Իրանում սեպտեմբերի կեսերից շարունակվում են զանգվածային անկարգությունները եւ բողոքները, որոնք հիմնականում տեղի են ունենում Գիլյան, Խուզեստան, Սիստան եւ Բելուջիստան, Թեհրան ու Քուրդիստան նահանգներում: Իրանի իշխանություններն Արեւմուտքի երկրներին մեղադրում են բողոքներին աջակցության մեջ, որոնք իրենց ԶԼՄ-ներում տարածում են քայքայիչ, հակաիրանական բնույթի տեղեկություններ, որոնք պարունակում են նաեւ կոչեր՝ տապալելու երկրի իշխանություններին: Անկարգությունների մասնակիցները պարբերաբար հարձակվում եւ սպանում են անվտանգության ուժերի՝ ոստիկանության, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, ինչպես նաեւ ռազմական ամենախոշոր կառույցներից մեկի՝ Բասիջի աշխատակիցներին:
Նոյեմբերի սկզբներին ակտիվացել են հարձակման դեպքերը հոգեւոր անձանց, վանահայրերի եւ իրանական մզկիթների վրա երկրի ծայրամասային նահանգներում: Իրավապահ մարմինները զանգվածային ձերբակալություններ են կատարում այն անձանց շրջանում, ովքեր հավաքագրվել են արեւմտյան երկրների, Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությունների կողմից, ինչպես նաեւ գրեթե ամեն օր զենքի խմբաքանակներ են անցկացնում սահմանով անկարգությունների մասնակիցների համար:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն արդեն հայտարարել է, որ Իսրայելը եւ Արեւմուտքի երկրների որոշ քաղաքական գործիչներ պլանավորել են քաղաքացիական պատերազմ կազմակերպել Իրանում, որը կհանգեցնի երկրի փլուզմանը: «Իսրայելական ռեժիմը, ինչպես նաեւ արեւմտյան մի շարք քաղաքագետներ փորձեցին Իրանում քաղաքացիական պատերազմ կազմակերպել, որը պետք է հանգեցներ պետության փլուզմանը,- գրել է նա թվիթերյան իր էջում:- Սակայն նրանք պետք է հասկանան, որ Իրանը Լիբիան կամ Սուդանը չէ»:
Ըստ ճշգրտված տեղեկությունների՝ վերջին մի քանի օրվա ընթացքում պլանավորված հարձակումներ են իրականացվել զինվորականների ու ուժայինների նկատմամբ: Բողոքողների գրոհների զոհեր են դարձել սպաները: Թել Ավիվին Իրանում պետական հեղաշրջման մեջ մեղադրելու առիթ է դարձել Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բեննետի հայտարարությունը, որով նա լիակատար աջակցություն է հայտնել բողոքողներին: Ոմանք օրերս այրել են Իսլամական Հանրապետության հայր եւ հիմնադիր Խոմեյնիի տուն-թանգարանը: Հայտնի է, որ ծայրահեղականները զինված են եղել, ինչը վկայում է հաստատության վրա պլանավորված հարձակման մասին:
Հաշվի առնելով, որ Իսրայելում իշխանության է եկել Բենյամին Նաթանյահուն, ով հայտնի է Իրանի հարցում իր ծայրահեղական հայացքներով, Թեհրանի համար իրավիճակը կարող է նկատելիորեն բարդանալ, ինչը քաղաքական էսկալացիայի ֆոնին ռազմական հակամարտության իրական սպառնալիք է ստեղծում:
Թել Ավիվի կարեւոր գործընկերներից մեկը Բաքուն է, որը որոշել է դեսպանություն հիմնել Իսրայելում: Վարչապետ Յաիր Լապիդը ողջունել է Բաքվի այդ որոշումը:
«Դեսպանության բացման մասին որոշումն արտահայտում է երկու երկրների միջեւ հարաբերությունների խորությունը: Այդ քայլը մահմեդական աշխարհի հետ ամուր քաղաքական կամուրջներ կառուցելու իսրայելական կառավարության ջանքերի արդյունք է»,- նշել է կառավարության ղեկավարը: Լապիդը շնորհակալություն է հայտնել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Ադրբեջանի բնակչությանը, որն առաջին անգամ Իսրայելում ներկայացված կլինի դեսպանության մակարդակով:
Արդեն մի քանի ամիս Ադրբեջանը բացահայտ թշնամական կեցվածք ունի Իրանի նկատմամբ, պայմանագիր է ստորագրել Իսրայելի հետ ռազմական համագործակցության ու այդ շրջանակներում պլանավորվող գործողություններին համատեղ մասնակցության մասին, նույն Ալիեւի մակարդակով տարածքային պահանջներ է ներկայացրել Իրանին: Թեհրանում երկրի խորհրդարանի պատգամավորները դաժան քննադատության են ենթարկել Ալիեւի հայտարարությունները՝ վերջինիս նույնիսկ խորհուրդ տալով պատմություն սովորել եւ ծանոթանալ Գյուլիստանի պայմանագրին: Եվ ահա այս իրավիճակում Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նոյեմբերի 21-ին հայտարարել է, որ Թեհրանի ուժն ուղղված է ոչ թե իր ընկերների, այլ Իրանի ու Ադրբեջանի, ինչպես նաեւ շիական տերության մյուս հարեւանների թշնամիների դեմ: Որոշ շրջանակների համար, այդ թվում՝ նաեւ Հայաստանում, այս հայտարարությունը սառը ցնցուղ է, բայց դա՝ միայն առաջին հայացքից: Երկրում տեղի ունեցող անկարգությունները կարող են վերաճել քաղաքացիական պատերազմի, եւ Իրանն այժմ փորձում է խանգարել Ադրբեջանին ու չթույլատրել, որպեսզի Ալիեւը իր տարածքը պլացդարմ դարձնի հակաիրանական ուժերի, այդ թվում՝ Իսրայելի համար: Այս քաղաքականության շրջանակներում կարող են նաեւ այսպիսի շոյիչ հայտարարություններ հնչել, հարցն այն է միայն, թե հիմա դա որքանո՞վ կարող է արդյունավետ լինել:
