եվրոպայի համար դա, թեկուզ փոքր, բայց Ռուսաստանից գազային կախվածությունը նվազեցնելու փորձ է։ Կան նաեւ, իհարկե, այլ շահեր եւ քաղաքականությանը բնորոշ երկակի ու բազմակի ստանդարտներ։ Թշնամուն ճանաչելով՝ կարելի է ասել, որ, այո, Ադրբեջանն ու Թուրքիան լավ աշխատում են՝ ռուս-ուկրաինական դեպքերի հետեւանքով Եվրոպայում ստեղծված էներգետիկ ճգնաժամային իրավիճակից հաղթաթղթեր վերցնելով։ Մենք սա պետք է քաջ գիտակցենք եւ սթափ ու զգոն աշխատենք այն ուղղություններով, որտեղ եւ որոնց շնորհիվ կարող ենք պատկերը փոխել հօգուտ մեզ։