Մի քանի օր առաջ պարզվեց, որ Ադրբեջանում նաեւ բնապահպանությամբ են «հետաքրքրված», եւ հիմա բոլոր երգերը երգել ու «մտահոգվել են» Արցախի բնապահպանությամբ։ Իսկ դրա համար պետք էր «մարդասիրաբար» փակել Արցախի կյանքի ճանապարհը:
Նավթարդյունահանման գերշահավետ բիզնեսի նպատակով աշխարհի ամենատես աչքի առաջ Կասպից ծովի հերն անիծելու, Արցախի բնությանը եւ նրա բնակչությանն աղետի առաջ կանգնեցնելու ակնհայտ պարագայում այդ երկիրը բնապահպանական «մուղամներ» է երգում։ Նույնքան ակնհայտ է, կամ, ինչպես ճիշտ բնորոշվում է ռուսերեն հայտնի արտահայտության բառացի թարգմանությամբ, «ոզնուն էլ հասկանալի է», որ իրականում ոչ մի բնապահպանության հարց էլ չկա։ Կա ադրբեջանական հերթական սադրանք, հերթական թատրոն ու հերթական պարզունակ «շուստրիություն», որի իրական թիրախը հայկական Արցախն է։
Օրեր առաջ տեղի ունեցած ադրբեջանական հիշյալ «բնապահպանական» սադրանքը՝ ի դեմս դեպի Հայաստան եկող ճանապարհը փակելու, առայժմ արտաքուստ սուտ «բնապահպանական» խնդիր է, հետո կարող է դառնալ հումանիտար աղետ, հետո՝ հնարավոր ռազմական կոնֆլիկտ, հետո՝ հնարավոր պատերազմ, հետո՝ վերածվել դրա հնարավոր հետեւանքների… Եվ այս ամենը՝ ոչ պատահականորեն հենց դեկտեմբերի 10-ի նախաշեմին. 1991 թ. այդ օրն Արցախի ժողովուրդը հանրաքվեով «այո» ասաց անկախությանը: Արցախի Սահմանադրությունը 2006 թ. նույնպես ընդունվել է դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը փորձում է Արցախի քաղաքացիներին հումանիտար աղետի ենթարկելով եւս մի քայլ անել դեպի սովորական ցեղասպանություն։ Հիշեցնենք, որ Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից ընդունվեց դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի, արժանապատվության եւ ցեղասպանության հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին բանաձեւը… Իսկ ՄԱԿ-ը կարծես թե այնքան էլ չի տեսնում Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների իրավունքների ոտնահարումները:
Չի բացառվում, որ Արցախի ճանապարհը զավեշտական պատրվակով (զավեշտական՝ այս անգամ) փակելով՝ Ադրբեջանը հերթական սադրանքն է նախապատրաստում իր համար կարեւոր կռապաշտական տարելիցի նախօրեին. բանն այն է, որ դեկտեմբերի 12-ին հեյդար ալիեւի մահվան տարելիցն է… Իսկ, մեծ հաշվով, կրկին չի բացառվում, որ իլհամ հեյդարի ալիեւը փորձում է Արցախում դեկտեմբերյան սադրանքներ եւ միգուցե նաեւ բախումներ հրահրելով ինքն իրեն նվեր անել՝ դեկտեմբերի 24-ի իր ծննդյան օրվանից առաջ….
Ամեն դեպքում, անկախ այս ենթադրություններից, հստակ է մի բան՝ Ադրբեջանը շարունակում է հանցավոր ահաբեկչական գործելակերպով, տարբեր պատրվակներով «հարամել» Արցախի ժողովրդի կյանքը՝ դա համեմելով ուղեկից կեղծ հաղորդագրություններով, սադրիչ գործողություններով, կրակոցներով… Այս պարագայում առավել քան հրատապ է դառնում Արցախի, արցախցու անվտանգության հարցը, որը նաեւ ողջ միջազգային հանրության արժանապատվության հարցն է: Այլապես ստացվում է, որ խաղաղության կողմնակից մի ողջ միջազգային հանրություն չի կարողանում քաշել խաղաղությանը սպառնացող եւ խաղաղությունը բացառող Ադրբեջանի սանձերը։ Իսկ միգուցե չի՞ ուզում, որովհետեւ կան մշտական շահեր, եւ չկան մշտական բարեկամներ…
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