Ադրբեջանի իշխանությունները մտադիր չեն հրաժարվել իրենց հայատյաց քաղաքականությունից եւ շարունակում են սպառնալիքների միջոցով վախի մթնոլորտ ստեղծել Արցախի բնակչության շրջանում՝ դիմելով ամենատարբեր սադրանքների: Դեկտեմբերի 3-ին ԱՀ տեղեկատվական շտաբը լուր տարածեց, որ կեսօրին «բնապահպանական պատճառաբանությամբ» քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ակնհայտ է, որ այդ քայլով Ադրբեջանը սադրանքի է դիմել՝ ընդհատելով Հայաստանի եւ Արցախի միջեւ միակ ցամաքային կապը եւ, փաստորեն, խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու նպատակով, ինչը կարելի է ընկալել նաեւ հարված ռուս խաղաղապահ առաքելությանը:
ԱՀ արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ «Ադրբեջանցիների նմանատիպ սադրանքներից պետք չէ զարմանալ, քանի որ նրանցից ամեն ինչ սպասելի է: Ամեն կերպ փորձում են ահաբեկել ժողովրդին, համառորեն առաջ տանել իրենց հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը՝ խախտելով միջազգային նորմերը»: Նրա խոսքով՝ այդ ամենից միջազգային հանրությունը հստակ հետեւություններ պիտի անի, ճնշի Ադրբեջանին: Պետք է ձեռնարկվեն բոլոր քայլերը, դատապարտվեն Բաքվի անմարդկային հանցավոր գործողությունները:
«Միջազգային կառույցների կողմից պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն Ադրբեջանի ահաբեկչական մարդատյաց քաղաքականությունը սանձազերծելու ուղղությամբ,- ասում է Դ. Բաբայանը:- Կեղծիքներ, ստահոդ լուրեր են տարածում, թե այս ճանապարհով զենք-զինամթերք են տեղափոխում հայերը: Տարբեր պատրվակներ են հորինվում: Իսկ նպատակը մեկն է՝ ամեն կերպ ապակայունացնել իրավիճակը Արցախում, վախեցնել մարդկանց, որ արտահոսք լինի, որ հարված հասցնեն Ռուսաստանին, միջազգային հանրությանը, քաղաքակիթ աշխարհին: Կրկնում եմ՝ սա մանրակրկիտ մշակված պետական քաղաքականություն է՝ միտված Արցախի հայաթափմանը»:
Նշենք, որ միջադեպի մասին ԱՀ իշխանություններն անմիջապես տեղյակ են պահել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Ադրբեջանական կողմի, ավելի ճիշտ՝ «խաղաղ ադրբեջանցիների հետ» գրեթե 3 ժամ տեւած բանակցությունների արդյունքում, որին մասնակցել են զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Յուրի Վոլկովը եւ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, գոցված ճանապարհը վերստին բացվել է:
Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի կարծիքով՝ ադրբեջանական կողմի հանցանքի նպատակն բնակչության շրջանում ամեն կերպ խուճապ տարածելն է, Արցախը հայաթափելը: Ըստ պատգամավորի՝ չի բացառվում, որ նույնատիպ սցենարները կկրկնվեն: Նա վստահ է, որ բնապահպանական հարցերն ընդամենը պատրվակ են, եւ «Ադրբեջանը ձգտելու է Նախիջեւանի հայաթափման սցենարը կրկնել»:
Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը եւ 120 հազար բնակչություն ունեցող Արցախն աշխարհից կտրելն ԱՀ արտգործնախարարությունը ցեղասպանության տարր է որակել եւ միջազգային հանրությանը կոչ արել՝ «զսպել Բաքվի ցեղասպան քայլերը»: Նման սադրանքները բացառելու կոչով միջազգային կազմակերպություններին են դիմել նաեւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ու առողջապահության նախարարությունը:
Որ ադրբեջանցիները մտադիր չեն հրաժարվել Արցախի ժողովրդի հանդեպ ունեցած ատելությունից եւ թշնամանքից, այդ իրողությունը նրանք հաստատեցին դեկտեմբերի 4-ին՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով ադրբեջանական բեռնատարաների շարասյան երթեւեկության ժամանակ արձանագրված սադրիչ նոր գործողությամբ:
Ինչպես նշվում է ԱՀ ներքին գործողությունների նախարարության հաղորդագրության մեջ, Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի տարածքում տեխնիկական պատճառներով շարասյունը կանգ է առել: Մարդատար մեքենայում գտնվող ադրբեջանցիները դուրս են եկել մեքենայից եւ սանձարձակ ու սադրիչ վարք դրսեւորել տեղում գտնվող հայ երիտասարդների նկատմամբ՝ ծաղրելով ու վիրավորելով նրանց: Վիճաբանության ընթացքում ադրբեջանցիները բռնություն են գործադրել հայ երիտասարդների հանդեպ: Վեճը դադարեցնելու նպատակով՝ որոշ ժամանակ անց տեղանք են ներկայացել երիտասարդների հարազատները: Այդ ընթացքում կողմերը քաշքշել են միմյանց: Միջադեպի մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ:
Ըստ տեղեկությունների՝ մարդատար մեքենայում գտնվող անձինք ադրբեջանական զինված ուժերի եւ ռազմական ոստիկանության ծառայողներ են եղել: Մինչդեռ համապատասխան կարգի համաձայն՝ ռուս խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ նշված երթուղու կազմակերպումը պետք է ունենա միայն հումանիտար նպատակներ: Միջադեպի վերաբերյալ տեղեկացված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, եւ ԱՀ ՆԳՆ ոստիկանության հետ «միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»:
Արդյոք ադրբեջանական կողմից իրադրությունն Արցախում (տարածաշրջանում) սրելուն միտված հանցավոր քայլերը սրանով կվերջակետվեն: Դժվարանում ես հավատալ, քանի որ ակնհայտ է դառնում, որ բոլոր սպառնալիքները Բաքվից են ուղղորդվում եւ համակարգվում…