«Ադրբեջանական ժողովուրդը մեր աչքի լույսն է: Վերջին շաբաթներին ինչ-որ մեկն անգիտակցաբար, ինչ-որ մեկն էլ՝ կողմնակալ կերպով լուրեր են տարածում, թե Իրանը ցանկանում է պատերազմել Ադրբեջանի Հանրապետության հետ: Դա ստոր զրպարտություն է Իրանի հասցեին: Իրանը չի պատրաստվում հարձակվել որեւէ տերության վրա, ներառյալ՝ իր հարեւանները, լինի Կովկասում, թե որեւէ այլ տեղում»,-վստահեցրել է Վելայաթին: Նրա խոսքով՝ Իրանն ուզում է միայն, որ տարածաշրջանի երկրները ապրեն բարեկեցիկ կյանքով ու չհավակնեն մյուս պետությունների տարածքներին: «Եթե Ադրբեջանը հարձակման ենթարկվի, ապա Իրանը կպաշտպանի նրան: Մենք չենք փորձում խախտել սահմանները եւ ինչ-ինչ տարածքներ զբաղեցնել: Ադրբեջանի ժողովուրդը ղեկավարում է իր երկիրը, եւ այդպիսի անտեղի բառերն ու մեղադրանքներն անհիմն են, եւ թող իմանան Իրանի ու Ադրբեջանի թշնամիները, որ այդ ուղղությամբ իրենց ջանքերն ապարդյուն կլինեն»,- ասել է նա:
Նշենք, որ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները սրվեցին հատկապես այն բանից հետո, երբ հոկտեմբերի սկզբին Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը ժամանեց Բաքու: Լարվածությանը նպաստեցին նաեւ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հայտարարությունները՝ կապված այսպես կոչված «Նախիջեւանի միջանցքի» հետ՝ Հայաստանից արտատարածքային միջանցք պոկելու եւ Ադրբեջանից Նախիջեւանի հետ կապվելու համար:
Հասկանալի է, որ այս իրավիճակում, երբ Իրանի թշնամիները միավորվում են Ադրբեջանում՝ Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու համար, Ալի Աքբար Վելայաթին փորձում է շոյել Ադրբեջանին՝ հակաիրանական հետագա զարգացումները կանխելու նպատակով: Նրանց դեմ, իհարկե, Թեհրանը լրջորեն պետք է պայքարեր դեռ 2020 թ. աշնանը, երբ Արցախյան 44-օրյա պատերազմում Իսրայելն Ադրբեջանին ցուցաբերած օգնության շնորհիվ ներխուժում էր Ադրբեջան ու Իրանի դեմ դիրքավորվում էր Ջրականում, այլ ոչ թե շնորհավորեր Բաքվին: Սա ճակատագրական վրիպում էր. հնարավոր չէր չհասկանալ, որ «կարմիր գծին» մոտեցողներն այն հատելու նպատակ են ունենում եւ մի օր անպայման կկատարեն այդ քայլը: Այսօր տեղի ունեցող իրադարձությունները Բաքվին հնարավորություն են տալիս առաջ մղել թուրքական օրակարգը՝ տարածքային պահանջներ ներկայացնելով Իրանին՝ կապված Ատրպատականի հետ, եւ Բաքուն այդպիսի առիթը բաց չի թողնի: Իրանն այլ տարբերակ չունի եւ պետք է տրամադրվի կոշտ պայքարի՝ հնարավորինս արագ չեզոքացնելով երկրում քաղաքացիական պատերազմ հրահրող ուժերին:
Անկախ Իրանի փորձերից՝ Բաքվին պահելու իր տեսադաշտում, զարգացումներն այնպիսի ընթացք են ստացել, որ Ադրբեջանի ղեկավարությունը սեփական տարածքում այլեւս ոչինչ չի որոշում: Թուրքիան ու Իսրայելն են մշակում Իրանի վրա հարձակման օրակարգը, իսկ Բաքուն սոսկ միջոց է եւ ուրիշ ոչինչ: Ասվածը ապացուցվում է նաեւ այն փաստով, որ օրերս Ադրբեջանի ու Իսրայելի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Բենի Գանցը հեռախոսային զրույցի ընթացքում քննարկել են Բաքվի ու Թել Ավիվի ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները: «Հեռախոսային զրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների վերաբերյալ»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:
Գանցը, իր հերթին, նշել է, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները հիմնված են բարեկամության ու փոխադարձ վստահության վրա, նաեւ շնորհակալություն է հայտնել Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանություն բացելու որոշման համար: