Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Նոր իրավիճակը նոր լուծումներ է պահանջում

Արեւմուտքի եւ Իրանի հետագա առճակատումը քիչ հավանական է թվում

Հոկտեմբերի 21, 2022
Տարածաշրջան
Նոր իրավիճակը նոր լուծումներ է պահանջում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
200
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին ժամանակներս Իրանի շուրջ տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնք միտված են այդ երկրի թուլացմանը: Արտաքին որոշակի ուժերի հրահրմամբ Իրանի ավելի քան 100 բնակավայրերում անկարգություններ բռնկվեցին երիտասարդ քրդուհի Մահսի Ամինիի մահվան պատճառով. նա մահացել է ոստիկանական բաժանմունքում, որտեղ հայտնվել էր շարիաթական «դրես կոդի» խախտման պատճառով: Այդ անկարգությունները բռնկվեցին անմիջապես այն բանից հետո, երբ Իրանը հայտարարեց հայաստանյան Սյունիքում իր «կարմիր գծի» մասին՝ շեշտելով, որ տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխություն չպետք է տեղի ունենա: Ադրբեջանը, որը փորձում է տիրել ՀՀ-Իրան սահմանային հատվածին՝ այն անվանելով «Զանգեզուրի միջանցք», իշխանական շրջանակներին մոտ կանգնած լրատվամիջոցների միջոցով Ատրպատականի բնակչությանը, որոնց եղբայր է անվանում, կոչ արեց ելույթներ ունենալ Իրանի կենտրոնական իշխանությունների դեմ եւ անջատվել այդ երկրից: Դա միանշանակ Հայաստանի հետ ունեցած սահմանների հարցում Թեհրանի դիրքորոշման պատասխանն էր: Այնուհետեւ Ադրբեջանի մայրաքաղաք ժամանեց Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը, մեկ օր անց Բաքվում հայտնվեց նաեւ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Աքարի այցից մեկ օր անց Ռուսաստան մեկնեց Ադրբեջանի վարչապետը…

Այս իրադարձությունները, իհարկե, պատահականություն կամ զուգադիպություն չեն: Դրանք վկայում են իրանական ուղղությամբ իրականացվող համակարգված եւ տենդագին աշխատանքների մասին: Իր ՊՆ ղեկավարին գործուղելով Բաքու՝ Իսրայելը փաստացի հաստատեց, որ մասնակցում է հակաիրանական նախաձեռնություններին: Թել Ավիվն ամեն բան անում է ԱՄՆ-ի ու Իրանի հնարավոր հաշտեցումը՝ Միջուկային գործարքի վերականգնման տեսքով, չեզոքացնելու համար: Ժամանակին հենց Իսրայելն է ամերիկյան իշխանություններին «տեղեկացրել» Իրանի կողմից «միջուկային զենքի ստեղծման մասին»: Վաշինգտոնը Թեհրանի դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանեց, սակայն հետագայում ստիպված էր խոստովանել, որ իսրայելական իշխանությունները կեղծ տեղեկատվություն են տարածել՝ ելնելով սեփական շահերի առաջմղումից եւ փորձելով այդ գործընթացում ԱՄՆ-ի ուժերը ծառայեցնել իրենց նպատակին:

Թուրք-իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները, այսպիսով, ջերմանում են եւ ուղղվում Իրանի դեմ՝ այն նպատակով, որպեսզի ոչ միայն հարվածեն այդ երկրին, այլեւ Հայաստանից խլեն հնարավորինս մեծ «պատառներ», այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքը», եւ Իրանին կտրեն մեր երկրի հետ ցամաքային սահմանից: Որպեսզի դա տեղի ունենա, զավթիչների համար շատ կարեւոր է, որ Վաշինգտոնը նվազագույնը չեզոքություն պահպանի. նրանց ձեռնտու է, որ Արեւմուտք-Իրան եւ ԱՄՆ-Իրան հարաբերությունները դուրս չգան այն անդունդից, որում հայտնվել են նաեւ իսրայելական իշխանությունների ջանքերով:

Եվ ահա տեղեկություններ են տարածվում, որ Ուկրաինան պատրաստվում է խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ: Երկրի ղեկավար Վլադիմիր Զելենսկուն նման առաջարկով է դիմել ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան՝ խոստանալով ԵՄ-ին «ապացույցների պարկ» ներկայացնել այն մասին, որ Ռուսաստանն ուկրաինական քաղաքների վրա հարձակվում է իրանական արտադրության դրոններով: Դիվանագիտական հարաբերությունների խզում է պահանջում նաեւ Գերագույն ռադան: Դա կլինի Իրանի հասցեին հնչած մեղադրանքների դիվանագիտական պատասխանը, որ նա զենք է մատակարարում ռուսական բանակին: Դրան կարող են հաջորդել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հակաիրանական պատժամիջոցները, որին ձգտում են ուկրաինացիները, եւ որում, դատելով Կուլեբայի խոսքերի տոնայնությունից ու բովանդակությունից, հատկապես շահագրգռված է հենց նա՝ շեշտելով, որ իրենք համոզիչ ապացույցներ ունեն՝ Ռուսաստանը հենց իրանական, այլ ոչ թե մեկ այլ երկրի դրոններ է կիրառում: Սպասվում է, որ Ուկրաինայի ու Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզման հարցն ուկրաինական իշխանությունների կողմից կլուծվի մոտ ժամանակներս:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Թեհրանը Մոսկվային զենք չի մատակարարում: Դիվանագետի կարծիքով՝ ուկրաինական կողմի հայտարարությունները հիմնված են կեղծ տեղեկատվության եւ կանխակալ ենթադրությունների վրա: «Կապված այդ մեղադրանքների հետ՝ Իրանը պատրաստակամություն է հայտնում երկխոսություն, բանակցություններ անցկացնել ուկրաինական կողմի հետ»,- շեշտել է Քանաանին:

Իրանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների մասին, ինչպես կատարված փաստի, հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանթ Պատելը: «Մենք կարծում ենք, որ այդ ԱԹՍ-ները, որոնք Իրանի կողմից տրվել են Ռուսաստանին եւ վերջինիս կողմից օգտագործվել են Ուկրաինայում, դասվում են այն զենքերի շարքին, որոնք մնում են էմբարգոյի տակ՝ համաձայն 2231 բանաձեւի»,- ասել է նա՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձեւը, որն Իրանին արգելում է տարածել իր տեխնոլոգիաները: Դրանք կարող էին, օրինակ, փոխանցվել Սիրիային: Հուլիսին հաղորդվել է իսրայելական ռազմաօդային ուժերի կողմից Դամասկոսի մոտակայքում դրոնների պահեստի խոցման մասին: Այդ պահեստը, իբր, պատկանել է «Հեզբոլլահ» խմբավորմանը, որը սերտ կապեր ունի Իրանի հետ: Վաշինգտոնը պատրաստվում է պատժել հենց իրանական իշխանություններին: Եվ դրա մասին խոսում են հենց այն պահին, երբ պաշտոնական Թեհրանը խոցելի է պատժամիջոցային ճնշման դեմ:

Միացյալ Նահանգները զգուշացրել է, որ միջոցներ ձեռք կառնի այն ընկերությունների ու երկրների դեմ, որոնք համագործակցում են իրանական անօդաչուների ծրագրի հետ: Այս մասին հայտարարել է «Ալ-Արաբիան»:

«Ցանկացած ոք, ով գործարքներ է անում Իրանի հետ, ով ինչ-ինչ կապեր ունի ԱԹՍ-ների, բալիստիկ հրթիռների մշակումների կամ Իրանից Ռուսաստան զենքի մատակարարումների հետ, պետք է շատ զգույշ լինի եւ պատշաճ խոհեմություն ցուցաբերի. ԱՄՆ-ն առանց տատանվելու պատժամիջոցներ կկիրառի կամ միջոցներ կձեռնարկի հանցագործների դեմ,- հայտարարել է Պատելը՝ ընդգծելով,- Ռուսաստանի եւ Իրանի միության խորացումն այն է, ինչը ողջ աշխարհը, հատկապես՝ տարածաշրջանը, անկեղծ ասած, պետք է դիտի որպես լուրջ սպառնալիք»

Իսկ ահա Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը չի կարողացել հաստատել, որ իրանական հրթիռներ են փոխանցվել Ռուսաստանին: Լրագրողները հարց են ուղղել Ռայդարին՝ կապված ՌԴ-ին իրանական հրթիռների ու անօդաչուների մատակարարման հետ: «Այս պահին ես դա հաստատող որեւէ տեղեկատվություն չունեմ»,- պատասխանել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը:

Ի դեպ, զենքի առաքման վերաբերյալ տեղեկությունները հերքել է նաեւ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը՝ հայտարարելով, որ ռազմական աջակցությունը կողմերից որեւէ մեկին կնպաստի ուկրաինական հակամարտության հետագա ձգձգմանը: Այդ տեղեկությունը հերքել է նաեւ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Իրանական իշխանություններին, ըստ վերլուծաբանների, անհանգստացնում է հատկապես այն, որ անկարգությունները փոթորկվում են երկրի ազգայնական տարածաշրջաններում՝ Ատրպատականում, իրանական Քուրդիստանում, Բելուջիստանում: Իրանը վերջին շրջանում կարողացել է ավելացնել նավթի արտահանումը: Եվ դա՝ չնայած գոյություն ունեցող պատժամիջոցներին: Հնարավոր նոր պատժամիջոցները կարող են արգելակել նավթադոլարների հոսքը դեպի այդ երկիր: Իրանը նաեւ բարձր տեխնոլոգիաների կարիք ունի, որոնք ստանում է տարբեր ճանապարհներով՝ Չինաստանից, Հարավային Կորեայից եւ Հնդկաստանից: Հետազոտողների կարծիքով՝ եթե ՌԴ-ին հրթիռների ու դրոնների առաքման տեղեկությունը հաստատվի, ամերիկացիները կարող են այնպես անել, որ այդ ճանապարհները փակվեն:

Այժմ հետեւենք իսրայելական աղբյուրների՝ թեմայի շուրջ հրապարակումներին: «Ynet»-ի ռազմական մեկնաբան Ռոն Բեն-Իշայն օրերս կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից օգտագործվող ԱԹՍ-ները պոտենցիալ վտանգ են ներկայացնում Իսրայելի համար: Ըստ նրա՝ Թեհրանը, ըստ էության, փորձարկում է իր անօդաչուները մարտական պայմաններում, այսինքն՝ տվյալներ է հավաքում, որոնք կօգնեն բարելավել դրոնների մարտական բնութագրերն ու թռիչքի երկարությունը: Ռազմական մեկնաբանը հիշեցնում է, որ Իրանն այսօր զենք է մատակարարում սիրիական ու լիբանանյան իր արբանյակներին, որոնք սպառնում են հրեական պետությանը: Նա պնդում է, որ «իրանական սպառնալիքի դեմ պայքարում Ուկրաինային օգնությունն» անհրաժեշտ է այնպես ցուցաբերել, որ Ռուսաստանը չնյարդայնանա: Ռոն Բեն-Իշայն այնուհետեւ շեշտում է, որ Երուսաղեմը Վաշինգտոնին ու Եվրամիությանը կոչ է անում Թեհրանին գործընկեր չհամարել բանակցությունների համար, ինչպես նաեւ նրան վերաբերվել որպես թշնամական ռեժիմի եւ չվերականգնել միջուկային գործարքը:

Թեհրանում ու Եվրամիությունում, սակայն, չեն շտապում կիսել Իսրայելի դիրքորոշումը եւ մեկ ամբողջության մեջ չեն տեսնում իրանական զենքի հնարավոր մատակարարումն Ուկրաինային ու միջուկային գործարքի վերականգնումը: Իրադարձությունները տարածաշրջանում ու աշխարհում զարգանում են խելահեղ արագությամբ, եւ հասկանալի է՝ արեւմտյան քաղաքական գործիչները գիտակցում են, որ իրենց շահերը կապվում են Թեհրանի հետ, եւ տարածաշրջանային խաղաղությունը կախված է լինելու նրա հետ հարաբերությունների որակից:

«Էդիոթ Աքրոնոթը» գրում է. «Թեհրանը հրաժարվում է, որ միջամտել է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, սակայն հետախուզությունը կասկածներ չունի, որ Կիեւը գրոհած դրոններն արտադրվել են Իրանում, որ ռուսական բանակը դրանց օգտագործման հետ կապված խորհրդատվություն է ստանում իրանցիներից: Դա ավելորդ անգամ շեշտում է վտանգը ողջ աշխարհի համար, որը գալիս է Իսլամական Հանրապետությունից, ինչպես նաեւ ռուս զինվորականների անօգնականությունը, որոնք ստիպված են Իրանից տեխնոլոգիաներ ստանալ, որը վաղուց պետք է ունենային»:

Աղբյուրը, անդրադառնալով սփյուռքի նախարար Նահման Շայի այն մտքին, որ անհրաժեշտ է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, գրում է, որ պաշտոնական Երուսաղեմն արդեն հայտարարել է՝ Շայի խոսքերը չեն արտացոլում Իսրայելի կառավարության պաշտոնական դիրքորոշումը:

Այս իրավիճակում, երբ Արեւմուտքը ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ ռազմական օգնություն ցուցաբերելու Ուկրաինային, իսրայելական իշխանությունները փորձում են քաղել առավելագույնը. պահանջում են Իրանին գործընկեր չհամարել, նրա հետ չբանակցել, չվերականգնել միջուկային գործարքը եւ նրան վերաբերվել որպես թշնամու, ինչպես նաեւ աջակցել Թեհրանի դեմ Թել Ավիվի կողմից Ադրբեջանի ու Թուրքիայի միջոցով պլանավորված գործողություններին:

Հատկանշական է, որ սկզբնական հայտարարություններից հետո Իսրայելն ու Ուկրաինան նվազեցրել են Իրանին քննադատությունը կամ նույնիսկ լիովին դադարեցրել այն: Դա նշանակում է, որ այդ միտքը պարզապես հաջող չէր, այսինքն՝ չի ծառայել այն նպատակին, որին կոչված էր:

Արեւմուտքը եւ ԱՄՆ-ն Իսրայելի շահերի պատանդի կարգավիճակում լինելու փոխարեն անհրաժեշտաբար պետք է ընթանան ոչ թե հրեական պետության, այլ սեփական շահերի սպասարկման ճանապարհով եւ Թեհրանի հետ ուղիղ բանակցություններով քննարկեն նրա հետ հետագա հարաբերությունների հարցը: Իրանը նավթագազային լուրջ պաշարներ ունի եւ կարող է դառնալ տարածաշրջանային խաղաղության ու կայունության երաշխավոր՝ սահմանափակելով որոշ խաղացողների կողմից պլանավորված զարգացումները, որոնք համապատասխանում են ոչ միայն իսրայելա-ադրբեջանա-թուրքական եռյակի ձգտումներին:

Չպետք է մոռանալ, որ Մոսկվան Թուրքիային առաջարկել է գազային հանգույց դառնալ դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարման համար: Արեւմուտք-Իրան հակամարտությունը կնպաստի այս նախագծի իրականացմանը, ինչը չի համապատասխանում Արեւմուտքի քաղաքականությանը եւ Իրանի շահերին: Բայց ռուսական գազից իր կախվածությունը վերացնելու վճռականության մեջ Արեւմուտքը չի կարող համաձայնել՝ կախվածության մեջ լինելու Ռուսաստանից ու Թուրքիայից միաժամանակ, ինչպես նաեւ Անկարայի արբանյակ Բաքվից: Իրանի ու Արեւմուտքի հարաբերություններում հերթական ականների տեղադրումը բխում է նաեւ գազային հանգույցի ճարտարապետների հետաքրքրություններից: Իսկ վերջին իրադարձությունների ֆոնին Արեւմուտքը կոշտ հայտարարություններով պարզապես զգուշացնում է Թեհրանին՝ չմերձենալ Մոսկվային:

Նոր իրավիճակը նոր լուծումներ է պահանջում: Թուրքիայում հանգույցի ստեղծման մասին որոշումը հարավային ուղիներով ռուսական գազի մատակարարումների ծավալի ընդլայնմամբ կախված է միայն Եվրոպայի քայլերից, թե Հին աշխարհամասը որքանով ընդառաջ կգնա Մոսկվային: Առայժմ նման բան չկա: Եվրոպան նաեւ չի առաջարկում վերանորոգել «Հյուսիսային հոսքերը»: Ռուսաստանը, այո, հայտարարել է, որ պատրաստ է սկսել աշխատանքները, սակայն առանց ԵՄ-ի հետաքրքրվածության թուրքական գազային հանգույցը պարզապես ավելորդություն կդառնա: Հետեւաբար, Իրանի հետ հարաբերությունների վատթարացումը, ի վերջո, Արեւմուտքին կրկին կախվածության մեջ կդնի ռուսական գազից:

Նկատի ունենալով այս ամենը՝ քիչ հավանական է թվում, որ, անկախ այսօր քննարկվող թեմաներից, Եվրամիությունն ու ԱՄՆ-ը երկարաժամկետ հեռանկարում նախապատվությունը կտան Իրանի հետ առճակատմանը:

Երեկ պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը եւ հանդիպեց հայաստանյան իր գործընկեր Արարատ Միրզոյանի, ինչպես նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, իսկ այսօր Միրզոյանն ու Աբդոլլահիանը Կապանում ներկա կլինեն ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:

Իր հերթին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու «Զանգելանի միջազգային օդանավակայանի» բացմանը: Նրան ուղեկցող պատվիրակության կազմում է նաեւ Թուրքիաի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Այս այցելությունները նույնպես վկայում են, որ Իրանի շուրջ իրադարձությունների զարգացումը շարունակվում է՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի շահերը:

Թեգեր: ագրեսիաԱդրբեջանԱԹՍԱՄՆԶանգեզուրԻրանՀայաստանսահման
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
ԵԱՏՄ-ից Հայաստան ներմուծման դեպքում առեւտրային չափաքանակներ կսահմանվեն

ԵԱՏՄ-ից Հայաստան ներմուծման դեպքում առեւտրային չափաքանակներ կսահմանվեն

Արցախյան հակամարտության վրա «ձեռքեր տաքացնողները» շատանում են

Դարձ ի շրջա՞նս յուր

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist