Արցախը հավատարիմ է Անկախության հռչակագրին, Արցախում ապրող եւ արարող հայը մեկ անգամ եւս բարձրաձայնում է, որ ունի ինքնորոշվելու, իր ապագան կերտելու եւ սեփական տեսակը հայրենիքում պահպանելու իրավունք։
1990 թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Հայաստանի անկախության հռչակագիրը ոչ միայն իր անկախ պետությունը վերականգնելու հայ ժողովրդի դարավոր երազանքի արտահայտությունն էր, այլեւ նրա երկու հատվածների փաստացի միավորմանը իրավական տեսք տալու հայտ։ Հռչակագիրր հաստատում էր Հայաստանի վճռականությունը՝ Արցախն իր տարածքի անբաժանելի մասը ճանաչելու վերաբերյալ։ Անկախության հռչակագիրը հիմնվում էր Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա։
Մեր հայրենիքի բզկտված կտորները միավորելու պատմական հնարավորությունը մոռացվեց հետագա տարիների ընթացքում, ինչի համար այսօր ծանր գին ենք վճարում։ Բայց որոշումը կա, ուժի մեջ է, եւ այն պետք է միայն վեր հանել մոռացության, անտարբերության եւ վախերով ճնշված մեր գիտակցության միջից։ Մինչ աշխարհաքաղաքական տարբեր ուժերի համար Արցախի հիմնախնդիրը պարզապես հակամարտություն է, տարածքի, հաղորդակցությունների ապաշրջափակման կամ քաղաքական հետաքրքրություններ ու տնտեսական շահեր իրացնելու հնարավորություն, բայց Արցախում ապրող հայի համար՝ գոյության պայքար։ Որեւէ քաղաքական առանցք ի զորու չէ համոզելու, որ մենք՝ հայերս, իրավունք չունենք ապրելու եւ արարելու մեր հայրենիքի անկյուններից որեւէ մեկում, եթե իհարկե ինքներս չենք հրաժարվել այդ սուրբ իրավունքից ու պարտականությունից։
Կիրակի օրը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված բազմահազարանոց հավաքը վկայում է, որ արցախցին չի ուզում եւ չի էլ կարող համակերպվել Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական եւ վերջնական բռնազավթման հետ։ Սրանք պարզապես զգայական, էմոցիոնալ խոսքեր չեն, սա գոյության կռիվ է, ապրելու կամքի դրսեւորում։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ անընդունելի է ցանկացած առաջարկ, փաստաթուղթ, որտեղ Արցախը կդիտարկվի որպես Ադրբեջանի մաս. «Մենք մերժելու ենք ցանկացած նման առաջարկ, ու եթե այդպիսի առաջարկ տարբեր երկրներից մեզ ներկայացնեն, դիտարկելու ենք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում: Հավատացե՛ք, որ ի վիճակի ենք պաշտպանել Արցախը, կա՛ այդ ներուժը, այն յուրաքանչյուրիս մեջ է»,- նշեց նա:
Ավելի վաղ տեղի էր ունեցել արտահերթ նիստ Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ։ Նիստը մեկնարկել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ աշխարհի բոլոր երկրների առաջնորդներին ու ժողովուրդներին ուղղված ուղերձով. «Այս փոքրիկ աշխարհատարածքը վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք ապրելու ու գոյատեւելու իրավունքը: Որպեսզի արցախցին ապրի, արարի, ստեղծագործի իր հայրենիքում, ճանաչե՛ք նրա ինքնորոշման իրավունքը»: Արցախի օրենսդիր մարմնի ընդունած հայտարարության մեջ շեշտվում է. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, արտահայտելով Արցախի ժողովրդի հավաքական կամքը, հարկ է համարում այս բախտորոշ ժամանակահատվածում ի լուր աշխարհի արձանագրել եւ փաստել հետեւյալը. Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Հենց այս գաղափարը պետք է լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում։ Ցանկացած փորձ՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին, կհանդիսանա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում եւ հայ ժողովրդի նոր ցեղասպանության իրագործման պաշտոնական արտոնագիր, հետեւաբար նման բովանդակությամբ փաստաթղթերը Արցախի Հանրապետության համար անընդունելի են»։
Արցախի Հանրապետության խորհրդարանի հայտարարությունն ուղերձ է համայն հայությանը եւ աշխարհին, որ արցախցու ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չի կարող ունենալ։ Հետեւաբար մեր քաղաքական, իրավական միտքը, դիվանագիտական եւ տեղեկատվական ամբողջ ներուժը պետք է միտված լինեն մեր օրինական իրավունքները նաեւ միջազգային բոլոր հնարավոր իրավունքներով ամրագրելու գործին։ Ի վերջո, Արցախի հարց ասելով յուրաքանչյուրս պիտի գիտակցենք, որ այն մեր մասնատված հայրենիքը վերամիավորելու, դարավոր Հայկական հարցը լուծելու առաջին քայլերից մեկն էր եւ, ցավոք, այսօր էլ այն լուծելու պարտադիր քայլերից մեկն է։ Քայլեր, որոնք պետք է հետեւողականորեն իրականացվեն հանրային միասնության եւ միակամության օգնությամբ Արցախի հիմնախնդրի արդարացի լուծման համար։ Ադրբեջանն Արցախի հետ երբեւէ չի ունեցել եւ չի կարող ունենալ պատմական, իրավական կամ որեւէ այլ առնչություն, առավել եւս բարոյական։ Միգուցե հարց կառաջանա, թե ինչ կապ ունի բարոյականությունը քաղաքականության հետ, սակայն փաստենք, որ արդարության վրա հիմնված բարոյական լուծումների բացակայությունն է հանգեցնում պատերազմների ու երկարատեւ հակամարտությունների։